կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-21 12:54
Տնտեսական

Հայաստանը պետք է քայլ անի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ուղղությամբ. տնտեսագետներ

Հայաստանը պետք է քայլ անի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ուղղությամբ. տնտեսագետներ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը և Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խոսեցին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հայտարարության մասին, ով Վրաստանում իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանը մտադիր է տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցից Սև ծով:

Պարսից ծոցից Սև ծով իրանյան նախաձեռնության երթուղիներից մեկը Հայաստանն է: Ըստ Վարդան Բոստանջյանի` Իրան- Ռուսաստան հարաբերություններում զարգացումները հանգեցնում են նրան, որ Ռուսաստան-Իրան երկաթգծային առանցքը պետք է ձևավորվի, և այդ ուղին պետք է անցնի Հայաստանով:

«Մենք թունելի ծայրում լույս ենք տեսնում: Եթե կարողանանք այդ առանցքը ձևավորել , եթե այդ երկաթգիծը ստացվի, դա կլինի չափանզանց լավ երևույթ բոլոր երկրների, առաջին հերթին` Հայաստանի համար: Իրանը բառեր չի շռայլում, և եթե հստակ բարձրաձայնել են այդ երևույթի մասին, ուրեմն հույս կա: Արդեն Իրանից մեսիջներ են գալիս էներգահամակարգի ու գյուղոլորտի վերաբերյալ, դա արդեն լավ է, դա բացում է լավ հեռանկարներ»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով` այդ երկաթգիծը, բնականաբար, հույժ կարևոր է, բայց վերջին տասնամյակում այդ ուղղությամբ քիչ բան է արվել:

Վազգեն Սաֆարյանի խոսքով` հիմա, երբ Իրանը քալեր է կատարում` մերձենալու ԵՏՄ-ին, կա հնարավորություն ձևավորելու հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ, իրանական արտադրանքը Ռուսաստան արտահանել: Ըստ նրա` կարևոր տրանսպորտային ուղու մասին էլ պետք է խոսվի, այն է` Վարդենիս-Վայոց ձոր և Իջևան-Հրազդան երկագծերի արդիականացումն ու շահագործումը:

«Իրան-Հայաստան երկաթգիծը Հայաստանի տնտեսական օրակարգում միշտ է եղել, այն նաև նախագահի նախընտրական ծրագրերում է եղել: Այդ ուղղությամբ քայլերը պետք է սկսենք, որովհետև եթե մենք չկարևորենք երկաթգծի կառուցումը, ապա այլ պետություններին չի հետաքրքրի, որևէ երկիր չի գա ու չի ասի` կառուցում եմ, եկեք օգտվեք այս երկաթգծից»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ կառավարությունը եկող տարվա բյուջեում պետք է դրան գումար հատկացնի: