կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 11:25
Առանց Կատեգորիա

«Մարդիկ միանգամից ուզում են գեներալ դառնալ՝ չհասկանալով, որ նախ՝ պետք է լինել զինվոր»

«Մարդիկ միանգամից ուզում են գեներալ դառնալ՝ չհասկանալով, որ նախ՝ պետք է լինել զինվոր»

Մայրաքաղաքի թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը ծնվել է 1968 թ. փետրվարի 20-ին Երևանում: 1985 թ. ավարտել է մարզական թեքումով թիվ 10 հանրակրթական մասնագիտացված դպրոցի մարմնամարզության բաժինը: Սպորտի վարպետ է: 1986-1988 թթ. ծառայել է նախկին ԽՍՀՄ բանակում: 1988-1991 թթ. աշխատել է պետական մատակարարման համակարգում` որպես բաժնի վարիչի տեղակալ: 1990-1995 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի առևտրի կառավարում և էկոնոմիկա ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Բուհական ուսմանը զուգահեռ՝ 1991-1996 թթ. եղել է ԼՂՀ  «Լավատես» միավորման նախագահության անդամ և «Թեյշեբա» ֆիրմայի տնօրեն: 1996-2000 թթ. ՀՅԴ Գերագույն մարմնի տնտեսական բաժնի պատասխանատուն էր: 2000-2006 թթ. ղեկավարել է Սյունիքի թռչնաֆաբրիկայի կոմերցիոն բաժինը: 2006-2010 թթ. եղել է պահածոների «Ալիշան» գործարանի տնօրենը: 2010-2012 թթ. աշխատել է «Սիգարոն» ՍՊԸ-ում` որպես կոմերցիոն բաժնի տնօրեն: Ներկայումս «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ի տնօրենն է: ՀՅԴ անդամ է 1993 թվականից: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալու դեպքում Արթուր Խաչատրյանի հիմնական նպատակն է լինելու կենսագործել ՀՅԴ ծրագրով նախատեսված առաջնահերթությունները:

Արթուր Խաչատրյանն ամուսնացած է: Ունի երկու զավակ՝ Աշոտը և Արամը: Նրանք փորձում են շարունակել իրենց հոր կիսատ մնացած կռիվը: Աշոտը ծառայում է Պաշտպանության բանակում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան քառօրյային: Արամը  աչքի է ընկել Թալիշի պաշտպանական մարտերում: Արամ և Աշոտ Խաչատրյանները 2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին ստանձնել էին մարտական կարևոր դիրքերի պատասխանատվությունը: Արթուր Խաչատրյանը նույնպես, զենքը ձեռքին, որդիների հետ սահմանին էր` այնպես, ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին: Նա թե՛ նախորդ, թե՛ Ապրիլյան պատերազմում ազգային բանակին ցուցաբերել է նաև նյութական ու բարոյական աջակցություն` տարաբնույթ ծրագրերի միջոցով:

 - Պարո'ն Խաչատրյան, ըստ Ձեզ, ընտրողն ինչո՞ւ պետք է նախապատվությունը տա ՀՅԴ-ին և այդ կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուներին:

-   Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է մեր ժողովրդին ամբողջական պատկերացում տալ ՀՅԴ գործունեության մասին Հայաստանում և Սփյուռքում՝ ձգտելով վերացնել Դաշնակցության մասին որոշ հատվածների մոտ ձևավորված թյուրըմբռնումները: ՀՅԴ-ն ոչ միայն առաջ է քաշել սահմանադրական փոփոխությունների պահանջը, այլև անչափ կարևոր ծրագրեր է իրականացնում` թե՛ մեր երկրի զարգացմանը նպաստելու, թե՛ աշխարհասփյուռ հայության նպատակներն իրագործելու տեսանկյունից: ՀՅԴ-ն աշխարհի 32 երկրում մասնաճյուղեր ունեցող հզոր կառույց է, որն իր կրթադաստիարակչական և բարեգործական ծրագրերով, մարմնամարզական ու մշակութային կենտրոններով 100 տարուց ավելի է, ինչ նպաստում է հայապահպանությանը Սփյուռքում: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա ՀՅԴ այն հերոս գործիչների, օրինակ` Լիզբոնի տղաների և մյուսների մասին, ովքեր ազգային գաղափարի նվիրյալ մարտիկներ էին և իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայության վեհ նպատակների` ինչպես անցյալ դարում, այնպես էլ մեր օրերում: Կարծում եմ, որ ՀՅԴ-ին անհրաժեշտ է կարևորել հատկապես այս տեսանկյունից, ինչպես նաև՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսին համապատասխան: ՀՅԴ գործունեությունը ներկայացնելու առումով` եղած  բացը պետք է լրացվի: Մենք փորձելու ենք մեր ժողովրդին հասցնել ՀՅԴ կատարած լայնածավալ և տարաբնույթ աշխատանքները: Առանձնապես խոսքս վերաբերում է Արցախում իրականացված ծրագրերին, ՀՅԴ մասնակցությանը Արցախյան և Ապրիլյան պատերազմներին և վերջերս ազգային բանակի կազմում 500 հոգանոց  դաշնակցական ջոկատի ընդգրկմանը: Բացի այս խնդիրներից, պետք է բացատրական աշխատանք տարվի այն ուղղությամբ, որ ՀՅԴ-ն ժողովրդի քվեին է ուզում արժանանալ` ոչ թե ԱԺ-ում ֆրակցիա ունենալու, այլև Սփյուռքի ներուժը Հայաստան բերելու և հայրենիքի շենացման գործում նրանց ընդգրկելու համար: Մեր նպատակներից մեկն այն է, որ ամբողջ հայ ժողովրդին ներգրավենք և մասնակից դարձնենք մեր երկրի հզորացման գործընթացին: ՀՅԴ-ն պետք է կարողանա այս ընտրությունների արդյունքում ձևավորվող ԱԺ-ում նաև ներկայացնել իր հզոր ներուժը:

-   Ձեր նախընտրական ծրագրային դրույթներում , իբրև Հայաստանի հզորացման պայման, Դուք առաջ եք քաշում ստվերի դեմ իրական պայքարը և հարկային դաշտի առողջացման մի շարք առաջարկներ: Կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ նկատի ունեք:

 -    Ամբողջ աշխարհում հանդիպող կոռուպցիայի, ստվերի և տնտեսական մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմներ կան մշակված: Պարզապես անհրաժեշտ է կիրառել դրանք՝ տեղայնացնելով ու ելնելով մեզանում առկա հիշյալ խնդիրներից: Տեղին է հիշատակել հետևյալ փաստը: Նախորդ կառավարությունը ՀԴՄ-ների հետ կապված 2,5 % վճարն էր անում, և այս առումով, իմ կարծիքով,  անհրաժեշտ է այն բարձրացնել 10%-ի: Դրա շնորհիվ ստվերի տոկոսը բավականին կիջնի, և ժողովուրդը նույնպես կօգտվի ու այդ տոկոսային գումարից  ոչ միայն կվճարի իր կոմունալ ծախսերի մի մասը, այլև մանր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, ձեռնարկությունների, սուպերմարկետների ու խանութների սեփականատերերի նկատմամբ այդպիսով որոշակի վերահսկում կիրականացնի՝ հանդես գալով պահանջատիրոջ դիրքերից: ՀՅԴ-ի առաջարկած նախագծի հիման վրա մեր երկրի վերափոխված Սահմանադրության մեջ ներառվել է այն դրույթը, որի համաձայն՝ վերահսկողական գործառույթներ ունեցող կառույցներն անցնում են ընդդիմադիր ուժերի հսկողությանը: Ընդդիմությունն այլևս կարող է վերահսկել հարկային ու մաքսային դաշտերը՝ այդպիսով նպաստելով ստվերի նվազեցմանն ու վերացմանը: Պարզապես պետք է օրենքը գործի: Հակառակ դեպքում` ոչինչ չի փոխվի: Պետք է օրենքի հիման վրա ձևավորել այնպիսի Ազգային ժողով և կառավարություն, որ ոչ թե յուրաքանչյուր անհատ, այլ յուրաքանչյուր կազմակերպություն պատասխանատվություն կրի իր արածի ու չարածի համար:

 -    Այս առումով առաջ է գալիս նաև կադրային քաղաքականության խնդիրը: Որքանո՞վ է այն լուծված մեզանում:

 -  Մենք լուրջ խնդիրներ ունենք այդ ոլորտում: Մարդիկ միանգամից ուզում են, օրինակ, գեներալ դառնալ՝ չհասկանալով, որ նախ՝ անհրաժեշտ է լինել զինվոր: Երիտասարդ կադրերի պահանջը ճիշտ է, բայց չպետք է մոռանալ փորձի պակասի խնդրի մասին: Նկատի ունեմ նաև կուսակցական գործունեությունը կամ պաշտոնների ժառանգականության արատավոր երևույթը, երբ բարձր պաշտոնի հասած կուսակցական գործիչն իր զավակներին տեղավորում է պետական պատասխանատու  պոստերում՝ առանց հաշվի առնելու նրանց մասնագիտական փարձառության աստիճանը:

 -  Ազգային կրթության և հայեցի դաստիարակության պակասը ևս նպաստում է կադրային սխալ քաղաքականության զարգացմանը: Գուցե այն անհրաժեշտ է սկսել դեռևս դպրոցի՞ց՝ աճող սերնդի մեջ  սերմանելով պետականամետության և ոչ միայն սեփականամետության գաղափարը: 

- Այսօր մեր դպրոցահասակ երեխաներին ավելի շատ մտահոգում է օտար լեզուներ սովորելը, քան մայրենիի վրա ուշադրություն դարձնելը: Այնինչ`  դպրոցական կրթության հիմքում պետք է լինի հայոց լեզվի, հայ գրականության, հայ ժողովրդի պատմության իմացությունը՝ զուգորդված այլ առարկաների և լեզուների ուսուցմամբ: Անհրաժեշտ է մոռացությունից փրկել մեր ազգային սովորություններն ու ավանդույթները: Առաջնահերթ է մեծահասակների նկատմամբ հարգանքի, հոգատարության ու խնամքի սերմանումը աճող սերնդի դաստիարակության մեջ:  

-    Որպես երկու պատերազմի մասնակից և երկու զինվորականի հայր՝  ի՞նչ բացեր  եք  նկատում զինծառայողների հայրենասիրական դաստիարակության գործում և ի՞նչ կառաջարկեիք սահմանին ծառայող հայ սպայի արժանավայել ապրելակերպի ու նյութական ապահովվածության խնդիրների վերաբերյալ:

- Ես հպարտ եմ, որ իմ զավակներն ու ես կատարում ենք հայրենիքը պաշտպանելու մեր պարտքը այնպես, ինչպես կատարել են մեզանից առաջ շատերը: Այսօր նույնպես մենք Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովող հազարավոր հայ զինվորների կողքին ենք: Ողջունելի եմ համարում պաշտպանության նախարարի կողմից առաջ քաշված ազգ-բանակ կոնցեպտը և 1000-ական դրամների հավաքագրումը: Պարզապես կառաջարկեի, որ հայ մեծահարուստները սահմանը պահող սպայական կազմի ու նրանց ընտանիքների համար գումարներ հատկացնեին՝ այդ կապիտալով սահմանի բերանին բնակարաններ կառուցելու նպատակով: Այդպիսով` որոշ չափով կլուծվեր ծառայության ընթացքում բարվոք բնակարաններում նրանց բնակության հարցը: Բացի այդ՝ կառաջարկեի, որ բջջային կապի հայաստանյան օպերատորները, գերշահույթ ստանալու մոլուցքի փոխարեն, բարեսիրական քայլ կատարեն ու Արցախում վերանայեն իրենց սակագները: Չէ՞ որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնություն Հայաստանից ավելի էժան սակագնով ենք զանգահարում, քան Արցախում ծառայող մեր զինվորների հետ խոսելիս: Եվս մի առաջարկ ունեմ՝ կապված ակցիզային ապրանքների հետ, որոնցից որոշ մասի, ասենք՝ ծխախոտի ակցիզից` 20-ական կամ օղու ակցիզից 100-ական դրամ կարելի է նվիրաբերել մեր ազատամարտիկների համար ստեղծվելիք հատուկ հաշվեհամարին: Հասարակության մեջ չքաջալերվող այդ ապրանքատեսակների վաճառքից թող որոշակի գումար գնա հանուն հայրենիքի իրենց կյանքն ու առողջությունը դրած ազատամարտիկներին օգնելուն: Մեր պետությունը պետք է այս և այլ ծրագրերի իրականացման միջոցով հոգա նրանց կարիքները: Հայրենիքի անվտանգության ապահովման խնդիր ունենք նաև այսօր: Մենք պետք է ոչ միայն հպարտանանք Հայոց բանակով, այլև ամեն կերպ աջակցենք: Վտանգի պահին մեր ժողովուրդը բանակի ու զինվորի կողքին է մշտապես: Վկան Ապրիլյան պատերազմն էր, երբ անգամ փոքրիկները նամակներում վստահեցնում էին, թե պատրաստ են կռվել հայ դիրքապահների հետ, իսկ մեր ժողովուրդը թե՛ նյութապես, թե՛ բարոյապես բանակի կողքին էր: Ապրիլյան պատերազմի օրերին, կոնկրետ` Հադրութում, ես հայրենասիրական անպարտելի  միասնականության ոգի տեսա 18-20 տարեկան հայ զինվորների մեջ, ոգի, որի դեմը հնարավոր չէր առնել: Տեսա կազմակերպված ու կարգապահ բանակ, որտեղ համագործակցություն կար սպայի և զինվորների միջև: Տեսա մեր տղաների անբեկանելի կամքը, որ նույնիսկ մեկ սանտիմետր չպետք է զիջել հակառակորդին: Առաջնագիծ մեկնած ազատամարտիկներս նաև համոզվեցինք, որ երիտասարդ զիվորներին ոգևորելու խնդիր էլ չկար, քանի որ նրանց վարքագծից մենք էինք ոգևորվում: Համոզված եմ, որ Հայոց բանակի հետ 10 տարի հետո դժվար կլինի մարտնչել: Մեր զինվորներն ու սպայական կազմը լավագույնս են պատրաստված բոլոր տեսանկյուններից: Հատկապես` խոսքը հրետանուն է վերաբերում, որը հրաշքներ գործեց՝ գրեթե միշտ հարվածելով ուղիղ նշանակետերին և ոչնչացնելով թշնամու մարտական հենակետերը:

      

Արթուր Խաչատրյանը գալիք ընտրություններում կարևորում է արդարության սկզբունքը, որի հիման վրա մեր երկրում պիտի հաստատվի վստահության մթնոլորտ: Միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել հաղթանակի:                                                                

Հարցազրույցը՝ Մարիամ Հովսեփյանի