կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 14:26
Հասարակություն

Առնվազն 2 զինծառայող արտերկրում բուժվելու կարիք ունի. Անահիտ Բախշյանը դիմել է Արմեն Մուրադյանին

Առնվազն 2 զինծառայող արտերկրում բուժվելու կարիք ունի. Անահիտ Բախշյանը դիմել է Արմեն Մուրադյանին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշում է, որ վիրավոր զինծառայողներից երկուսն արտասահմանում բուժման կարիք ունեն, որքան էլ որ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այս պահին նրանք դրսում բուժօգնության կարիք չունեն: Բախշյանը գրում է.

«Հարգելի պարոն նախարար,

մայիսի 3-ին հայտարարել եք՝ «Այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման», մինչդեռ ապրիլի 21-ին ասել էիք. «Անհրաժեշտության դեպքում զինվորներին կուղարկենք արտասահման բուժման»: Սույն հայտարարությունն անելիս գիտե՞ք արդյոք, որ Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր 19-ամյա երկու զինվերներ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում և ինչպես ասել է Մուրացանի հոսպիտալի պետ պարոն Ասատուրյանը՝ «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում»:

Այսինքն՝ առնվազն այս երկու տղաները կարիք ունեն արտեկիր տեղափոխվելու: Այս պահին երկուսի ծնողներն էլ խորհրդակցում են արտասահմանյան տարբեր երկրների բժիշկների հետ, որոնց կարծիքով այս տղաների վիճակը կարող է փոխվել, ինչ-որ չափով վերականգնվել, եթե նրանց մեկ օր շուտ դուրս տանեն:

Ձեր հայտարարությունը չի բխում տղաների առողջական վիճակից, չի սփոփում նրանց ծնողներին: Եթե դեռ չեք այցելել, ապա գնացեք, խնդրում եմ, և տեղում տեսեք, թե ինչպես են օր-օրի հյուծվում տղաները:

Ի դեպ, գնդակը Արմանի կերակրափողն էլ է վնասել ու տղան չի կարողանում ոչինչ ուտել, լուրջ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն կա: Ռուբենն էլ ընդհանրապես չի կարող շարժվել: Նկատի ունեցեք, մոտ օրերս ծնողները պետք է դիմեն Ձեզ տղաներին արտերկիր ուղարկելու խնդրանքով, այնպես որ կարող եք արդեն ուսումնասիրել ու այդ նպատակով շատ արագ պատրաստել այս տղաների բժշկական փաստաթղթերը:

Ձեր հայտարարությունը կարծես ՀՀ կառավարությանը աչքալուսանք տալու նպատակ է ունեցել, որը ծախս չանելուն է միտված, բայց ոչ պետության ստանձնած՝ վիրավոր զինվորների առողջության վերականգման ու ծնողներին սփոփելու պարտավորությանը»:

ՀՀ առողջապահության նախարարի օգնական Տաթևիկ Գրիգորյանն էլ ի պատասխան նշում է, որ գրառման նույն ժամանակահատվածում հարցի հետ կապված` հրավիրվել է խորհրդակցություն.«Հարգելի տիկին Բախշյան, ուզում եմ տեղեկացնել, որ Ձեր գրառման նույն ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կողմից հրավիրվել է խորհրդակցություն զինծառայողների ծնողների և մասնագետների մասնակցությամբ: Ուղիղ կապ է հաստատվել Համբուրգի մասնագետների և Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ: Այժմ հանգամանալից քննարկվում է տղաների արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, կլինիկաների ընտրությունը և ժամկետները: Շնորհակալ ենք մտահոգության համար: Կարող եք միանալ քննարկմանը, որը քիչ անց կշարունակվի նաև Ֆրայբուրգից ժամանած բժիշկների հետ: Նաև տեղեկացնեմ, որ նախարարը բազմիցս այցելել է բժշկական կենտրոններ: Զինծառայողների ապաքինումն ամենօրյա ուշադրության կենտրոնում է»: