Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ խորհրդարանում, անթույլատրելի, աններելի է և Հայաստանի սահմանադրաիրավական պատմության զարգացման մեջ մնալու է որպես խայտառակ էջ. Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը:
Ընդ որում, փաստաբանը նախագծի հետ կապված որևէ անիրավաչափություն չի տեսնում՝ համարելով, որ օրենքների նախագծեր ներկայացնելն ու քննարկելը ամբողջությամբ ԱԺ իրավասության տիրույթում է և օրենսդիրը լիիրավ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել: Մյուս կողմից էլ, ըստ նրա, նախագծի բովանդակության գնահատականը պետք է տա Սահմանադրական դատարանը, ինչպես որ նախատեսում է օրենքը, և միայն ՍԴ-ն կարող է ասել՝ նախագծում օրենքին հակասող դրույթներ կան, թե ոչ, արդյո՞ք այն համապատասխանում է Սահմանադրության տրամաբանությանը, իրավաչա՞փ է, թե ոչ:
Փաստաբանի կարծիքով` խնդիրը, որը հասարակական, մասնագիտական դժգոհություն է առաջացրել, օրենքի ընդունման ընթացակարգերի կոպիտ խախտումն է, ինչի պատճառով էլ թե խորհրդարանի իմքայլական պատգամավորները, թե նրանց ընդունած օրենքը հայտնվել են քննադատությունների թիրախում: Այդ ընթացակարգերը խախտվել են միանշանակ, և դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Իսկ ընթացակարգային խախտումը վիժեցնում է ամբողջ սահմանադրաիրավական փոփոխությունների բովանդակությունը, նպատակները: Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի, թե ԱԺ-ում քվեարկության դրվելու դեպքում պետք է նախնական սահմանադրական գնահատական ստանա՝ ներկայացվելով ՀՀ Սահմանադրական դատարան: Այսինքն՝ նախագիծը պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պետք է ուղարկվեր ՍԴ, և երբ ՍԴ-ն իր դրական եզրակացությունը տար նախագծին, նոր այն կարող էր դրվել քվեարկության արդեն երկրորդ ընթերցմամբ: Բայց, փաստորեն, տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի բացառիկ, մենաշնորհային լիազորության յուրացում Ազգային ժողովի՝ մասնավորապես իմքայլական պատգամավորների կողմից, որոնք քաղաքական մեծամասնություն են կազմում:
«ՍԴ-ի բացառիկ լիազորությունը ստանձնելով՝ իշխող ուժը իրավունք վերապահեց իրեն նախագծի սահմանադրականության վերաբերյալ գնահատական տալ՝ հեղափոխական արդարացմամբ, թե ժողովուրդն է նման պահանջ ներկայացրել իրենց, և թե իրենք այդկերպ իրացնում են ժողովրդի իրավունքը, սպասելիքները: Իսկ ժողովուրդն ամենաբարձր օրենքն է: Եթե այդպես է, եկեք ամբողջ պետական բյուջեն հանձնենք ժողովրդին, թող նրանք որոշեն բյուջեի ճակատագիրը… Բնականաբար նրանք կուրախանան, բայց արդյո՞ք դա պետության կառավարում է», - փաստեց Ալեքսանդր Կոչուբաևը:
Ըստ փաստաբանի՝ իրականում ժողովուրդն իշխանությունների առաջ այլ պահանջ է դրել՝ Հայաստանում իրենց երջանիկ կեցությունն ապահովելու, որի պատասխանատվությունը ստանձնեցին իմքայլականները հեղափոխական հարթակներից արված հայտարարություններով: Եվ հիմա դրանով մոլորեցնում են իրենց ընտրողներին, թե երջանիկ կյանքին ՍԴ-ի ներկա կազմն է խանգարում, թե ՍԴ-ի անդամներին փոխելով վերջապես հեղափոխությունն իր ավարտին կհասցնեն, և այդ ժամանակ ամեն ինչ մեր երկրում կփոխվի:
«Բայց չէ՞ որ Սահմանադրական դատարանը հանրային լայն սպառման կառույց չէ, և սովորական քաղաքացները այնտեղ չէ, որ պետք է իրենց իրավունքներն իրացնեն, պաշտպանեն և երջանիկ լինեն: Անգամ մասնագետ փաստաբանները 20 տարվա գործունեության ընթացքում ընդամենը մեկ անգամ են դիմում ՍԴ, քանի որ դրա անհրաժեշտությունը չի լինում: Այսինքն՝ ՍԴ-ն հասարակական կյանքի, մարդկանց բարեկեցության, երկրի զարգացման համար այնքանով է պատասխանատու, որքանով որոշում է երկրի իրավաքաղաքական, տնտեսական կուրսերը: Բայց ակնհայտ է, որ ժողովրդի անունից խոսելով իրականում քաղաքական մեծամասնությունը ձգտում է սեփական հավակնություններին հագուրդ տալ, ստեղծել գրպանային ՍԴ և հետագայում զերծ մնալ այդ կառույցի հետ տարաձայնություններից: Ակնհայտ է, որ ՍԴ-ի դեմ սկսված արշավի նպատակներից է իրենց ուզած ելքով կանխորոշել երկրում թիվ մեկ դատավարությունը՝ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործով, տարբեր միջազգային և մեր արժեքներին պատերազմ հայտարարող կոնվենցիաների ընդունումն ու վավերացումը և այլ կարևոր հարցեր:
Եվ հետո՝ պատմությունը փաստել է, որ այն իշխանությունները, որոնք հաճախ են տալիս ժողովրդի անունը, ամենաբռնապետական, ամենաավտորիտար ռեժիմն են սահմանում երկրում, անթույլատրելի է ամեն անօրինականություն ժողովրդի անունից լեգիտիմացնել, դա նշանակում է ամեն ինչի պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա: Արդյո՞ք Սահմանադրության բռնաբարմամբ ընդունված նոր նորմատիվները մեր ժողովրդի համար բարեկեցություն են ապահովելու: Իհարկե՝ ոչ, քանի որ հակասահմանադրական լուծումների բերքահավաքին ժողովուրդն է մասնակցելու, եթե այս իշխանությունը ցանկացած գնով իր կարծիքն է թելադրում, ապա վաղը դա նաև ժողովրդի վրա է անդրադառնալու, ժողովրդի վրա է կիրառվելու»,- ասաց փաստաբանը:
Ալեքսանդր Կոչուբաևը վստահ է՝ հակասահմանադրական նախաձեռնությունների հետևանքով մենք ունենալու ենք ոչ պրոֆեսիոնալ ՍԴ, ինչի մասին են վկայում դատավորների՝ մամուլում արդեն սպրդացող անունները, որոնց այս իշխանությունը նախատեսում է նստեցնել ՍԴ-ում: Նրա համոզմամբ՝ եթե իրոք այդ դատավորները հայտնվեն Սահմանադրական դատարանում, ապա մենք ունենալու ենք խայտառակ կառույց՝ համալրված առանձնապես ոչ մեծ փորձառությամբ և պրոֆեսիոնալիզմ չունեցող դատավորներով: Փոխարենն իշխանությունը տուն է ուղարկում իրավական մտքի հզոր մասնագետների, որոնք փորձով, գիտելիքներով լավագույնն են մեր հանրապետությունում և դա ապացուցել են երկար տարիներով:
«Ցավում եմ, որ իշխանական խմբակցության մեջ կան իրավաբաններ, փաստաբաններ, որոնք իներցիայի տակ են ընկել և չեն մտածում, որ իրենք ևս քաղելու են այսօրվա հակաօրինականությունների պտուղները: Եվ նրանց միացավ նաև մեր Սահմանադրության երաշխավորը՝ ՀՀ նախագահը, որի պաշտոնը Սահմանադրության մեջ ներդրվել է հենց այն նպատակով, որ նման բախումները, հակասությունները, սահմանադրական տարբեր մարմինների միջև առաջացած վեճերը կարգավորի՝ օրենքի և ՀՀ Սահմանադրության գերակայությունը պահպանելով: Բայց նա դարձել է իշխանությունների պատվերները կնքող մեկը: Ինձ համար նա ընդամենը կնիքի դերակատարում ունի: Այսքան ժամանակ նա ընդամենը մեկ, թե երկու անգամ է դիմել ՍԴ, դրանցից մեկն այն ժամանակ էր, երբ ԱԺ-ի լիազորությունների կրճատման նախագիծն ընդունվեց և այն ժամանակ դեռ ՀՀԿ-ն խորհրդարանական ուժ էր: Սա թերևս նախագահին ընձեռված վերջին հնարավորությունն էր այդ պաշտոնի հեղինակությունը բարձրացնելու, բայց ինչպես խոստովանեց Արարատ Միրզոյանը, հենց նախագահականից են իրենց հուշել, թե ինչպես կարելի է նախագահին լիազորություններից զրկել: Սա զավեշտ է»,- նշեց է Ալեքսանդր Կոչուբաևը:
Իսկ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել այս գործով: Ինչպես երկու օր առաջ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էր ասել լրագրողներին՝ ՍԴ նախագահն ու դատավորները ոչ միայն կարող են պարզապես չենթարկվել ԱԺ-ի կողմից առանց ՍԴ եզրակացության ընդունած օրենքին, որն այդ պատճառով առոչինչ իրավական ակտ է, այլև պարտավոր են չենթարկվել, հակառակ դեպքում մասնակից են լինելու Սահմանադրության տապալման հանցագործությանը: Ալեքսանդր Կոչուբաևը վերահաստատեց՝ ՍԴ նախագահն ու երեք դատավորները, որոնց ցանկանում են տուն ուղարկել, չպետք է ենթարկվեն այս օրենքին, հակառակ դեպքում իրենք ևս կշրջանցեն Սահմանադրությունը: Մինչդեռ արդարադատության նախարարն արդեն հասցրել է ՍԴ նախագահին և երեք դատավորներին շտապեցնել երկու օրում իրենց լիազորությունները դադարեցնել և տեղը զիջել նոր թեկնածուներին: Ինչին ի պատասխան՝ ՍԴ չորս անդամները՝ Հ. Թովմասյանը,Ա. Գյուլումյանը, Ֆ. Թոխյանը, Հ. Նազարյանը, հայտնել են, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:
Այս հայտարարությունը մեկնաբանելով՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ ԱԺ պատգամավորները հաշվի չեն առել նաև այն հանգամանքը, որ գործող դատավորների լիազորությունները դադարեցնելու և նոր դատավորներ ընտրելու իրավական հնարավորություն ստանալու համար ՍԴ-ն պետք է խորհրդարանին ծանուցի թափուր հաստիքների մասին: Իսկ եթե այս դեպքում էլ ԱԺ-ն ինքնագործունեությամբ զբաղվի, ապա ՍԴ-ում մեկ կաբինետում երկու դատավոր կհայտնվի. «Քանի դեռ այդ ծանուցումը չկա, որևէ մարմին իրավունք չունի դատավորի թեկնածություն առաջադրել, ընտրել: Իշխանությունը երկու քայլ ունի անելու՝ սպասել մինչև ՍԴ-ն կծանուցի իրենց հաստիքների մասին, կամ նորից ժողովրդի անունը շահարկելով՝ ՍԴ անդամներին բռնի տուն ուղարկի: Բայց Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրայր Թովմասյանը այն մարդիկ չեն, որ միանգամից ասելու են ցտեսություն և հեռանան, իսկ Հրայր Թովմասյանն էլ հրաժարվելու է նախագահի պաշտոնից և մնա որպես ՍԴ դատավոր: Թող չմոռանան, որ գործ ունեն մասնագիտական, բարոյական, բարձր հատկանիշներով օժտված, սկզբունքային մարդկանց հետ, և պայքարը թեժ է լինելու»:
Ճանապարհներից մեկն էլ այն է, ըստ փաստաբանի, որ ՍԴ նախագահը կարող է դիմել վարչական դատարան՝ օրենքի ընդունման սահմանադրականության փաստը վիճարկելու համար: Ի դեպ, նրանք կարող են միանգամից դիմել ՄԻԵԴ՝ առանց բոլոր ատյանների սպառման, քանի որ ՄԻԵԴ պրակտիկայով՝ եթե դատական ատյանները սպառել են իրենց արդյունավետությունը, վստահությունը, իսկ այս դեպքում օրենքով սահմանված երաշխիքներ չկան արդարադատության համար, քանի որ հանրային իշխանության մարմինները խախտել են այդ երաշխիքները, դատավորները կարող են միանգամից դիմել ՄԻԵԴ: Վարչական դատարան կամ ՄԻԵԴ դիմելու դեպքում օրենքի կիրառումն առժամանակ կկասեցվի, իսկ քանի որ դա սովորական վեճ չէ, փաստաբանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ը շատ արագ արձագանք կտա, դրան ավելացրած՝ այնտեղ Ալվինա Գյուլումյանի ունեցած բացառիկ հեղինակությունը:
Ալեքսանդր Կոչուբաևը կարծում է, որ այսօրվա եղելությանը մենք կարող ենք գնահատական տալ հաջորդ իշխանության տարիներին և սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման փաստերն արձանագրել: Այսօրվա գնահատականները սուբյեկտիվ կլինեն այն առումով, որ իրավական գործընթացներ չեն նախաձեռնվի, քանի որ գլխավոր դատախազը հարկադրված խոր քուն է մտել: Թեև փաստաբանը սահմանադրական կարգի տապալման առումով որոշ վերապահում ունի և ասում է, թե դժվար է այսօրվա գործընթացներում սահմանադրական կարգի տապալում տեսնել, քանի որ դատական իշխանությունը սահմանող նորմերը փաստացի վերացված չեն, միայն ընթացակարգի խախտում է եղել, որով ՍԴ դատավորները տուն են ուղարկվում: Բայց մենք գործ ունենք իշխանության յուրացման ենթադրյալ հանցակազմի հետ, և այս ամենին տրվող գնահատականը միանշանակ պետք է քրեաիրավական լինի: