կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 20:28
Իրավական

Ադրբեջանցի դիվերսանտին բացառիկ մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանցի դիվերսանտին բացառիկ մեղադրանք է առաջադրվել

Փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ դիվերսիայի փորձ ձեռնարկած, ներկայումս կալանքի տակ տնվող Էլնուր Հուսեյնզադեին բացառիկ մեղադրանք է առաջադրվել: ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածը, որը վերաբերում է դիվերսիայի փորձ կատարելուն, հազվադեպ է կիրառվում:

Չնայած «դիվերսիա» եզրույթի լայն կիրառմանը` այն, որպես հանցագործության տեսակ, առավել  խոր հատկանիշներ ունի, և անձին նման մեղադրանք առաջադրելու համար քրեաիրավական բավարար հիմքեր են անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ  2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էին դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել էր Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել և ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157 մոտոհրաձային բրիադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով (դիվերսիայի փորձ կատարելը) եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելը): Փետրվարի 4-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը:

Դիվերսիա հանցագործության մասին պատկերացում կազմելու համար Yerkir.am-ը ներկայացնում է դիվերսիայի, դրա տեսակներին և կիրառությանը վերաբերող հարցեր:

Ի՞նչ է դիվերսիան

Դիվերսիա բառն առաջացել է լատիներեն  «diversion» բառից, որը թարգմանաբար նշանակում է շեղել, խափանել: Դիվերսիան որևէ պետության տնտեսական, ռազմական հզորությունն ու բարոյահոգեբանական վիճակը թուլացնելու նպատակով կազմակերպվող քայքայիչ գործողությունն է կամ մի քանի գործողությունները, որոնք, որպես կանոն, իրականանացնում են այդ նպատակով հատուկ պատրաստված անձինք` դիվերսանտները կամ դիվերսիոն-հետախուզական խմբերը: Դիվերսիան ուղեկցվում է կարևորագույն օբյեկտների կամ դրանց մասերի պայթեցմամբ, հրկիզմամբ կամ այլ եղանակով ոչնչացմամբ կամ վնասմամբ:

Սկզբնական շրջանում դիվերսիայի տակ ընդունված էր հասկանալ փոքրաթիվ ուժերի կողմից իրականացված այն ռազմական գործողությունը, որն ուղղված էր թշնամուն ապակողմնորոշելուն, հիմնական ուղղությունից ուշադրությունը շեղելուն:

Ի. Դ. Սիտինի հեղինակած ռազմական հանրագիտարանում (1911-1915թթ.) դիվերսիան դիտարկվում էր որպես մարտի տեսակ, լրացուցիչ գործողություններ, որոնց նպատակը հակառակորդի ուշադրությունը շեղելն է` հիմնական գործողության իրականացումը հեշտացնելու համար:

Սակայն փշրող պայթուցիկների (ինչպիսին է, օրինակ, դինամիտը) ի հայտ գալով` «դիվերսիա» եզրույթի (տերմինի) նշանակությունը որոշակի փոփոխության ենթարկվեց: Դրանք հնարավորություն տվեցին փոքր մարտական խմբերով արդյունավետ գործողություններ ծավալել հակառակորդի թիկունքում:

Ըստ բնույթի և ուղղվածության՝ դիվերսիան ընդունված է եղել դասակարգել հետևյալ տեսակների`

  • տնտեսական (հարված ձեռնարկություններին, տրանսպորտին, ֆինանսական համակարգին և, ընդհանրապես, երկրի տնտեսական ներուժին, հարաբերություններին ու կապերին).
  • քաղաքական (քայքայիչ գործունեություն, կազմալուծում, սադրիչ քարոզչություն, կոռուպցիայի խթանում և ինտրիգների սրում կառավարական ու ազդեցիկ քաղաքական շրջանակներում).
  • ռազմական (սպառազինության, ռազմամթերքի, պահեստների, զինանոցների, ամրոցների, կապի կայանների և այլ ռազմավարական օբյեկտների պայթեցում ու վնասում).
  • ահաբեկչական (հասարակական-քաղաքական ու ռազմական գործիչների սպանություն կամ նրանց առողջության վնասում):

 Դիվերսիայի ժամանակակից դրսևորումները

 Ներկայումս աշխարհի շատ  երկրներում տարածված են  դիվերսիա հանցագործության ժամանակակից դրսևորումները (տեղեկատվական, բնապահպանական դիվերսիա): Գիտության, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց` առաջացել է, այսպես կոչված, համակարգչային դիվերսիան: Տեղեկատվությունը պահվում է հիմնականում համակարգչի և դրան միացվող կամ հարակից սարքերի հիշողությունում, որտեղ կենտրոնացված են գիտության, տեխնիկայի, արդյունաբերության, զինված ուժերի, կառավարման և այլ ռազմավարական ոլորտներում օգտագործվող տեղեկատվության ահռելի ծավալներ, ինչը կարող է կարճ ժամանակահատվածում ոչնչացվել:

Իրենից լուրջ վտանգ է ներկայացնում նաև բնապահպանական դիվերսիան, որը գնալով կարող է մեծ մասշտաբների հասնել: Շրջակա միջավայրի դեմ ուղղված դիվերսիոն գործողությունների փորձերից են, մասնավորապես, 1995թ. չեչեն ահաբեկիչների կողմից մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութերով տարաներով Մոսկվայի այգիներից մեկի շրջափակումը և 2000թ. ճապոնացի գործազուրկ Օսիֆա Տացուֆումի կողմից Տոկայմուրայի հետազոտական կենտրոնում միջուկային գործարանը պայթեցնելու փորձը և այլն:

 Դիվերսիան Հայաստանի Հանրապետությունում

 Հայաստանի Հանրապետությունում գործ ունենք դիվերսիա հանցագործության դասական ձևի (պայթյուններ, հրկիզումներ և այլ գործողություններ կատարելը) հետ, որը, որպես կանոն, տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին` հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:  Նկատենք, սակայն, որ գործնականում ՀՀ սահմանին գերակշռում են դիվերսիոն փորձերը, այսինքն` դիվերսիա հանցագործությունը, որպես այդպիսին, ավարտին չի հասցվում:

 Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածի` դիվերսիան պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելն է՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումների, կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը:

Այս հոդվածի դիսպոզիցիան, կարելի է ասել, խորհրդային ժամանակների քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի (ՀԽՍՀ քր.օր. հոդված 63) կրկնությունն է, այն տարբերությամբ, որ, եթե ՀԽՍՀ քրեական օրենսգրքում մասնավորեցված էր հանցագործության նպատակը, այն է` որևէ պետության տնտեսական, ռազմական հզորությունն ու բարոյական վիճակը թուլացնելը, ապա գործող քրեական օրենսգրքով` նպատակը պարզապես պետությունը թուլացնելն է և, եթե ՀԽՍՀ քրեական օրենսգրքով տվյալ հանցագործությունն ուղղված էր ԽՍՀՄ տնտեսական հիմքի դեմ, ապա գործող օրենսգրքով մասնավորեցված է, ընդհանուր առմամբ, պետությունը թուլացնելու նպատակով կատարվող գործողությունների շրջանակը:

«Դիվերսիա» հանցատեսակը տեղ է գտել նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում: Այստեղ դիվերսիա հանցագործությունը սահմանված է 397-րդ հոդվածում, որը գործող` 303-րդ հոդվածի վերախմբագրված տարբերակն է: Միակ փոփոխությունն այն է, որ գործող ՔՕ համապատասխան հոդվածում սահմանված «այլ գործողություններ» հասկացությունը փոխարինվել է  «հանրավտանգ այլ արարք» ձևակերպմամբ:

Վերջին 10 տարում ՀՀ-ում դիվերսիա կատարելու համար որևէ անձ չի դատապարտվել

Մեր կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ առնվազն վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության  տարածքում դիվերսիոն հանցագործություն կատարելու համար որևէ անձ պատժի չի ենթարկվել:

Տարիներ առաջ  քրեական գործ էր հարուցվել ՀՀ-ում դիվերսիա նախապատրաստելու փաստով (քրեական գործ N58211812), որը հետագայում կարճվել էր: Այսպես` 2012թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 35-303-րդ հոդվածով` ազգությամբ ադրբեջանցի Ալեքսանդր Ուսոևի կողմից այլ անձանց հետ Հայաստանի Հանրապետությունը թուլացնելու նպատակով դիվերսիա` մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների, այլ գույքի ավերմանը կամ վնասմանն ուղղված պայթյուններ կատարելու նախապատրաստության դեպքի առթիվ:

Քննիչի` 2013թ. փետրվարի 6-ի որոշմամբ` քրեական գործի վարույթը, դիվերսիայի նախապատրաստություն կատարելու մասով, կարճվել է, և Ուսոևի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Կարճման համար հիմք է հանդիսացել Ուսոևի ցուցմունքն այն մասին, որ ինքը հոգեկան հիվանդություն ունի և չի հասկանում, թե ինչ է ասում, հետևաբար` իր կողմից տրված այն հաղորդումը, թե պատրաստվել են Վրաստանից Հայաստան պայթուցիկ տեղափոխել և Հայաստանում դիվերսիա իրականացնել, չի համապատասխանում իրականությանը:

Դիվերսիա կամ դիվերսիայի փորձ չեն որակվել անգամ 2014թ. հուլիսին Ադրբեջանի երկու քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից իրականացված գործողությունները:

Դեպքից հետո ԼՂՀ ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը և դատախազությունը պաշտոնապես հայտարարեցին, որ Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարվածը դիվերսիոն գործողություններ են: Նշենք, որ 2014թ. հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որը կասեցվել էր. խմբի անդամների մի մասը հայտնաբերվել և ձերբակալվել էին, իսկ մյուսները դիմել էին փախուստի:  ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 11-ին հրապարակել էր ադրբեջնական դիվերսիոն խմբի և դրա գործողությունների մասին վկայող փաստեր, այդ թվում` լուսանկարներ: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները, համաձայն դատավճռի, սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ` 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին:

 ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննված N0130/01/2014 քրեական գործով` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 5 հոդվածի հատկանիշներով.  Գուլիևին` լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու,  կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, անձին բացահայտ առևանգելու, գույքի գաղտնի հափշտակության, իսկ Ասկերովին նաև` ազգային ատելության շարժառիթով կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելու համար: Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով` Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման:

Ըստ գործի նյութերի` կազմակերպված խմբի անդամ Շահբազ Գուլիևը Ադրբեջանի հետախուզության օգնությամբ հատել է ԼՂՀ զինված ուժերի կողմից պահպանվող ղարաբաղա-ադրբեջանական պետական սահմանը և տեսանկարահանելու և մեկնաբանելու միջոցով հավաքագրել է պետական գաղտնիք կազմող և հատուկ ռազմական նշանակության` սահմանի ներթափանցման ուղղության, մարտական դիրքերի և զորամասերի տեղակայման վայրերի ու դրանց մատույցների, հրաձգարանների, ռազմական տեխնիկայի տեսակների, վերահսկողությունից դուրս մնացած շրջանների (դիվերսիոն–հետախուզական խմբերի ներթափանցման դեպքում նրանց ծածուկ տեղաբաշխման և պահոցների սարքավորման նպատակով), առանց խոչընդոտի ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցելու վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության ռազմական հետախուզությանն ուղղված քարոզչության, ինչպես նաև ընդհանուր ռազմական նշանակության` զինվորական ավանների, համապետական նշանակության էլեկտրալարերի և կապի ցանցի նկարագրության, Քարվաճառի ավտոճանապարհի վիճակի թողունակության հնարավորության, «Սոթք» ոսկու հանքի, կոմբինատի և գործունեության ծավալների մասին այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են ինչպես օպերատիվ և հատուկ նշանակության օբյեկտներին, որոնց շարքից հանելու, պաշտպանության կայունության ապահովումը դժվարացնելու ձևով կարող են ի վնաս օգտագործվել ԼՂՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռմխելիությանն ու արտաքին անվտանգությանը:

Ուսումնասիրելով հիշյալ քրեական գործի նյութերը` պարզ է դառնում, որ Ադրբեջանի քաղաքացիների գործողությունները նաև դիվերսիա որակելու համար բավարար հիմքեր չեն եղել: Նշենք, որ թեև նախաքննության ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների կատարած գործողությունները դիվերսիա չորակվեցին, և նրանց դիվերսիայի հոդվածով մեղադրանք չառաջադրվեց, իսկ դատարանը նրանց դատապարտեց սպանության, լրտեսության և այլ գործողությունների համար, այնուամենայնիվ, հանրության շրջանում, ինչպես նաև միջազգային հարթակներում մինչ օրս նրանք հայտնի են որպես դիվերսանտներ: Այս ամեից հետևում է, որ «դիվերսիա» եզրույթը մեր երկրում հաճախ կիրառվում է  ոչ թե որպես քրեաիրավական, այլ որպես ռազմական տերմին:

 Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր արարքը որպես դիվերսիա որակելու համար

Դիվերսիա արարքին ճիշտ քրեաիրավական որակում տալու համար անհրաժեշտ է նախ պարզել հանցագործության նպատակը, հանցավոր գործողությունների հաջորդականությունը, իսկ հանցագործությունն ավարտված համարելու համար պարտադիր չէ հետևանքների առկայությունը:

Համաձայն ՀՀ ՔՕ 303-րդ հոդվածի՝ դիվերսիայի նպատակը պետությունը թուլացնելն, ինչը մի փոքր հարաբերական է:

Պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի խոսքով՝ դիվերսիա իրականացնելով` պետությանը հարկադրում են զիջումների գնալ, սակայն, մեկ կամ մի քանի մարդ սպանելով, պետության հիմքերը չեն կարող թուլացնել, ընդհակառակը` նման դեպքից հետո պետությունը, հաշվի առնելով հնարավոր բացասական զարգացումները, ավելի հուսալի է դարձնում իր անվտանգությունը։ «Դիվերսիայի նպատակը պետության անվտանգությունը խոցելի դարձնելն է, ոչ թե պետությունը թուլացնելը։ Դիվերսիան ոչ թե պետությունը թուլացնելու հիմնական նպատակ պետք է լինի, այլ սոսկ նպատակներից մեկը»,- Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա։

Ըստ նրա` արարքին ճիշտ քրեաիրավական որակում տալու համար պետք է դիտարկել նաև խնդրի քաղաքական կողմը, քանի որ դիվերսիան ինքնին քաղաքական ուղղվածություն ունի։ Որոշ դեպքերում դիվերսիայի հանցակազմի հատկանիշները համարժեք պատկերացնելու համար պետք է բավարար իրազեկված լինել և հաշվի առնել նաև տվյալ պետության ղեկավարության պաշտոնական փաստացի քաղաքականությունը, այդ թվում՝ հայտարարությունների բնույթը և այն։ Օրինակ` հարևան երկրի նախագահի ռազմատենչ հայտարարություններին հետևող դիվերսիաները առնվազն անհիմն կլինի որակել սոսկ սպանության դեպքեր, ակնհայտ է, որ դրանք սոսկ արտաքին հատկանիշներով են նման սպանության դեպքերին, սակայն բոլորովին այլ շարժառիթներով ու նպատակներով են իրականացվում:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի կարծիքով էլ՝ պարտադիր չէ, որ պայթյունի, հրկիզման կամ այլ գործողությունների արդյունքում հանցագործության առարկա հանդիսացող օբյեկտները ոչնչանան կամ վնասվեն, մարդիկ զոհվեն կամ այլ հետևանքներ առաջանան: Հանցագործությունն ավարտված է համարվում նշված գործողությունների ավարտման պահից՝ անկախ այն հանգամանքից` վտանգավոր հետևանքներն առաջացե՞լ են, թե՞ ոչ:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ