կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-25 14:39
Քաղաքական

Անահիտ Բախշյանը մտածել է՝ ինչպես կարելի է Տարոն Մարգարյանին բանավեճի հրավիրել

Անահիտ Բախշյանը մտածել է՝ ինչպես կարելի է Տարոն Մարգարյանին բանավեճի հրավիրել

«Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված` Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանն ուրախ է, որ «Ելք»-ում ընդունվել է իր առաջարկը: Այս մասին նա  այսօր ասաց լրագրողներին: «Չափից շատ եմ ուզում իմ գործը շարունակել Երևանի ավագանու ընտրություններում: Այն, որ գալու ենք, դրա մասին կասկած չկա, բայց շատ-շատ կարևոր ու անհրաժեշտ կլինի, որ մենք մեծամասնություն կազմենք ավագանիում, որպեսզի մեր ժողովուրդը մի անգամ իր ընտրությամբ իր իշխանությունը փոխելու միջոցով իսկապես տեսնի՝ դրանք տարբեր բանե՞ր են, թե՞ բոլորը մեկ են»,- ասաց նաանը՝ հավելելով, որ եթե «Ելք»-ը մեծամասնություն կազմի, երևանցիները կզգան տարբերությունը:

Բախշյանն ընդգծեց, որ իրենց առաջին ու կարևորագույն քայլը  բյուջեի նպատակային ծախսմանն է ուղղված լինելու և, ըստ նրա,  այնպես պետք է արվի, որ բյուջեն լինի թափանցիկ, յուրաքանչյուր տող լինի հիմնավորված՝ ինչպես, ինչու, ով և ինչքան: «Ժողովո'ւրդ, իմ համոզմամբ՝ Երևանում շատ փող կա, բայց այդ փողը մի տեսակ չի երևում, փող կա, և շատ փող կա, մնում է  այդ գումարը նպատակին ծախսել: Շան գլուխն այնտեղ է թաղված»,- ասաց նա:

«Ելք»-ի ավագանու մեկ այլ թեկնածու` Ալեն Սիմոնյանը, շեշտեց, որ, իրենց դիտարկմամբ, Երևանի կարևորագույն խնդիրներից է տրանսպորտի հարցը: «Երևանի կենտրոնով տեղաշարժվում են այն մարդիկ, ովքեր միջին խավ են ներկայացնում, գնում են հիմնարկություններ և այլն, գնում են պպզած, կուզիկացած, այդ վիճակը պետք է վերացվի»,- ասաց նա՝ շարունակելով խոսքը, թե բյուջեի ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է մետրոյի ևս մի քանի կայարան ավելացնել:

Անդրադառնալով Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի՝ հրապարակային բանավեճից հրաժարվելու հանգամանքին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Բանավեճ անպայման պետք է տեղի ունենա: Երևանցիների դատին պետք է հանձնվեն նրա ծրագրերը: Ես չեմ բացառում, որ եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի քաղաքապետի պաշտոնում, տրանսպորտի ուղեվարձը կդառնա 200 դրամ: Մի բան ասեմ` եթե ասում եք, որ ասելիք ունեք և այլն, հիմա եթե էդքան ասելիք ունեք, բա էլ ի՞նչ ունեք վախենալու, հարգեք երևանիցներին»,- ասաց նա՝ նկատի ունենալով Տարոն Մարգարյանի այն խոսքերը, թե ինքը հանդիպում է բնակիչների հետ և միշտ էլ ասելիք է ունենում:

Ի դեպ, Անահիտ Բախշյանն ասաց, որ «լավ բան է մտածել» և գիտի՝ ինչպես կարելի է Տարոն Մարգարյանին հրավիրել բանավեճի: «Առաջարկում եմ երեք թեկնածուներին էլ` որպես բազմազավակ ծնողեր, հավաքվեն ու պատմեն՝ ոնց են պահում էդքան երեխու»,- ասաց նա: