Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախի ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ, և գերեվարվել է մեկ հայ զինծառայող: Հիշյալ ապատեղեկատվությունից հետո ադրբեջանական կողմը «հայ դիվերսանտին» «բացահայտող» տեսանյութ ու լուսանկար է տարածել:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «գերի ընկած հայ դիվերսանտը» 1974-ին ծնված` Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ Զավեր Կարապետյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը հայտնեց, որ իրենց գյուղը փոքր է, և իրենց համայնքում առհասարակ Կարապետյան ազգանուն չկա, ավելին` նման արտաքինով քաղաքացու իրենք երբեք չեն տեսել:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հերթական անգամ հերքեց զինվորականի գերեվարվելու վերաբերյալ լուրը, իսկ հրապարակված տեսանյութը որակեց որպես անհաջող թատրոն:
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնեցին, որ վերջին օրերին քաղաքացիական անձի կողմից սահմանն անցնելու վերաբերյալ որևէ տվյալ չի ստացվել:
Անդրադառնալով ադրբեջանական կայքերի կողմից հրապարակված տեսանյութին` նկատենք, որ բացի նրանից, որ տեսանյութը փնթի մոնտաժված է, ներկայացված «դիվերսանտն» ընդհանրապես հայի արտաքին չունի, նրա հագին եղած զրահաբաճկոնն ու կամուֆլյաժը տարբերվում են հայկական ԶՈւ-ի համազգեստից:
Տեսանյութը լսելիս տպավորություն է, թե տղամարդու բերանի շարժումներն արհեստական են, և հասկանալի չէ` խոսում է, թե` ոչ: Ավելին` ենթադրյալ թարգմանիչը չի սպասում, որ «դիվերսանտն» ասի իր միտքը, և միանգամից թարգմանում է, այնպիսի տպավորություն է, որ նա ուրիշ բան է թարգմանում:
Ինչևէ, սրանք դեռևս հակառակորդի քարոզչամեքենայի կողմից թույլ տրված` ոչ մասնագիտական աչքով նկատված վրիպակներն էին: Այս տեսանյութը համապատասխան փորձագետների և մասնագետների ծիծաղը կարող է առաջացնել: