կարևոր
2509 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-06 21:16
Հասարակություն

Հայաստանում առաջին անգամ անց է կացվել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի աշխատանքային խմբի աշխատաժողովը

Հայաստանում առաջին անգամ անց է կացվել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի աշխատանքային խմբի աշխատաժողովը

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) անդամ երկրների երկու տասնյակից ավելի պատվիրակներ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով ժամանել են Երևան՝ հոկտեմբերի 4-ից 6-ը մասնակցելու ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովին, որն առաջին անգամ անց է կացվում Հայաստանում։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Լիտվիայից, Պորտուգալիայից, Հունաստանից և եվրոպական այլ երկրներից։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։ Վերջինս երախտագիտություն հայտնեց «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի նախագահ Իզոլդա Վագներին և փոխնախագահ Դագմար Բոսսին համատեղ ջանքերով աշխատանքային խմբի 24-րդ հանդիպումը Երևանում իրականացնելու համար՝ շեշտելով ENFSI-ի կազմում  նմանատիպ միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության միջոցով մասնագիտական լայն շրջանակների համախմբման, գիտելիքների և գիտամեթոդական մոտեցումների փոխանակման արժանի հարթակի ստեղծման կարևորությունը, որը միտված է դատափորձագիտական ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովմանը։

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ լիիրավ անդամը, մշտապես ձգտում է կատարելագործել իր փորձագիտական անձնակազմի հմտությունները, ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը միջազգային մասնագիտական աշխատախմբերում, արդյունավետ կիրառել նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացմանը, իրականացվող փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ստացմանը։ Դատափորձագիտական ոլորտում մեր կազմակերպությանն արդեն իսկ հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների՝ շնորհիվ միջազգային լավագույն փորձի տեղայնացման, ժամանակակից նորագույն սարքավորումների և ծրագրային ապահովումների ներդրման, ինչպես նաև նոր մեթոդների և մեթոդիկաների մշակման և արդյունավետ կիրառման։ ENFSI-ի կազմում գործող կազմակերպությունների փորձառու մասնագետների հետ մասնագիտական սերտ շփումները մեզ համար չափազանց կարևոր են հետագա համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար»,-իր խոսքում նշեց կառույցի ղեկավարը։

Արգամ Հովսեփյանի խոսքով՝ Դատափորձագիտական գործունեության արդիական ուղղություններից մեկը համարվող Խոսքի և աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների ոլորտը պետք է համարժեք զարգացնի իր հնարավորությունները՝ անհերքելի փաստերի արձանագրման միջոցով աջակցելով իրավական գործընթացներին։

«Այս ոլորտի գործունեությունը հատկապես կարևոր է պատերազմական հանցագործություններին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման՝ այդ թվում ռազմագերիների և հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած քաղաքացիական անձանց նույնականացման, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային նորմերի խախտումների փաստերի հարցերով, ինչպես նաև կյանքի իրավունքի պահպանման խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ գանգատների նախապատրաստման համար»,-ասաց Բյուրոյի տնօրենը։

Արգամ Հովսեփյանը հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի նախանշել գործնականում ի հայտ եկող կարևոր խնդիրների լուծման արդյունավետ հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը՝ եվրոպացի գործընկերներին ծանոթացնելով համանուն ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու  ձեռքբերումները։

«Ստորաբաժան հիմնադրումից մինչ օրս մեր փորձագետների կողմից իրականացվել են 1500-ից ավելի փորձաքննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են մոտ 10000 օբյեկտներ: Փորձագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրվում, ինչպես նաև կիրառվում են ժամանակակից փորձագիտական պրակտիկայում օգտագործվող թվային տեխնոլոգիաները և ծրագրային ապահովումները: Ձայնագրությունների որակի լավացման համար ևս կիրառվում են նորագույն ավտոմատացված համակարգեր և դրանց հիման վրա մշակված մեթոդներ:  Համալիր փորձաքննությունների շրջանակներում, կախված խնդիրների լուծման նպատակներից, կատարվում է նաև ձայնային ազդանշանների և միջավայրի սպեկտրալ վերլուծություն»,-նշեց Բյուրոյի ներկայացուցիչը։

Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում` համաձայն օրակարգի,  զեկույցներով հանդես եկան նաև եվրոպական մի շարք երկրների փորձագետներ՝ ներկայացնելով իրենց երկրների դատափորձագիտական կառույցներում խոսքի և աուդիո և տեսաձայնագրությունների փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները, համանուն ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններն ու կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները։ Աշխատանքային խմբի անդամներն արդյունավետ քննարկումներ ծավալեցին ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ անդրադառնալով ոչ ստանդարտ աուդիո և տեսաձայնագրային փորձաքննություններին, միջամտության ենթարկված աուդիո և վիդեո ֆայլերի հետազոտմանն ու արդյունքների վերլուծությանը, խոսքից կտրված (սինթեզված) բովանդակության հայտնաբերման համար վստահելի մեթոդաբանության  մշակման մեխանիզմներին և ոլորտի այլ կարևոր հարցերի։

Աշխատաժողովի շրջանակներում ENFSI-ի աշխատանքային խմբի անդամները շրջայց կատարեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյում` տեղում ծանոթանալով առկա փորձագիտական հնարավորություններին և ձեռքբերումներին` իրականացնելով նաև փորձի փոխանակում։ Կլոր սեղան-քննարկման ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ նաև բյուրոյի անձնակազմի և եվրոպացի փորձագետների միջև։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեց հետագա  համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։