կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 14:58
Հասարակություն

Աստված տվել է, Աստված էլ կպահի. հնգյակ ունեցած ընտանիքը հույս ունի` տան խնդիրը կլուծվի

«Էրեբունի» հիվանդանոցի ծննդօգնության բաժնում իրարանցում է. հիվանդանոցի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է` հնգյակ է ծնվել:

Երիտասարդ ամուսինները` Վարդան Կարապետյանը /24 տարեկան/ և Լուսինե Պողոսյանը /23 տարեկան/, դեռ շոկի մեջ են: 4 աղջիկ և 1 տղա, որոնց անուններն արդեն որոշել են` Աննա, Թեհմինե, Ռոզի, Լիլիթ և Արա:

Վարդան Կարապետյանն ասում է, որ երբ կինը 3 ամսական հղի է եղել, հերթական ստուգման ժամանակ են իմացել, որ հնգյակ են ունենալու: «Սկզբում բժիշկներն ասացին, որ եռյակ ենք ունենալու, բայց երկրորդ ստուգման ժամանակ արդեն պարզ դարձավ, որ հնգյակ է: Սկզբում ուղղակի մի քիչ անհավատալի էր, իսկ հիմա ուրիշ է: Վախեր ընդհանրապես չունեմ, թե ոնց եմ երեխաներիս մեծացնելու` Աստված տվել է, Աստված էլ կպահի: Դաստիարակության հարցում նույնպես չեմ նեղվի` ծնողներս, կնոջս ծնողները կօգնեն»,- ասաց նա:

Այն, որ երեխաներից 4-ն աղջիկ են, հոր համար ամենևին էլ նշանակություն չունի, ինչպես Վարդանն է նշում` երեխայի սեռն իր համար որևէ բան չի նշանակում, միայն թե առողջ մեծանան:

Երիտասարդ ընտանիքը Մեծամորում է ապրում` վարձով: Նորածինների հայրն ասում է, որ տանը միայն ինքն է աշխատում` վարկային կազմակերպություններից մեկում: «Լավ կլինի, հույս ունեմ, որ պետությունն ինչ-որ չափով կօգնի, ես էլ կաշխատեմ ու ընտանիքս կպահեմ: Հանրակացարանում ենք ապրում. ծնողներս մեզնից մեկ հարկ ներքև են, իսկ մեր սենյակը 16 քմ է, ուր միայն գիշերն ենք գնում` ամբողջ օրը ծնողներիս հետ ենք: Միայն բնակարանի հարցն է հիմա մի քիչ մտահոգում, մնացածին կամաց-կամաց կհասնենք»,- ասաց Վարդանը:

Նորածինների հերոս մայրիկը` Լուսինե Պողոսյանը, նշեց, որ երբևէ ո'չ երազել է, ո'չ էլ մտքով է անցկացրել, որ կարող է ոչ թե հնգյակ, այլ եռյակ կամ էլ զույգ ունենալ: «Որ ասացին` հնգյակ ես ունենալու, շոկի մեջ էի, վերջերս եմ շոկից դուրս եկել: Գիտեմ` դժվար է լինելու, բայց պատրաստ եմ, հղիության ընթացքում արդեն մտովի նախապատրաստել եմ ինձ»,- ասաց Լուսինեն:

Կինը նշեց նաև, որ երեխաների համար անհրաժեշտ հագուստ ինչ-որ չափով արդեն գնել են, բայց օրորոցներ դեռ չեն գնել, թեև կհասցնեն:

Երեխաների հորական տատիկն էլ` Ռոզա Մարուքյանը, նշեց, որ երեխաներն իր առաջին թոռներն են, ու դժվար է ասել, թե ինչ է զգում միանգամից հինգ թոռան տատ դարձած կինը: «Մեր ցեղում եղել են դեպքեր, որ զույգ է ծնվել, բայց, միևնույն է, հնգյակն ուրիշ է, շատ անսովոր: Ես Ռուսաստանում էի, երբ ամիսներ առաջ տղաս զանգահարեց  ու ասաց` մա'մ, մեկը չեն, երկուսը չեն, երեքն են, հետո պարզվեց՝ հինգն են»,- ասաց երեխաների տատիկը:

«Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանն էլ նշեց, որ երեխաները ծնվել են լուսադեմին` ժամը 4-ին, և այժմ իրենց մոտ միայն աղջիկներից մեկն է: «Մյուսներին տեղափոխել ենք այլ հիվանդանոցներ, քանի որ նրանց նկատմամբ խիստ հսկողություն է պետք իրականացնել: Երեխաներից քաշով ամենածանրը տղան էր` 800 գրամ, իսկ մյուսները` 750, 700 և 650 գրամ քաշ ունեն: Երեխաներին դեռ երկու ամիս պետք է` լիարժեք վերականգնվելու համար»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: