կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 22:43
Հասարակություն

Մեղադրանք է առաջադրվել «Narek Sargsyan» օգտատիրոջը՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել «Narek Sargsyan» օգտատիրոջը՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

2020 թ. մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ՝ «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից «Facebook» սոցիալական կայքում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ անհատական էջից ներբեռնվել է կայքի բոլոր օգտատերերի համար հասանելի՝ 21 րոպե տևողությամբ տեսանյութ, որի զննությամբ պարզվել է, որ հիշյալ օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: