կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 18:10
Քաղաքական

Մենք պետք է ծրագրված աշխատենք, ու նույն տիկինը չփորձի նենգափոխել փաստերը. Ռուստամյանը՝ Նալբանդյանին

Մենք պետք է ծրագրված աշխատենք, ու նույն տիկինը չփորձի նենգափոխել փաստերը. Ռուստամյանը՝ Նալբանդյանին

ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

 

«Հարցս վերաբերում է այն դիվերսիոն խմբին, որը վնասազերծվեց Ղարաբաղում: Դատավարությունը կատարվեց, բայց, դրա հետ կապված, միջնորդությամբ է հանդես եկել ԱՄՆ-ը: Եվ նորից մտահոգություն ունեմ, որ հարցը տեղափոխվի այլ հարթություն, կնենգափոխվի հարցի էությունը, որովհետև մենք հստակ գիտենք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում և ամբողջությամբ խնդիրը գլխիվայր է ներկայացնում միջազգային հանրությանը` ասելով, որ գոյություն չունեցող պետությունը դատապարտում է գոյություն չունեցող դատարանում: Եվ եթե խնդիրը տեղափոխվում է մարդասիրական հարթակ, դա ներկայացվում էր միջնորդության մեջ, Ադրբեջանը մարդասիրական հարթակից դուրս է գործում: Մենք ադեկվատ պատասխան պետք է տանք Ադրբեջանի քարոզչությանը, սա առիթ է, եթե ուզում ենք դիմակազերծել Ադրբեջանի նենգ քաղաքականությունը: Իսկ միջնորդներից մեզ դիմելուց առաջ պետք է պահանջենք, որ նրանք հրապարակավ խոստովանեն, որ դիվերսանտները հանցագործություն են կատարել: Իսկ պաշտոնական Բաքուն մինչ օրս նման հայտարարությամբ հանդես չի եկել: Ի՞նչ ենք անելու այս ուղղությամբ»,- հարցրեց Ռուստամյանը:

 

Էդվարդ Նալբանդյանը նախ նշեց, որ մի քանի օր առաջ ինքն արձագանքել է ադրբեջանցի դիվերսանտների վերաբերյալ հարցին, նշեց, որ դիվերսանտների կողմից կատարված հանցագործությունները, սպանությունները բացահայտված, փաստագրված, ապացուցված են, ներառյալ` 17-ամյա պատանու առևանգումն ու սպանությունը:

 

«Միջազգային հանրույթը քաջատեղյակ է, որ Ադրբեջանը հերոսացնում է իր մարդասպաններին, ինչպես դա եղավ տխրահռչակ Սաֆարովի դեպքում: Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրական իրավունքի մասին, բայց ի՞նչ մարդասիրական իրավունք կարող է լինել Ադրբեջանի պարագայում»,- ասաց նախարարը՝ թվարկելով Ադրբեջանի բազմաթիվ անտրամաբանական ու մարդասիրությունից դուրս արարքները, որոնք վերաբերում են թե' Հայաստանի հանդեպ ատելության սերմանմանը, թե' հենց Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքին: Նա ասաց նաեւ, որ եռանախագահներն այդ հարցը չեն բարձրացրել:

 

Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Իմ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանն այսօր պահանջատիրոջ կարգավիճակով է հանդես գալիս` այդ անձանց վերադարձնելու հետ կապված, և եթե մենք համապատասխան դիվանագիտական քայլեր չկատարենք, ու եթե նրանց վերադարձնեն, դա կնշանակի Ադրբեջանի հաղթանակ քարոզչական դաշտում: Բայց սա առիթ է, որ մենք ծրագրված աշխատենք, ու, օրինակ,  նույն տիկինը չփորձի նենգափոխել փաստերը ՝ խոսելով ռազմագերիների փոխանակման մասին: Սա այդ դեպքը չէ, նրանք ռազմագերի չեն: Բայց այս ամենը մենք գիտենք, այս ամենը աշխարհին ներկայացնելու մասին եմ ես ասում` նկատի ունենալով նաեւ խորհրդարանական դիվանագիտական հարթակը»:

 

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց` ասելով. «Պետք է զգույշ լինել ձևակերպումների մեջ, եթե Դուք ասում եք` տիկինն այս ասաց, այն ասաց, այդպես չի ասել, ինչպես Դուք եք ներկայացնում»:

 

Զավեշտալի է, բայց ե'ւ Նուլանդը՝ Երեւանում, ե'ւ Փսակին՝ ԱՄՆ-ում, նույն բանն են պնդել, թե ՀՀ-ն մարդասիրություն պետք է դրսեւորի եւ ուշադրություն վերադարձնի,  նրանց բառերով, «գերիներին»: