կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 12:25
Հասարակություն

Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Աղվան Հովսեփյանին

Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Աղվան Հովսեփյանին

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանին՝ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«Սույն թվականի ապրիլի 21-ին Արմավիրում ձերբակալվել են 4 երիտասարդներ, ովքեր մեղադրվում են Նորապատ գյուղում դեզ այրելու փորձ անելու համար, և ահա 4 ամսից ավելի է՝ Նուբարաշենի կալանավայրում են պահվում: Երիտասարդներից մեկին անձամբ եմ ճանաչում՝ որպես «Լույս» հիմնադրամի շահառու, ով ավարտել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան  ու մագիստրոսի աստիճանով վերադառնալով Հայաստան՝ մինչ կալանավորվելն աշխատել է: Մեղադրանքը համոզիչ չէ, տուժող գյուղացին սկզբից չի բողոքել, որովհետև, ինչպես երևում է մեղադրականից, դեզն ընդամենը ծխահարվել է: Հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոնք մեզանում շատ տարածված են, մտափոխվել է:

 

Այս մեղադրականն անտրամաբանական է և վստահություն չի ներշնչում հասարակությանը: Մի պահ, եթե անգամ ընդունենք, որ դեզն այրելու փորձ արվել է երիտասարդների կողմից, մի՞թե իրավապահներն իրավունք ունեին  չապացուցված մեղադրանքի համար նրանց կալանավորել: Մի՞թե նրանք այնքան մեծ վտանգ էին իրենցից  ներկայացնում հասարակության համար, որ դատարանը որոշել է կալանավորել այն դեպքում, երբ, կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը թույլ էր տալիս այլընտրանքային մոտեցում ցուցաբերել, օրինակ՝ ավելի ճիշտ քայլ չէ՞ր լինի նրանցից պահանջել դեզին պատճառած վնասը հատուցելը, քան ազատազրկելը: Մի՞թե համաչափ պատիժ է կիրառվել այս պարագայում, ինչի՞ համար են կալանավորվել երիտասարդները, ո՞ւմ են նրանք վնասել, ո՞վ է պատասխան տալու նրանց հասցված բարոյական և նյութական վնասի համար: Մի՞թե սա արդարադատություն է: Վերջապես պետությունը 4 ամսից ավելի անտեղի գումար է ծախսում այդ երիտասարդներին կալանավայրում պահելու համար այն դեպքում, երբ կարելի էր չծախսել:

 

Խնդրում եմ պատասխանել հասարակությանը անչափ հուզող վերոնշյալ հարցերին, որոնց առկայությունը մեկ անգամ ևս  վկայում է մեր երկրում արդարադատության մահամերձ վիճակի  մասին, որի համար պատասխանատու է նաև Ձեր ղեկավարած կառույցը:

 

Շնորհակալություն համագործակցության համար»: