Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով`դեռևս 2005թ. Սահմանադրության փոփոխություններից հետո սահմանված էր, որ նախագահը կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, ինչի հիման վրա հանրապետության նախագահը ստեղծել է Հանրային խորհուրդը: Նա նշեց նաև, որ դրանից հետո Հանրային խորհուրդը իր աշխատանքն իրականացրել է:
«Հաշվի առնելով Հանրային խորհրդի կարևորությունը՝ 2015թ. Սահմանադրությամբ հստակորեն նախատեսվեց այդ մարմինը, դրան տրվեց սահմանադրական կարգավիճակ՝ նշելով, որ այն լինելու է կառավարության խորհրդակցական մարմին, իսկ դրա գործունեության կարգը սահմանվում է օրենքով»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա շեշտեց, որ սահմանադրության կարգավորումներն անհրաժեշտություն են առաջացնում ունենալ Հանրային խորհրդի մասին օրենք: «Նախագծով հստակ սահմանվում են Հանրային խորհրդի խնդիրները, որոնք են` պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, կառավարության, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության ձևավորմանը նպաստելը և այլն»,- մանրամասնեց փոխնախարարը:
Նախագծով սահմանվել է նաև Հանրային խորհրդի ձևավորման կարգը: Ի տարբերության ներկայիս Հանրային խորհրդի, որը կազմված է 36 անդամից, նախագծով նախատեսվում է, որ խորհուրդը բաղկացած կլինի 45 անդամից: «Գործող կարգավորումներով նախատեսված է, որ Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 18 տարին լրացած անձը, սակայն մենք բարձրացրել ենք չափանիշները և սահմանել, որ խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած անձը: Նախատեսել ենք, որ 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15 ոլորտային հանձնաժողովներ: Արտահերթ նիստեր կարող են նախաձեռնվել ոչ թե Հանրային խորհրդի անդամների ձայների 2/3-ով, այլ 1/4-ի պահանջով: Հանրային խորհրդի նիստերը պետք է անցկացվեն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Հստակ նախատեսել ենք, որ խորհրդի նիստերը դռնբաց են, եթե խորհուրդն այլ որոշում չի կայացնում: Հանրային խորհրդի ֆինանսավորումը հստակ նախատեսվելու է բյուջետային հայտում՝ պետական բյուջեում առանձնացնելով առանձին տող»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Հանրային խորհրդի առաջին անդամներին նշանակելու է կառավարությունը, որից հետո նրանք կդիմեն համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, վետերանների միությանը և հասարակական այլ կառույցների՝ Հանրային խորհրդի անդամների թեկնածություններ ներկայացնելու հարցով: «Դրանից հետո կանցկացվի վարկանիշային ընտրություն, այսինքն` տեղի կունենա գաղտնի քվեարկություն և ընտրված կհամարվեն առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները, իսկ դրանից հետո Հանրային խորհրդի 30 անդամները կընտրեն մյուս 15 անդամներին: Դրանից հետո հանրապետության վարչապետը կառավարության նշանակմանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին, ով պետք է լինի 45 անդամներից որևէ մեկը»,- եզրափակեց փոխնախարարը: