կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 16:06
Հասարակություն

Կհաստատվի գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագիրը

Կհաստատվի գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագիրը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառել է որոշում` սահմանել գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը: Սույն կարգով կարգավորվում է ՀՀ պետական բյուջեի, դրամաշնորհների, օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին իրականացվող գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրերի մշակման և հաստատման հետ կապված հարաբերությունները:

Ծրագրի իրականացման տևողությունն է ոչ պակաս, քան մեկ տարի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը համակարգում է գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական աջակցության հիմնական ուղղություններով նախատեսվող միջոցառումները:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ապահովում է սույն կարգի 5-րդ կետում ներկայացված առաջարկների վերլուծումն ու ամփոփումը՝ առաջնահերթությունը տալով այն առաջարկներին, որոնց իրականացումը կնպաստի.

1) հողային ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացմանը,

2) նոր աշխատատեղերի  ստեղծմանը,

3) արտադրողականության բարձրացմանը,

4) միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազմանը,

5) հավելյալ արժեքի ձևավորմանը,

6) արտահանման խթանմանը,

7) արդիական տեխնոլոգիաների ներդրմանը:

Ներկայումս հանրապետության ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի զարգացումը, մասնավորապես՝ կոոպերացիայի խթանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում, Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության խնդիրների շարքում առանձնանում է  կոոպերացիայի զարգացումը: Ռազմավարության շրջանակներում գյուղատնտեսության տնտեսավարման ձևերի զարգացման համատեքստում, միջոցառումները նպատակաուղղվում են գյուղատնտեսությունում կոոպերատիվների տարբեր ձևերի խթանմանը, որը պահանջում է մի շարք միջոցառումների իրականացում:

 Սույն նախագծով կսահմանվի Գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական աջակցության ծրագրի մշակման և հաստատման կարգը, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: