կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-24 15:52
Հասարակություն

Մենք ամբողջական հատուցում ենք պահանջում. Արսեն Գրիգորյան /Մրո/

Մենք ամբողջական հատուցում ենք պահանջում. Արսեն Գրիգորյան /Մրո/

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով օրվա մասին, ասաց, որ յուրաքանչյուր հայի նպատակն է առաջ տանել ազգի հարատևման գործը:

«Ապրիլի 24-ը հարատևման օրվա խորհուրդն ունի,  մեկուկես միլիոն հայը նախընտրեցին նահատակվելը դավանափոխությունից, ազգափոխությունից, ուստի մենք պարտավոր ենք շարունակել հայի արարման, հարատևման գործը»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք վաղեմության ժամկետը չի սպառնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, Արսեն Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ վաղեմություն կա այս հարցում: Այսօրվա Թուրքիան գիտի, որ ցեղասպանություն է եղել, ընդունում է, պարզապես չի բարձրաձայնում: Մի օր Թուրքիան կբարձրաձայնի: Եվ ո՞վ է ասում, որ մենք կա'մ նյութական, կա'մ բարոյական փոխհատուցում ենք պահանջում: Մենք ամբողջական հատուցում ենք պահանջում: Մարդկության համար ցեղասպանության ճանաչումը, դրա դատապարտումը պետք է նախադեպ լինի, որ ցեղասպանություններ այլևս չկրկնվեն»,- ասաց երգիչը:

Նրա խոսքով` այսօրվա Թուրքիան փոխել է կառավարման համակարգը, բայց էությամբ չի փոխվել: Թուրքիան պետք է փոխվի, ժողովուրդը պետք է փոխվի: «Հույս ունենանք,  որ նրանց անասնական ծագումը կփոխվի, նրանք կընդունեն իրենց նախնիների կատարած ոճիրը, դրանով կմաքրվեն»,- ասաց երգիչը:

Արսեն Գրիգորյանը չի ընդունում, որ հայը վերջին հարյուրամյակում սգավոր է դարձել, ընկճվել: «Մենք երբեք ընկճվող բնավորություն չենք ունեցել, մենք միշտ էլ կռիվ տվող ենք եղել, պարզապես որոշ պետությունների ձեռնտու է եղել ստեղծել զոհի կերպար` հայ ազգի հետ կապված: Մենք հաղթող տեսակ ենք»,- ասաց նա: