Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի շարք բացահայտումներ է արվում 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ։
Ձայնագրությունը պատկանում է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին. ձայնագրությունն արվել է Սամիդլիի մահվանից օրեր առաջ։
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը փաստում է, որ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն էլ եղել 44-օրյա պատերազմին, որ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն և զինամթերք, հետևաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում։
Այս ձայնագրությունը կարևոր է նաև հայ հասարակության մեջ սեփական բանակի նկատմամբ վստահության բարձրացման տեսանկյունից՝ չնայած հայաստանյան իշխանությունների՝ բանակը քանդելուն և հեղինակազրկելուն ուղղված շարունակական քայլերին։
Ստորև ներկայացնում ենք Yerkir.am-ի կողմից ձայնագրության թարգմանությունը (որոշակի կրճատումներով)։
«Պատրաստություն պատերազմին
Գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը (պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ) մեզ շատ էր ճնշում։ Նա մեզ ստիպում էր, որ թշնամու վերաբերյալ ստացած տեղեկությունների քանակը քիչ ցույց տանք։ Միայն թե զեկուցեն Գերագույն հրամանատարին, որ մենք (քանակային) գերակայությունը ապահովել ենք և պատրաստ ենք պատերազմի։ Սակայն կորպուսի հրամանատարներն ասացին, որ այ մարդ, մենք չենք կարող 140 տանկի դեմ 140 տանկով գնալ։ 140 տանկի դեմ ես պետք է 250 տանկով գնամ։ Նրանք էլ ասում էին, որ քանակը քիչ ցույց տանք։
Մեր հրամանատարն էլ չէր ցանկանում դա անել, սկսեցին (Հասանովը) նրան վիրավորել. «Պամպերս հագիր դու, վախկոտ»։ Նա էլ ասում էր. «Ես վախկոտ չեմ, պրոֆեսիոնալ զինվորական եմ։ Ես եթե հարձակվում եմ, պետք է եռապատիկ առավելություն ունենամ, որպեսզի զինվորներս շատ չմեռնեն»։ Ես 6 գումարտակով հարձակվել եմ 9 գումարտակի դեմ, բայց չպետք է այդպես լիներ։ Որովհետև կորուստ տալով թուլանում ես։ Թշնամին պաշտպանության է նստած և 30 տարվա պաշտպանական համակարգ ունի։ Նրանք էլ մեզ ստիպում էին, որպեսզի օգոստոսին, Թովուզի դեպքերին (Տավուշում հուլիսյան բախումներ), ՊՆ-ի հաղորդագրություններում թշնամու քանակը քիչ ցույց տայինք։
Եթե թուրքերը չգային... Թուրքերը եկան, նրանց ոչ մի բան չկարողացավ ասել։ Ի՞նչ էր ասելու։ Բահթիյար փաշան (նկատի ունի Բահթիյար Էրսոյին՝ Ադրբեջանում թուրքական զորակազմի հրամանտար, թուրքական ցամաքային զորքերի օպերատիվ գծով հրամանատար, գեներալ-մայոր) կգնա ու Էրդողանին կպատմի, նա էլ կասի, եղբայր, քեզ խաբում են, այդպես չէ։ Նրանից հետո Բայրաքթարը (ԱԹՍ) եկավ։ Բայրաքթարը չգար, առավելություն չէինք կարողանա ապահովեինք։ Հարձակման ժամանակ անհաջողություն կկրեինք։
Մոբիլիզացիա
-Ինչպես է անցել մոբիլիզացիան…
-Դրանք խայտառակ վիճակում են։ Ինչպես արդեն ասացի, ցուցակներում ասվում էր, որ պետք է զորակոչվեն վերջին 3 տարում զորացրվածները, ովքեր չեն մոռացել զենք բռնել, կռվել։ Բայց նրանք բերեցին 2005, 2006, 2008 թ. զորացրվածներին, զորացրվել են 10-15 տարի առաջ։ Նրանք ոչինչ չեն հիշում ծառայությունից։ Նաև նրանց ֆիզիկական հնարավորություններն են թուլացել, նրանք արդեն տարիքով են։ Ինձ (սեպտեմբերի) 21-ին (մոբիլիզացված զորք) բերեցին, 26-ի գիշերը հարձակման անցա։ 5 օրում ինչ կարող էի սովորացնել զինվորին։ 5 օրում ինչ կհասցնեի, նրանց ընդունեցի, հագցրեցի, զենք տվեցի։ Չկարողացա ոչ մի պատրաստություն անցկացնել։ Բայց եթե նրանց ինձ տային 10-15 օր առաջ, ես նրանց կպատրաստեի կռվի, պատերազմը 44 օր չէր տևի, 20 օրում կվերջանար։ Պատերազմի ամեն օրը երկրին միլիարդավոր դոլարներ են արժեցել։ Ամեն օր։ Ինչքան պատերազմը երկարում էր, մեր տնտեսությունը տուժում էր։
44 օր
-Ինչու 44 օր տևեց։
-Գլխավոր պատճառներից մեկը հրետանային կրակի գերակայությունն էր։ Թշնամու մոտ էր այն։ Որովհետև մենք շատ Դ30-Դ44 ունեինք, դրանք 15 կմ էին խփում։ Բայց թշնամին ուներ Դ20, որը 30 կմ էր խփում։ Ինձնից թնդանոթները 15 կմ առաջ էր տեղակայում, ես արկը լիցքավորում ու չէի կարողանում նրան խփել, իսկ ինքը ինձնիցն 15 կմ հետ էր խփում։ Իմ դիվիզիոնները նույնպես։ Եվ դա դանդաղեցնում էր իմ հարձակումը։ (Պատերազմի) Երկար ձգվելու հիմնական պատճառներից մեկն այս էր։ Ամենամեծ պատճառը այն էր, որ նրանք (ադրբեջանցի գեներալները)… հարվածային գումարտակներ, լեռնային դեսանտային բրիգադներ չէին պատրաստել։ Միայն հետևակ էին պատրաստել։ Հետևակն էլ ինչ պետք է աներ այս տարածքում։ Հատուկ զորքեր են պետք լեռներում, անտառներում կռվելու համար։ Իմ բանակային կորպուսում մեկ հետախուզական գումարտակ ունեի՝ 300 անդամով։ Այն ունի նաև երկու ստորաբաժանում՝ հատուկ նշանակության։
Անհրաժեշտ էր քանակն ավելացնել։ Քանի առաջարկներ էինք գրել, մասնավորապես ապրիլյան բախումներից հետո…հարվածային գումարտակներ են մեզ պետք։ Թող իմանան լեռնային հատվածում կրակել, կռվել։ Մեզ դա չտվեցին։ Չթողեցին անձնակազմին սովորացնել դա։
-Դո՞ւք էիք կրակում 15 կմ։
-Այո, նրանք Դ20 ունեին։
-Ինչու մերոնք չէին գնել այդ 30 կմ կրակող հրետանուց։
- Խնդիրն այն է, որ Բելառուսը Դ20 էր վաճառում, դրանք չգնեցին, գնացին ՌԴ-ից Դ30 գնեցին։ Այդ Դ20-ները Բելառուսը Հայաստանին վաճառեց։ Ինչքան վնաս են մեզ տվել այդ Դ20-ները պատերազմում։
Անբավարարություն
-Մենք չե՞նք ունեցել սաղավարտներ։
-Զրահաբաճկոններ, սաղավարտները չէին բավականացնում, իսկ զինամթերքը սպառվել էր երկու շաբաթում…
Զրահաբաճկոններով 62 տոկոս էինք ապահովված, կապի սարքավորումները՝ 49 տոկոսով, 51 տոկոսի պակաս ունեի կապի սարքավորումների։Կռվից 3 օր առաջ Տ55 տանկեր էին ուղարկել։ Ոչ մեկ կապի սարք չուներ։ Տանկը տանկի հետ չէր կարողանում կապ ապահովեր։ Այսինքն մենք այս կերպ ենք հաղթել։ Մեծ դժվարություններով։ Նրանց նպատակը (նկատի ունի ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների) պարոն նախագահի կամքը կոտրելն էր և Ղարաբաղը հանձնել։ Կարծես ուժերը չբավականացրեց։
GPS սարքից կորպուսում 7 հատ կար, նվազագույնը 100 է պետք, ամեն հրամանատար պետք է ունենա։ Գնացիր լեռ, անտառ, պետք է կորդինատներ տաս և հրետանային աջակցություն ուզես։ Բայց չկա…Սովորական սարք է GPS-ը, աշխարհի բոլոր բանակներում կան, իսկ մեր 20 հազարանոց կորպուսում 7 հատ է։
Դիպուկահարներ
Մինչև 2019 թ. մենք ունեինք դիպուկահարների ստորաբաժանումներ։ Մենք ստեղծել և սովորացնում էինք դիպուկահարներ։ Բայց Հայաստանը դիպուկահարների երկու դպրոց ունի։ Մեզ դիպուկահարների մեկ դպրոց չթողեցին սարքել։ Կազմակերպել են 45-օրյա կուրսեր։ Գիտեք, որ 45 օրում դիպուկահար պատրաստել հնարավոր չէ։ Դիպուկահարին պատրաստելու համար պետք է 6 ամսից 12 ամիս։ Մենք ինքնուս էինք։ Անցյալ տարի կար Վասյակը՝ բելառուս, խախոլ (ուկրաինացի), Ալեքսանդր Պետրովիչ Վասյակ, որին բերել էր Նեջմեդդինը (Սադիգով)։ Մեր նախարարությունում նրան գեներալ էին դարձրել։ Նա վերցրեց և վերացրեց դիպուկահարների ստորաբաժանումը…»։
Ա.Ե.