Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ դիվերսիայի փորձ ձեռնարկած, ներկայումս կալանքի տակ գտնվող Էլնուր Հուսեյնզադեի շահերը ներկայացնում է ԼՂՀ հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան Արկադի Իսրայելյանը: Նա Yerkir.am-ին հայտնեց, որ երկու անգամ այցելել է ադրբեջանցի զինծառայողին:
Ըստ Իսրայելյանի` Հուսեյնզադեն առողջական խնդրից չի դժգոհել: Քրեական վարույթն իրականացնող մարմինը ադրբեջանցի դիվերսանտին է տրամադրել նաև ադրբեջաներեն լեզվով թարգմանված` որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը, նրա իրավունքների և պարտականությունների ցանկը:
Նշենք, որ օրեր առաջ նրան էր այցելել նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու նրան փոխանցել Եվրոպական կոնվենցիան՝ ադրբեջաներեն լեզվով։
2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էին դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել էր Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել և ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով(դիվերսիայի փորձ կատարելը) եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելը):
Փետրվարի 4-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը: