կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 14:59
Քաղաքական

Անահիտ Բախշյանը բացահայտեց թասիբի գցելու իր «պրիոմի» գաղտնիքը

Անահիտ Բախշյանը բացահայտեց թասիբի գցելու իր «պրիոմի» գաղտնիքը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նոր կառավարությունից որեւէ ակնկալիք չունի, ուղղակի, որպես մանկավարժ, իր կողմից հին ու փորձված «պրիոմ» է կիրառում` նոր կառավարությանը թասիբի գցելու համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա այսօր մանրամասնեց, թե որն է այդ «պրիոմ»-ը: «Ամենաանհուսալի աշակերտին, տղաներին նկատի ունեմ, կարելի է դարձի բերել` ասելով, որ նրանք լավն են, քեզանից շատ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեմ»,- իր գաղտնիքը բացեց Բախշյանը եւ հավելեց, թե այս սկզբունքով ինքը միշտ կարողացել է ամենաանհուսալիներին անգամ լավ մարդ դարձնել:

 

Նրա հետ բանավիճող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի արձագանքին` «նոր կառավարությանն էլ եք, չէ՞, ասում լավն է», Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Դեռ լավը չեք»:

 

Անահիտ Բախշյանը Երեւանի ավագանու դիսպետչերական նիստից մի օրինակ հիշեց, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին, ապօրինի շինությունների մասին ասել է, թե դրանց հետեւում կանգնած են հենց քաղաքապետարանի ներկայացուցիչները, ուստի պետք է սկսեն առաջին հերթին իրենց ընկերներից: Նա նույն կոչը տեղափոխեց ավելի լայն` հանրապետական մակարդակի քաղաքականության ու նոր կառավարության վրա` շեշտելով, թե նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ պետք է սկսի իր ընկերներից, խնամուց և այլն:

 

Իսկ նոր կառավարության կազմի մասին տիկին Բախշյանը, ով իր հետ բերել էր կառավարության անդամների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներում երբեւիցե եղած հրապարակումներից որոշ պատճեններ, նշեց թե մարդիկ են, ովքեր նախկինում եղել են կառավարության կազմում, կասկածելի միջոցներ կուտակել ու հիմա էլ եկել են իրենց կուտակածը պաշտպանելու: Այդ կուտակված միջոցները, Անահիտ Բախշյանի կարծիքով, պետք է ազգայնացնել: