Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն պատկերը, այն աշխարհագրական բաժանումը, որ կա Թուրքիայում, նորություն չէ. այսօր լրագրողներին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիայի հետամնաց, գյուղական համայնքներում կողմ են քվեարկել նախագահական կառավարմանը, իսկ ավելի առաջադեմ քաղաքներում՝ դեմ:
«Աշխարհագրական նման պատկերը նորություն չէ. նախկին ընտրությունների ժամանակ էլ է գրանցվել այդպիսի մասնատված պատկեր, սակայն այս անգամ իշխող կուսակցությունը ձախողվեց Ստամբուլում և Անկարայում: Նախկինում այս քաղաքներում իշխող կուսակցությունների օգտին են քվեարկել, բայց հիմա 17 խոշոր քաղաքներում «ոչ»-ն է գերակայել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններն են մեծ մասամբ դեմ քվեարկել:
««Ոչ» քվեարկածների շրջանում, բացի քրդաբնակ շրջաններից, մեծ կշիռ ունի հասարակության այն հատվածը, որն աշխարհիկ է, իսկ գավառային հատվածները եղել են Էրդողանի և ԱԶԿ-ի հենարանը»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ, վերլուծելով ընդհանուր պատկերը, կարելի է ասել, որ Թուրքիայի հասարակությունն իրապես բևեռացված է, և մասնատված հասարակության բացասական ազդեցությունը պարբերաբար կզգացվի:
Հովսեփյանի խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց անմիջական ազդեցությունը կունենան նաև այդ երկրի արտաքին քաղաքականության վրա: «Թուրքիան գնալով դառնում է ավելի անկանխատեսելի»,- ասաց նա, ապա նշեց, որ Թուրքիան կարող է դառնալ ավելի քիչ վերահսկելի միջազգային հանրության կողմից: