կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-25 13:16
Իրավական

Ապրիլյան իրադարձությունների հետ կապված ՄԻՊ զեկույցները կարևոր հիմք են ՄԻԵԴ գանգատների համար

Ապրիլյան իրադարձությունների հետ կապված ՄԻՊ զեկույցները կարևոր հիմք են ՄԻԵԴ գանգատների համար

Մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների հայտարարություններում բացակայում է հասցեական գնահատականը, երբ խոսքը վերաբերվում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Նման կարծիք այսօր՝ «Հոդված 3» ակումբում անցկացված քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ օմբուդսմենի ինստիտուտը չպետք է կապել քաղաքականության հետ, ավելին՝ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա:

Խոսելով 2016-ի ապրիլյան իրադարձությունների և դրան հաջորդած բախումների վերաբերյալ հրապարակված զեկույցերի մասին՝ ՀՀ ՄԻՊ-ը նկատեց. «Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները որակով այնքան բարձր են, որ անգամ համեմատելու չէ ադրբեջանական տարբեր աղբյուրներից եկող զեկույցներից հետ»: Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է ճիշտ թիրախներ ընտրելը, հստակ իմանալը, թե ու՞ր ենք դիմում, ի՞նչ ձևաչափով:

«Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները շատ կարևոր հիմք կարող են հանդիսանալ Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատների համար»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 2-ին մարտական գործողությունների հետևանքով տուժած և պոտենցիալ տուժող հանդիսացող քաղաքացիական անձանց, ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից ընդհանուր առմամբ 700 գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքով՝ իրենց համար անսպասելի էր, որ Եվրոպական դատարանը շատ արագ կոմունիկացրեց զինծառայողների վերաբերյալ մոտ երկու տասնյակ գործ:

«Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպքեր տեղի ունենան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ) զոհվածների մարմինների նկատմամբ միջամտության հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով:

Երեք զինծառայողների առնչությամբ գանգատներում բարձրացվել է նաև նրանց կյանքի իրավունքի և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջին գանգատը ՄԻԵԴ է ուղարկվել նախորդ ամիս: Գանգատը վերաբերվում է նախորդ տարվա դեկտեմբերին Չինարի գյուղում երեք զինծառայողի սպանությանը, որը ոչ թե զինված բախման արդյունքում էր տեղի ունեցել, այլ խաղաղ պայմաններում:

Իրավաբանի խոսքով՝ չափազանց մտահոգիչ է սահամանամերձ գյուղերի գնդակոծության փաստը, որը շարունակական բնույթ է կրում: «Միջազգային կառույցները, եթե այս կոնֆլիկտն ընկալեն այլ կերպ, այսինքն հասկանան, որ սա ոչ թե տարածքների կռիվ է, այլ գոյատևման պայքար, և այստեղ առանցքային հարցը ոչ թե քաղաքականություն է, այլ մարդու իրավունքը, ամեն ինչ այլ կերպ կլինի»,-ասաց նա: