Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-09-09 11:05
Հասարակություն

Խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք. Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանին

Խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք. Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանին

«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի է: Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը Խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են »:

 

Ս.Սարգսյանի այս խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը, որը շտկել հնարավոր չէ նույնիսկ ի'ր հիշեցումից հետո:

 

Խորհրդարանում աշխատելու համար առնվազն կարդալու, պետության մասին մտածելու, համապատասխան գրառումներ և առաջարկներ կատարելու կարողություն է պետք ունենալ, որոնք նման խրատներով ձեռք բերել հնարավոր չէ, սա ես որպես մանկավարժ եմ ասում: Այս կարողությունները միայն կրթությամբ են ձեռք բերում: Այնպես որ նրանց այս կարողությունները խորհրդարան բերելուց առաջ պետք է ստուգած լինեիք :

 

Այսինքն խորհրդարանի խրամատը այդ մարդկանց համար հակացուցված է, նրանց մեծ մասը Ձեր ասած` վատ զինվորներն են, ովքեր սահմանը պաշտպանելու փոխարեն` հրացանը ձեռքին փախչում են, իսկ մեր երկրում եղած պրոբլեմներն էլ ոչ թե նրանց թշնամին է, այս որակման հետ լիովին համաձայն եմ, այլ` նաև նրանց հարստանալու միջոցը:

 

Այնուամենայնիվ` միամիտ- միամիտ հարցնում եմ. ի՞նչ եք անելու, եթե այս հիշեցումից, զգուշացումից հետո էլ շարունակեն բացակայել, մատների արանքից նայել իրենց գործին, կամ էլ երկրում եղած պրոբլեմները ոչ թե վերացնեն` որպես իրենց թշնամի, այլ այնքան բազմացնեն, որ Դուք էլ, իրենք էլ, բոլորս էլ, խեղդվենք այդ պրոբլեմների ծովում:

 

Համոզված եմ, որ և' Դուք, և' մենք բոլորս չենք ուզում խեղդվել իրենց գործին մատների արանքից նայող Ձեր հովանավորած պատգամավորների պատճառով: Ուրեմն խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք:

 

Անահիտ Բախշյան

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ