կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 14:02
Հասարակություն

Մեր կողմից ներկայացված բոլոր զեկույցները հանրային քննարկում են առաջացրել. «Օքսֆամ Հայաստան»-ի ներկայացուցիչ

«Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը «Հանրային երկխոսության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկման ընթացքում ներկայացրեցին «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» եռամյա ծրագրի արդյունքները: Մասնավորապես` ներկայացվեցին ծրագրի թիրախ` առողջապահության, սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության ոլորտներում իրականացված բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքում առաջադրված հիմնախնդիրների լուծման նպատակով առաջարկված և հանրային քննարկման առարկա դարձած բարեփոխումները:

«Օքսֆամ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր խոսքում ասաց, որ «Օքսֆամ»-ը և ՏԶՀԿ-ն «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում ներգրավել և վերապատրաստել են 40 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ բարելավելու նրանց ընկալումները իրենց գործունության ոլորտներում, հզորացնելու նրանց կարողությունները՝ ավելի արդյունավետ հաղորդակցվելու և քաղաքականությունների ձևավորման վրա ազդող ռազմավարական շահերի պաշտպանության գործընթացներում առավել ակտիվ մասնակցելու նպատակով:

40 ՔՀԿ-ները գործում են ծրագրի թիրախային ոլորտներից որևէ մեկում` գյուղատնտեսություն, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն:

Քննարկմանը ներկա` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը նշեց, որ «Օքսֆամ»-ի և ՏԶՀԿ-ի հետազոտությունը կարելի է համարել հաջողված, քանի որ ծրագրի նպատակներն ու իրականացման ժամանակահատվածն ամբողջությամբ համահունչ են նախարարության մշտադիտարկման գործընթացներին։ «Մեր համագործակցությունն իսկապես հաջողված էր, որովհետև երկուստեք շահագրգռված էինք ծրագրի իրականացման հարցում։ Իսկ եթե շահերը երկուստեք համընկնում են, արդյունքներն ավելի շահեկան են լինում»,- ասաց նա։

«Օքսֆամ Հայաստան»-ի հաշվետու ծրագրերի կառավարման պատասխանատու Լիլիթ Չիթչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սոցիալական ապահովության ոլորտում համագործակցությունը կայացել է երկու բյուջետային  ծրագրերի գնահատման արդյունքում և նմանօրինակ համագործակցություններ եղել են նաև մյուս՝ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների հետ:

Ասելիքն ավելի կոնկրետացնելով՝ նա օրինակ բերեց, որ 2017 թվականի փետրվարին «Օքսֆամ»-ի կողմից կազմակերպված` ֆերմերների կոնգրեսի ընթացքում  գյուղատնտեսության նախարարն արձանագրել է, որ իրենց կողմից գնահատված ՝ «Աջակցություն հողօգտագործողներին» ծրագրում դիզելի բաշխում այլևս չի կատարվելու, որովհետև դա անարդյունավետ է ճանաչվել: «Առողջապահության նախարարության հետ ևս ունեցել ենք շատ հետաքրքիր համագործոկցություն: Նախարարությունների հետ մեր համագործակցությունը նաև դաշինքային ֆորմատով է գնացել: Օրինակ` «Մոր և մանկան առողջապահության դաշինք»-ը նախարարության հետ կնքեց նոր հուշագիր, որում մենք հստակ արտացոլեցինք մեր կողմից ներկայացված մոնիթորինգի վերաբերյալ ուղերձները»,- ասաց նա:

 Լիլիթ Չիթչյանն անդրադարձավ նաև իրենց կողմից ամբուլատոր ծառայությունների մասով բավականին ցցուն թվեր հրապարակելու փաստին, որով արձանագրվեց, որ պոլիկլինիկաներում շահառուները չեն օգտվում իրենց հասանելի անվճար ծառայություններից, որոնց համար բյուջետային լուրջ հատկացումներ են լինում: Ի դեպ, առողջապահության նախարարը ևս բարձրաձայնել է այդ մասին՝ հղում չանելով «Օքսֆամ»-ի հետազոտությունների արդյունքներին:

«Մեր կողմից ներկայացված բոլոր զեկույցները հանրային քննարկում են առաջացրել»,- ասաց Չիթչյանը՝ հավելելով. «Իհարկե, այդ թվերը նախարարությունը տեսել է, իրենք այդ թվերի վերաբերյալ ունեցել են իրենց թվերը և մտածել են դրանց մասին: Ընդամենը 20 տոկոս այցելությունների թիվ էինք դուրս գրել և  նույնիսկ այդ թվի դեպքում ունենում ենք հերթեր, և մեր հիմնական առաջարկներից մեկն այն է, որ հարկ է մտածել՝ ինչպես կարող է այդ  հաճախելիության բեռը թեթևացնել»: