կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-24 19:22
Հասարակություն

Որևէ մեկն իրավունք չունի արդարացնել հայկական բնակավայրերի ցանցի այսպիսի ոչնչացումը. Մ. Մալխասյան

Որևէ մեկն իրավունք չունի արդարացնել հայկական բնակավայրերի ցանցի այսպիսի ոչնչացումը. Մ. Մալխասյան

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը գրում է.

«ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
 
Երեկ շրջանառության մեջ դրվեց, ի կատարումն ՀՀ, ՌԴ և ԱդՀ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության, Արցախի տարածքից Ադրբեջանին հանձնվող բնակավայրերի ցանկը։ Նույնիսկ մինչև այդ` նախորդ օրը, ՌԴ ՊՆ հրապարակած թարմացված քարտեզից կարելի էր արդեն եզրակացնել, որ Արցախի Հանրապետության բնակավայրերի մեկ երրորդից ավելին, իսկ համայնքային հաշվարկման դեպքում` գրեթե կեսը, անցնում են թշնամու ձեռքը։ Հիմա ինչքան էլ փորձեն քարոզչական հնարներով հիմնավորել, թե այդ բնակավայրերում բնակչության թիվը կամ խտությունն ավելի փոքր է, քան մեզ (կամ ՌԴ-ին) մնացած հատվածում, միևնույն է` դա արդարացում չի կարող լինել ոչ մի դեպքում։ Փաստը մնում է փաստ, որ ավելի քան 120 հայկական բնակավայրեր (հայկական ամբողջ բնակֆոնդի (ՀՀ+Արցախ) շուրջ 9%-ը) հայաթափվում են, և այս աղետը տեղի է ունենում ոչ թե հեռավոր անցյալում, այլ հենց այս պահին ու բոլորիս աչքի առաջ։ Ու որևէ մեկը իրավունք չունի արդարացնել հայկական բնակավայրերի ցանցի այսօրինակ ոչնչացումը։ Համեմատության համար նշեմ, որ ՀՀ Տավուշի և Վայոց ձորի մարզերում, միասին վերցրած, բնակավայրերի թիվը հազիվ անցնում է 100-ից։ Առհասարակ, ՀՀ որևէ մարզում, առանձին վերցրած, բնակավայրերի թիվը չի հասնում 120-ի։
 
Իսկ զուգահեռ իրականությունում ոմն մեկը շարունակում է մեզ հպարտ կոչել, մեղավոր է համարում բոլորին (երևի նույնիսկ Հայկ նահապետին ու Երվանդ Ա Սակավակյացին), չի պարզաբանում եռակողմ հայտարարության իրավական կարգավիճակը (ուշադրությո'ւն` այն համաձայնագիր կամ պայմանագիր չէ), առավել ևս` չի ընդունում աղետի գոյությունը (նույնիսկ ճգնաժամ չի համարում)...»: