կարևոր
451 դիտում, 13 ժամ առաջ - 2024-12-11 13:49
Իրավական

Ալեն Սիմոնյանը նախ բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, բացի այդ, անհիմն հայց է և վճիռը չի կարող լինել Անժելա Թովմասյանի դեմ․ փաստաբան

«Չեմ կարող ասել, թե ինչու են Անժելա Թովմասյանի գրառման վրա կենտրոնացել»,- դատարանի բակում, լրագրողի հարցին ի պատասխան, ասաց Անժելա Թովմասյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր  Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Վիրավորանքի հիմք է հանդիսացել «պոռնիկ» բառի գործածումը:

Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590 000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110 000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։

Դիտարկմանը, որ Անժելա Թովմասյանի նկատմամբ, հատկապես տվյալ գործով, մեծ կենտրոնացվածություն կա, Հայկ Ալումյանը նշեց․ «Մենք պատրաստ ենք նույնիսկ ամենամեծ կենտրոնացման դեպքում ցույց տալ, որ Ալեն Սիմոնյանը նախ բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, և եթե նույնիսկ բաց թողած էլ չլիներ, նրա հայցն ակնհայտ անհիմն է և տվյալ դեպքում, իմ կարծիքով՝ որպես իրավաբանի, դատարանի վճիռը չի կարող լինել Անժելա Թովմասյանի դեմ»։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի ունեցավ «Ալեն Սիմոնյանը՝ ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի» գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվեց գործով վկա Հովհաննես Նալբանդյանը, ով ներկայացավ որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։