Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ տարածքում մեկնարկեցին հայ-ամերիկյան տասնօրյա զորավարժությունները` Eagle Partner անվան տակ, որոնք ջղագրգիռ ռեակցիա են առաջացրել տարածաշրջանում։ Չնայած հայտարարվել էր, որ դրանք զուտ խաղաղապահ բնույթի են՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում հմտությունների զարգացմանն ուղղված, որի ընթացքում միայն հրաձգային զինատեսակներ են գործարկվելու, չի լինելու ծանր տեխնիկա, բայցեւայնպես, Իրանի, ՌԴ-ի տարբեր գործիչներ սրա համար քննադատեցին Հայաստանին։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ զորավարժությունները տագնապ են առաջացնում, եւ հիշեցրեց այս տարի նախանշված, բայց հայկական կողմի նախաձեռնությամբ չեղարկված ՀԱՊԿ զորավարժությունները։ ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ դժգոհեց, որ այսկերպ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս։ «Չեմ կարծում, որ դա լավ է որեւէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Որտեղ էլ հայտնվել են ամերիկացիները, գիտեք՝ նրանք հարյուրավոր բազաներ ունեն աշխարհով մեկ, դա լավ բանի չի հանգեցրել»,- զգուշացրեց նա՝ ավելացնելով, որ երբ Հայաստանին հարցնում են, թե ինչու է շփվում ամերիկացիների եւ եվրոպացիների հետ, որոնք Ադրբեջանին չեն դատապարտում, Երեւանը պատասխանում է, որ իր դաշնակից ՀԱՊԿ-ն էլ չի դատապարտում: ՌԴ արտգործնախարարը սա համարում է տարօրինակ, պարզունակ տրամաբանություն։ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերն էլ սեպտեմբերի 10-ի ճեպազրույցում ժխտեց, որ հայ-ամերիկյան զորավարժանքը նախատեսված է՝ ինչ-որ կերպ կանխելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը․ «Սա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որեւէ իրադարձության հետ»։ Սա ինչ-որ արտառոց իրադարձությո՞ւն է, նախկինում եւս նման միջոցառումներ եղել են, բայց այսպիսի աղմուկ չի եղել՝ հարց ուղղեցինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։
- Նախկինում էլ են նման զորավարժություններ եղել, սակայն այս զորավարժությունները պետք է դիտարկենք աշխարհաքաղաքական գործընթացների կոնտեքստում։ Երբ որ սրվում, բարդանում են հայ-ռուսական հարաբերությունները, երբ որ Իրանից ակնհայտ մեսիջներ են գալիս, որ իրենք չեն հասկանում Հայաստանի քաղաքականության տրամաբանությունը, ապա, բնականաբար, զորավարժություններն ու դրանց մասին նման հայտարարություններն այլ երանգ են ստանում։ Իրանում մտահոգված են, որ Հայաստանը դրսի ուժեր է բերում տարածաշրջան, նաեւ նկատի ունեն ԵՄ դիտորդներին։ Ռուսաստանը եւս մի քանի անգամ հայտարարել է, որ Արեւմուտքը փորձում է իրեն դուրս մղել Հարավային Կովկասից, ու նաեւ գործող իշխանության քաղաքականությունը մտնում է այդ տրամաբանության մեջ։ Պետք է ուղղակի ուշադիր հետեւել գործող վարչապետի, ՔՊ պատգամավորների հայտարարություններին, այդ ամենը գումարվելով՝ բերում է նրան, որ այս զորավարժությունների նկատմամբ նման ուշադրություն է դրսեւորվում։ Եթե ուշադրություն դարձնենք այս մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից հնչած, նաեւ Իրանի տարբեր պաշտոնյաների ու վերլուծաբանների հայտարարություններին, ապա ասվում է, որ բերվում են Արեւմուտքի ուժեր նաեւ Հայաստան: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է։ ՌԴ առաջին դեմքը, ԱԳ նախարարը, խոսնակը, Պետդումայի պատգամավորներ, քաղաքագետներ՝ այդ հայտարարությունն անընդհատ արել են, որ Արեւմուտքը փորձում է իրենց դուրս մղել Հարավային Կովկասից, իսկ դա նշանակում է ուժեղացնել թուրքական աշխարհը, այն Իրանի դեմ պատերազմի տանել, հետագայում` նաեւ Ռուսաստանի։ Դրա համար պետք է թուրքական աշխարհն ուժեղացվի, եւ ճանապարհ անցնի Սյունիքով։ Այսինքն՝ այդ գործի համար զոհաբերվում է Հայաստանը։
- Ռուսաստանը դժգոհ է։ Ի՞նչ հետեւանք կարող է սա ունենալ։ Ռուսաստանն ինչ-որ ձեւով կխստացնի՞ մեր հանդեպ վերաբերմունքը, թե՞ հակառակը՝ կհասկանա, որ պետք է ավելի ակտիվ լինի՝ որպես մեր գործընկեր։
- Ես չեմ կարծում, որ դա տարօրինակ ու պարզունակ քաղաքականություն է։ Հիշենք, որ 2017 թվականին, երբ ձեւավորվեց «Ելք» դաշինքը, այն խորհրդարանում հանրային լսումներ կազմակերպեց, որոնց ընթացքում հստակ դրեցին իրենց խնդիրը՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, դառնալ ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ։ Թե ոնց են դառնալու ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ, մենք չգիտենք, համենայնդեպս, ունենք Եվրոպայի կենտրոնում գտնվող Ուկրաինայի փորձը եւ Սեւ ծովի ափին գտնվող Վրաստանի փորձը եւ տեսնում ենք, թե ինչ հետեւանքներ ունեցավ իրենց համար։ Մեր դեպքում արդեն ոչ միայն Ռուսաստանն է դժգոհ, այլեւ՝ Իրանը եւ Թուրքիան, որը եւս բացասական է վերաբերվում, երբ Ռուսաստանի եւ Իրանի ներքին բակում արեւմտյան ուժեր են հայտնվում, նաեւ՝ իսրայելական։ Չնայած Ադրբեջանը դա ողջունում է, Թուրքիայում բոլորը չեն դա ողջունում եւ կանխատեսում են, որ դա երկրորդ ճակատ բացելու խնդիրն է, այսինքն՝ տարածաշրջանն այրել եւ բոլոր այդ երկրների համար պրոբլեմ ստեղծել։ Բնականաբար, այդ ուժերը դրան խոչընդոտելու են բոլոր եղանակներով։ Եվ այդ առումով, քանի որ Արեւմուտքի խնդիրն է, որ առնվազն Սյունիքը մտնի թուրքական եւ ադրբեջանական վերահսկողության տակ, տվյալ դեպքում Ադրբեջանն իրենց դաշնակիցն է, եւ որքան էլ տարօրինակ հնչի, Ադրբեջանն իրենց համար ավելի կարեւոր դաշնակից է, քան նույն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այստեղից էլ արդեն պետք է հասկանալ արեւմտյան քաղաքականության դրսեւորումները, որոնց մասին Դուք նշեցիք։
- Այդ զորավարժությունների իմաստը, ըստ Ձեզ, ո՞րն է։ Իրո՞ք դրանք կարող են զսպել Ադրբեջանին, թե՞ ընդամենը հերթական ուսուցողական վարժանքն է։
- Շատերը երբ խոսում են զորավարժությունների մասին, դիտարկում են այն պահը, թե արդյոք այդ զորքերը կամ Արեւմուտքի ներկայությունը կապահովե՞ն Հայաստանի անվտանգությունը: Չեն խոսում այդ ամենի մի կարեւոր կողմի մասին։ Դա այն է, որ զորավարժությունների ժամանակ, որին մասնակցում են նաեւ ՀՀ սպաներն ու զինվորականները, նրանք, համագործակցելով իրենց արեւմտյան կոլեգաների հետ, արդեն ունենում են կողմնորոշում դեպի այդ երկրները, եւ շատ դեպքերում նաեւ գործակալական ցանց է ձեւավորվում, որը շատ բնական պրոցես է։ Եվ կարեւոր է, թե որ սպան որտեղ է ուսուցանել` ՌԴ-ո՞ւմ, թե՞ Արեւմուտքում, եւ, բնականաբար, ունենում է այդ երկրների կողմնորոշումը։ Նաեւ մենք գիտենք, թե Բրիտանիան ինչ աջակցություն է ցուցաբերել 44-օրյա պատերազմում Ադրբեջանին եւ դրանից հետո։ Շատ տարօրինակ էր, երբ մոտ 2 տարի առաջ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ բրիտանացի սպաները ՊՆ-ում հայ սպաների մարզանքներն են կազմակերպում։ Այսինքն՝ թշնամի երկրի համար աշխատող երկրի ռազմական փորձագետները հայ սպաների համար ինչ-որ մարզումներ են անցկացնում։ Սա, իհարկե, նաեւ այդ գործակալական ցանցի կամ ազդեցության ձեւավորման գործընթաց է եւ սա ավելի կարեւոր է, քան բուն վարժանքները։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։