Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին հարցը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և հասարակական կազմակերպություններին մոբիլիզացնելու` մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում: Այն նպատակ ունի պետական, համայնքային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել մի շարք համալիր գործողություններ, շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին մասնակից դարձնել հանրության լայն հատվածներին և հասարակության մեջ ձևավորել շրջակայքը մաքուր պահելու քաղաքացիական դրսևորում ու պատասխանատվություն:
Աղբահավաքության և սանիտարական մաքրման ոլորտում առկա հիմնախնդիրների ամբողջական լուծման ուղիները նկարագրված են ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունում»։ Ծրագիրը լրացնում է Ռազմավարությունը և հանդիսանում է միջանկյալ և հրատապ լուծում մինչև Ռազմավարությամբ նախատեսված աղբահանության համակարգերի ձևավորումն ու լիարժեք գործունեությունը: Ուստի, Ծրագիրը պետք է դիտարկել Ռազմավարության համատեքստում, որպես վերջինիս մի բաղադրիչ:
Բնակավայրերի ու նրանց հարակից տարածքների, բնական լանդշաֆտների, ճանապարհամերձ հատվածների, մշակութային ու ժամանցային վայրերի մերձակա տարածքների կենցաղային և այլ տեսակի թափոններով աղտոտվածությունը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է շրջակա միջավայրի և մարդու առողջության անվտանգության, երկրի սոցիալ–տնտեսական զարգացման, բնակչության հարմարավետության ապահովման և զբոսաշրջային գրավչության վրա ազդող լուրջ մարտահրավեր։ Աղբանոցների ու աղբավայրերի համար տարածք են հանդիսանում ճանապարհամերձ տարածքները, ձորակները, անտառները, շահագործված հանքերից հետո մնացած հանքախորշերը և նույնիսկ ոռոգման ջրանցքներն ու գետերը:
1. «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն իրենից ներկայացնում է պետություն-համայնք-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն լայնաֆորմատ համագործակցություն, որը կոչված է մոբիլիզացնելու Հայաստանի Հանրապետության բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և հասարակական կազմակերպություններին` մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում: Այն նպատակ ունի պետական, համայնքային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել մի շարք համալիր գործողություններ, շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին մասնակից դարձնել հանրության լայն խավերին և հասարակության մեջ ձևավորել շրջակայքը մաքուր պահելու քաղաքացիական դրսևորում ու պատասխանատվություն:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրապետության աղբահանության և դրա բաղադրիչների նկատմամբ իրականացնել պետական հստակ քաղաքականություն, որի ընթացքում շուրջ 2300-ի հասնող աղբանոցների ու աղբավայրերի թիվը առավելագույնս կնվազի` ենթադրելով սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի շահագործում: Բացի այդ ակնկալվում է շեշտակիորեն բարելավել և ակնահաճո դարձնել հանրապետության շրջակա միջավայրը, այն ազատել վտանգավոր ներգործություններից, ինչպես նաև բարձրացնել երկրի զբոսաշրջային գավչությունը: