կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 13:39
Քաղաքական

Աղվան Վարդանյանը Տարոն Մարգարյանին բանավեճի հրավիրեց

Աղվան Վարդանյանը Տարոն Մարգարյանին բանավեճի հրավիրեց

ՀՅԴ-ն լիահույս է, որ երեւանցիները ավագանու ընտրությունները դիտելու են ոչ թե որպես ընտրացուցակների առաջին համարների միջեւ մրցակցություն, ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջեւ մրցակցություն: «Երեւանցիները պետք է տեսնեն, որ իրենց ընտրությունն այս անգամ պետք է նշանակի անվստահության հանրաքվե գործող իշխանությանը: Մենք անձ չենք ընտրում: ՀՀԿ-ն 4 տարում 3 քաղաքապետ է փոխել, եւ մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ այսօր մենք Տարոն Մարգարյանի ընտրություն չենք անում, մենք անում ենք ընտրություն քաղաքական ուժերի միջեւ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ավագանու` ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը:

 

Ըստ նրա` այն, որ ամբողջ Երեւանով քարոզչական դեղին պաստառների վրա Տարոն Մարգարյանի հսկայական նկարն է եւ շատ փոքր տառերով գրված է` ՀՀԿ, այլ հարց է:

 

Վարդանյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն մտել է այս պայքարի մեջ ողջ ներուժով, եւ պատահական չէ, որ ցուցակը գլխավորում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, իսկ երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում` ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչներն են: ՀՅԴ-ական պատգամավորը վստահեցրեց նաեւ, որ Արմեն Ռուստամյանը շատ ավելի սկզբունքային, կոմպետենտ, ինքնուրույն եւ լավ կառավարիչ կլինի, քան ուրիշները: ՀՅԴ-ի հիմնական առավելությունը, տարբերությունը մյուս քաղաքական ուժերից այն է, որ հանդես է գալիս թիմով: Եվ այս ընտրությունները նույնքան քաղաքական են, որքան նախագահականը, եւ Երեւանի կառավարման խնդիր չի լուծվում միայն:

 

«Նախագահական ընտրություններից իշխող կուսակցությունը դառը դասեր է քաղել, եւ հիմա նորից վարչական, պետական ամբողջ ռեսուրսը դրված է այս ընտրությունները մի կողմից ապաքաղաքականացնելու, իսկ մյուս կողմից` հարկադրաբար, ստիպողաբար ձայներ ապահովելու համար: Բոլոր պետական հիմնարկներում, կառույցներում, կրթական հաստատություններում ցուցակներ, պարտադրանքներ... Նորից մեր ուսուցիչներին ստիպում են քարոզել, ձայն ապահովել: Բոլոր պետական կամ նույնիսկ անկախ համարվող կառույցներն այսօր այդ գործի մեջ են»,- ասաց Վարդանյանը եւ նշեց, որ երբեմն այդ քարոզիչները Տարոն Մարգարյանի գովքն են անում` ասելով, թե որքան լավ տղա է, իսկ մյուս կողմից` քննադատում ՀՀԿ-ին, որ սխալներ է անում, միաժամանակ, հայտարարում` բայց չէ՞ որ Տարոնն է լավը:

 

Վարդանյանն աղետ որակեց այն, երբ մի կուսակցություն ունի ամբողջական իշխանություն, բայց այդ կուսակցության վարկանիշն այդքան ցածր է:

 

ՀՅԴ-ի հիմնական գործն այս ընթացքում, ըստ նրա, եղել են նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքները, Երեւանի բոլոր վարչական շրջաններում շտաբների, թիմների ձեւավորումը: Ծրագրվում է յուրաքանչյուր վարչական շրջանում ունենալ 8-12 բակային հանդիպում, յուրաքանչյուր վարչական շրջանում նաեւ մեծ հանդիպում, եւ, ամենայն հավանականությամբ, քարոզարշավը կեզրափակվի համաքաղաքային մեկ միջոցառմամբ:

 

Աղվան Վարդանյանը ասուլիսի ընթացքում նշեց նաեւ, որ ՀՀԿ-ն այս ընթացքում միշտ խուսափել է բանավեճերից, քաղաքապետի ելույթներն էլ մի քանի բառ պարունակող նույն ելույթներն են: Նա Տարոն Մարգարյանին բանավեճի հրավիրեց Արմեն Ռուստամյանի հետ կամ առաջարկեց, որ Տարոն Մարգարյանը հեռուստատեսությամբ ելույթներ ունենա: