Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հորդորին: Նրա գնահատմամբ` պետք է այնպես աշխատեն, որ փոփոխություններ իրականացվեն:
«Դա նշանակում է, որ մենք ավելի ակտիվ պետք է աշխատենք, ավելի ուշադիր լինենք խնդիրների լուծմանը: Այնպիսի փոփոխություններ պետք է արվեն, որ մեր կյանքը լավացնեն, պետք է աշխատենք, որ առաջին հերթին մարդիկ զգան իրենց վրա այդ փոփոխությունները»,- ասաց նա և մատնանշեց տրանսպորտային համակարգի և ճանապարհների ուղղությամբ աշխատանքները:
Մարտիրոսյանն ասաց, որ ներդրումներ ակնկալում են բյուջետային մուտքերից և միջազգային դոնորների ներգրավումից և ներկայումս գնահատում են ճանապարհների վիճակը: «Այն մարզերը, որտեղ շատ վատ է վիճակը, ժամանակավոր լուծումներ կտանք` մինչև համապատասխան ֆինանսական աղբյուներ լինեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ճանապարհների կառուցման որակին, ապա նախարարն ասաց, որ վերջին տարիներին կառուցված ճանապարհները որակով են: «Ընդհանուր առմամբ, մեր ճանապարհների վիճակն այնպիսին է, որ բյուջեի հատկացումը միանգամից բոլոր ճանապարհների հարցը չի լուծում: Միանգամից հարցը լուծելու համար շատ մեծ գումար է պահանջվում»,- ասաց նա: