կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-01 13:58
Քաղաքական

Պետք է աշխատենք հայ-մոլդովական առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ. ՀՀ վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

Պետք է աշխատենք հայ-մոլդովական առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ. ՀՀ վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ    պետք է աշխատենք առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ և այսօր կան այդպիսի հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար, նշել է, որ մեր երկրների միջև ավանդաբար գոյություն ունեն շատ լավ, բարեկամական հարաբերություններ բոլոր ուղղություններով և շեշտել, որ առևտրաշրջանառության մակարդակի առումով ավելի արագ առաջ շարժվելու նպատակով կարելի է կազմակերպել Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստ։ 

Մոլդովայի նախագահը նշել է, որ Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում նոր կառավարություն է ձևավորվել, որն ստացել է և բնակչության շուրջ 80 տոկոսի աջակցությունը, ինչն իրենց լավ հնարավորություն է տալիս առաջ շարժվել արտաքին առևտրի, արտաքին քաղաքական կապերի զարգացման ուղղությամբ։

Դոդոնը նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հարցում Մոլդովային աջակցելու համար։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստացի իր՝ Մոլդովա պաշտոնական այցի կապակցությամբ կոնկրետ ժամկետներն արդեն նախանշված են, և այժմ պետք է աշխատել արդյունավետ օրակարգ մշակելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը ողջունել է Մոլդովայում քաղաքական իրավիճակի կայունությունը, ինչը կնպաստի երկրի առաջընթացին և գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակամարտությունների կարգավորման հարցի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Մերձդնեստրի հետ կապված իրավիճակին։

Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման համատեքստում և փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։