կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-19 22:22
Առանց Կատեգորիա

Աշխատենք թափանցիկ

Աշխատենք թափանցիկ

Որքան մեր երկրում կարեւորվում է մամուլի ազատության սկզբունքը, որքան շատ է խոսվում լրագրողների մասնագիտական գործունեությանը չխոչընդոտելու մասին, այնուամենայնիվ, մամուլի աշխատողներս ամեն օր ստիպված ենք լինում տհաճ երկխոսության մեջ մտնել պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

Թեեւ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս մարդկանց անհրաժեշտ գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն այս օրենքը եւս մեր երկրում ընդունված գրեթե բոլոր օրենքների պես չունի կիրառման հետեւողականություն: Արդյունքն այն է, որ այսօր օպերատիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը զրոյական մակարդակի է հասցվում:

Ասենք, անհրաժեշտ է ոստիկանությունից ճշտել, թե տրանսպորտային քանի պատահար է գրանցվել նախորդ ամսում: Եթե պնդաճակատ լինես, ապա մոտ 10 հեռախոսահամարի զանգահարելուց հետո, կարող ես ստանալ այդ սովորական տեղեկությունը: Իսկ եթե որոշես գրավոր կարգով փոխանցել հարցդ, օրինակ` Պետեկամուտների կոմիտե, ապա օրենքով սահմանված 5 օրը կարող է ձգվել 1.5 ամիս:

Օրերս հրապարակվել էր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք նախորդ եռամսյակում խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ցուցակը գլխավորում էին առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարները: Եթե հնարավոր լիներ բոլոր դիմողների պատասխանի հետքերով գնալ, ապա վստահ ենք` այդ ցուցակում իրենց պատվավոր տեղը կունենային գրեթե բոլոր պետական գերատեսչությունները: Իսկ երկրի վարչապետը, կարծես, երեկ զգուշացրեց, որ հարկավոր է թափանցիկ աշխատել: