կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-14 16:49
Հասարակություն

Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր

Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր

Այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի երրորդ անդամի ձերբակալվելու մասին լուրը: Մինչ ուժային կառույցները փորձում էին գտնել ու բռնել փախած դիվերսանտին, հանրության շրջանում տարածվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, թե ադրբեջանական եռյակը դիվերսիոն խումբ չի եղել, թե նրանք բոլորովին այլ նպատակներով են ներթափանցել հայկական պետությունների տարածքներ և այլն:

 

ԼՂՀ ՊԲ-ն Yerkir.am-ին տրամադրել են բացառիկ կադրեր, որոնք նկարահանել են հենց դիվերսանտները` իրենք իրենց: Կադրերում նրանք երեւում են իրենց զենքերով ու տեսագրում իրենց զրույցը: Մորթված հորթի կտորները, «Ջերմուկ»-ի շիշը, դիվերսանտների խոսակցություններից դատելով, հայ անասնապահների մոտից են գողացել: Հստակ երեւում են նաեւ դիվերսանտներից մեկի կողքից կախված ատրճանակը, այլ զենքեր: Իսկ խոսակցության թեման, թերեւս, սեփական արարքների մասին գլուխգովանությունն է, նաեւ հպարտանում են, թե գողությունն ադրբեջանցիների պապենական մասնագիտությունն է...

 

Ստորեւ բերում ենք նրանց խոսակցությունից մի փոքրիկ հատվածի թարգմանությունը:

 

-Այն բանը վերցրու այնտեղից' դանակը, Հասա'ն, դանակը:


- Սովածության պատճառով ուժասպառ էինք եղել եւ եկել ենք այստեղ, տեսել ենք, որ ճանապարհի կողքին մի հատ հորթ կա, մորթել ենք այդ հորթը, խորոված ենք անում: Տեսե'ք միսը` հորթի բուդը, որը ջրի մեջ է, իսկ մնացած մսից խորոված ենք անում: Փոքրիկ մանղալ, իստիսու «Ջերմուկ» ջուր, իրականում օղի է մեջը: Անասնապահների ֆերմայից ենք վերցրել, շշի վրա գրված է «Ջերմուկ», բայց իրականում օղի էր: Վերցրեցինք: Կամաց-կամաց ուտում ենք: Սակայն որոշ զինվորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են' կգնանք, էնտեղ սովամահ կլինենք:

 

-Միսը քա՞ղցր է:


-Հաաա, 10 մանաթ արժե Բաքվում: Եթե գնայինք Բաքու, տե'ս ինչքա~ն կարժենար:


-Սովորեցնում ենք իրեն հորթ գողանալ, որ ապագայում ինքն էլ զբաղվի հորթի գողությամբ: Գողությունը մեր պապենական մասնագիտությունն է: Այն ժամանակ հորթ չգողացող տղային աղջիկ չէին տալիս...:

 

Մանրամասները' տեսանյութում:

 

 

(Լրացված 18:30)

Այս առումով դիմեցինք նաեւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին' դիվերսիոն խմբի չեզոքացման ամբողջ գործողության մասին լրացուցիչ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

 

Հովհաննիսյանը նշեց, որ ինֆորմացիան հանրությանը մատուցող լրատվամիջոցներից շատերը, պետք է հասկանան, որ սա մարտական գործողություն է, ընդ որում' ոչ դասական:

 

«Երբ, օրինակ, Տավուշում կամ Արցախի այս կամ այն հատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում, այդ տեղեկույթը հնարավորինս արագ է հասնում տեղ, ու նրանք, կարծես, ընտելացել են այդ իրավիճակին: Բայց դիվերսիոն գործողությունը, ընդ որում' որոշակի խորության վրա եւ ոչ անմիջապես սահմանագծին,  պարունակում է օպերատիվ որոշակի աշխատանք, եւ ձեռքը սեղանին խփել ու պահանջել, որ ինֆորմացիան անմիջապես հասնի, այնքան էլ տեղին չէ: Առավել եւս' պահանջողների հիմնական փաստարկն այն էր, թե իբր ժողովուրդը խուճապի է մատնված եւ պետք է ժողովրդին բացատրել: Նախեւառաջ' այդ խուճապը չափազանցված էր հենց նույն խուճապ առաջացնողների կողմից, սրան գումարած' խուճապը տարածվում է այն ժամանակ, երբ սկսում ես դրա մասին անորոշ երանգներով շատ խոսել, իսկ անորոշ երանգներով խոսեցին շատ լրատվամիջոցներ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, թե սա այն դեպքերից էր, որի ժամանակ շտապողականությունը կարող էր լրջորեն վնասել,  ինչ-որ տեղ նաեւ վնասել է օպերատիվ աշխատանքին:

 

Պն մամուլի խոսնակն ընդգծեց նաեւ, որ դիվերսիաներ շատ են եղել սահմանագծին, իսկ նման դեպքեր շատ քիչ են եղել, եւ այս խմբին չեզոքացնելու աշխատանքը շատ նուրբ աշխատանք էր: Իսկ այս դեպքի կապակցությամբ ՊՆ-ի հասցեին հնչած քննադատության վերաբերյալ էլ ավելացրեց, որ առաջնային աշխատանքը կատարվել է հայկական մյուս հանրապետությունում' ԼՂՀ-ում, եւ տեղեկատվության առաջնային պատասխանատուն նրանք են եղել ու նրանք են որոշել այդ քաղաքականությունը որդեգրել: Հովհաննիսյանը շեշտեց' ԼՂՀ համապատասխան մարմիններն այնքան պրոֆեսիոնալիզմ ունեն, որ իրենք որոշեն, թե ինչու հենց այդ ժամին եւ ոչ ավելի շուտ, ինչու այդ կերպ, այդ եղանակով հաղորդվեց դրա մասին: Երբեմն պետք չէ միջամտել պրոֆեսիոնալների աշխատանքին:

 

«Ցավում եմ, որ ոչ միայն լրատվամիջոցներում, այլեւ մեր շատ ու շատ մարտական ընկերներ, որ հետախուզության փորձ ունեն, այդպես մակերեսային մեկնաբանեցին եւ փորձեցին այնպես ներկայացնել, թե սա դիվերսիա չէ, դիվերսիոն խումբ չէ, չէր կարող դիվերսիոն խումբն այդպես աշխատել եւ այլն: Ժամանակները փոխվում են' 21-րդ դարում կան պատերազմների նոր կանոններ: Ուշադիր հետեւեք Ուկրաինայում կամ Իրաքում ծավալվող գործողություններին' մարտական խմբավորումները, կլասիկ ստորաբաժանումները, նույնիսկ դիվերսիոն ստորաբաժանումները, որոնց մենք ընտելացել ենք, արդեն հաճախ չեն կիրառվում, այլ կիրառվում են անկանոն գործողություններ, անկանոն դիվերսիոն խմբեր: Սա այդ օրինակներից է: Անհերքելի է, որ այս  խումբը դիվերսիոն էր եւ ուներ հստակ նպատակներ' հանցանքներ գործել, որոշակի գործողություններ կատարել եւ այլն»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Մեր հարցին' վերջին շրջանում դիվերսիոն փորձերը, խմբերի ներթափանցման դեպքերը հաճախակի են դարձել, արդյո՞ք սա մեր պաշտպանական գծի խնդիրների մասին չի խոսում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման խնդիր չկա, հակառակորդը առաջնագծի տարբեր տեղերից ներթափանցման փորձեր է անում, բայց վատ պատրաստվածության պատճառով միշտ էլ կա'մ ամենասկզբում են հայտնաբերվում ու ներթափանցումը կանխվում է, կա'մ սկզբնական փուլում, ու նրանք չեն կարողանում իրենց առջեւ դրված խնդիրները կատարել:

 

Իսկ այս դեպքում, երբ դիվերսիոն խումբը հաջողեցրել էր հայտվել մեր թիկունքում` այդքան խորության վրա, ու մի քանի օր շարունակ նրա անդամներին փնտրում էին, այս առումով էլ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր դիվերսիոն խումբ, նախեւառաջ, հատուկ պատրաստություն է անցնում հենց նման գործողությունների համար: Ու այստեղ մեկ անգամ եւս պետք է ընդգծեմ մեր համապատասխան ստորաբաժանումների բարձր պատրաստվածությունը, որ կարողանում են ժամանակին հայտնաբերել ու չեզոքացնել նման խմբերին»: