կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 13:48
Առանց Կատեգորիա

ՀԱԿ-ը ԱԺ ընտրությունները վերածում է ԼՂ հարցով հանրաքվեի

ՀԱԿ-ը ԱԺ ընտրությունները վերածում է ԼՂ հարցով հանրաքվեի

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք` արդեն ՀԺԿ-ի հետ դաշինքի ձևաչափով, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «խաղաղության» ուղերձով: Հիշեցնենք` դրա էությունը հանուն խաղաղության Արցախին միջանկյալ կարգավիճակ շնորհելու դիմաց նախկին ԼՂԻՄ-ին հարակից բոլոր տարածքներն Ադրբեջանին հանձնելու միջոցով ԼՂ հիմնահարցը կարգավորելն է, ինչի մասին նախորդ տարեվերջին հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի ազնվությունը գնահատելի է. ավելորդ պոպուլիզմով հանրությանը չի խաբում, թեև հասկանում է, որ «հանձնողականության» թեզի վրա քարոզարշավ կազմակերպելը կարող է հանգեցնել առանց այն էլ փոքր պոտենցիալ ընտրազանգվածի մի մասը կորցնելուն: Հիմա արդեն պարզ է, որ քաղաքական այլ ուժերի հետ դաշինք կազմել (ՀԺԿ-ի հետ դաշինքում միշտ է եղել) ՀԱԿ-ը չի կարողացել (Զուրաբյանը չհերքեց էլ), որովհետև նրա խաղաղասիրական «հանձնողականության» սկզբունքը ամբողջ քաղաքական դաշտի համար ընդունելի չի եղել: Դա ցույց է տալիս, որ քաղաքական և հասարակական դաշտերում այդ «խաղաղասիրությունը» պահանջարկ չունի, և որ այդ հարցում ՀԱԿ-ը, մեծ հաշվով, մարգինալ վիճակում է: Եվ չնայած դրան` «հանձնողական» կոնցեպցիայի վրա քարոզարշավի կառուցումը նաև համարձակություն է պահանջում և սկզբունքայնության ու գաղափարական հետևողականության դրսևորում է: Որակներ, որոնք, առանձին բացառությունները չհաշված, բացակայում են ներքաղաքական դաշտում ընթացող գործընթացներում:

Սակայն իր այս խնդիրը լուծելու համար ՀԱԿ-ն ընտրել է տգեղ մարտավարություն՝ հիմնված մանիպուլացիայի վրա: Պատերազմի իրատեսականությունն այսօր հասկանում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի: Բայց ՀԱԿ-ը համառորեն ներշնչում է, որ այն տանուլ է տրված,  և որ նոր պատերազմին Հայաստանի բացարձակ պատրաստ չէ: Նա «ձեռքի հետ» նշում է, իհարկե, թե չի կասկածում, որ նոր պատերազմում հայկական կողմը կրկին հաղթելու է: Սակայն մոռանում է բացատրել՝  ինչպե՞ս, եթե խորապես համոզված է, որ դրան երկիրը պատրաստ չէ, և Ադրբեջանն ուժեղ է: Կամ՝ եթե հայկական կողմը, միևնույն է, հաղթելու է, ապա ինչո՞ւ պետք է, Ադրբեջանից առաջ ընկնելով ,համաձայնի «խաղաղության» հենց այդ բանաձևին: Այս իմաստով` կրկին հաղթելու «համոզվածությունը»  պարտվողականության մեջ մեղադրանքներից ազատվելու նպատակ ունեցող պարզ դեմագոգիա է:

Այն զարգացնելու համար Զուրաբյանը, ինչպես Տեր-Պետրոսյանը, բերում է  Իսրայելի օրինակը, թե ինչպես, հանուն խաղաղության, այդ երկիրը, լինելով արաբա-իսրայելական պատերազմում հաղթող կողմ, Սինայի թերակղզին վերադարձրեց Եգիպտոսին: Բայց ՀԱԿ-ականները համառորեն անտեսում են փաստը, որ Իսրայելն այդ զիջմանը գնաց՝ լուծելով Եգիպտոսի կողմից իր ճանաչման հարցը, իսկ ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի «խաղաղասիրությունը» ԼՂ-ի փաստացի անկախության ոչնչացման և այն միջանկյալ կարգավիճակով փոխարինելու վրա է կառուցվում: Բայց եթե դա նույնիսկ համարենք հաջող համեմատություն, ապա առնվազն տարօրինակ է, որ ՀԱԿ-ականները մոռանում են բերել Իսրայելի հետ կապված մեկ այլ օրինակ` մասնավորապես փաստը, որ, հանուն իր անվտանգության, այդ երկիրը, անտեսելով բոլոր միջազգային նորմերը, տասնամյակներով շարունակում է Սիրիային չհանձնել Գոլանի բարձունքները:  Դրա մասին Տեր-Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, սոցցանցերում նրանց մանիպուլյացիոն ուղերձները կուրորեն տիրաժավորող հետևորդներն, իհարկե, գիտեն: Բայց երբեք դրանց մասին չեն խոսում, թեև նման ընտրողականությունը, Տեր-Պետրոսյանի տերմինաբանությամբ, խիստ հակաքաղաքագիտական է:

Եվ սա թույլ է տալիս պնդել, որ ՀԱԿ-ը բոլորովին այլ երկու խնդիր է փորձում լուծել: Առաջին՝ զիջումների թեման պահել հասարակական-քաղաքական օրակարգում, այն դարձնել նախընտրական դեբատների առաջատար թեման, նախընտրական արշավի հունը տեղափոխել ԼՂ հիմնահարցի կարգավորման` հատկապես այդ «խաղաղության» կոնցեպցիայի շուրջ քննարկումների հարթություն: Ընդ որում՝ խոսքը հենց զիջումների, այլ ոչ թե փոխզիջումների մասին է: Որովհետև իրականում այս պահին «զիջումներ խաղաղության դիմաց» կազանյան կամ տերպետրոսյանական կարգավորման հեռանկարները սպառված են բոլորովին էլ ոչ հայաստանյան իշխանության դիմադրության պատճառով: Այն մերժում է Ադրբեջանը՝ նույնիսկ դա իր համար քիչ համարելով: Այս պայմաններում փոխզիջումների մասին խոսելն ուղղակի նշանակում է ջուր լցնել Բաքվի` այդ պահանջատիրության և իրական փոխզիջումային բանակցություններից հրաժարվելու քաղաքականության վրա:

Երկրորդ՝ ԱԺ գալիք ընտրությունները վերածել «հանձնողականության» գաղափարի յուրատեսակ հանրաքվեի: Դա իշխանությանը թույլ կտա հասկանալ, թե իրականում Հայաստանի բնակչության կամ ընտրողների քանի՞ տոկոսն է համաձայն էլ ավելի լուրջ զիջումների գնալուն` վերահաս պատերազմից խուսափելու համար: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին ձայն տալն իրականում նշանակելու է «այո» քվեարկել ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելուն և ԼՂ տարածքների մի մասը հանձնելուն՝ հանուն ոչնչի:

Իհարկե, հասկանալի է, որ ՀԱԿ-ի կամ, որ նույնն է, «այո»-ի քվեաթերթիկների քանակը քիչ է լինելու: Բայց եթե այդ դաշինքն անցնի խորհրդարան, նշանակելու է, որ Հայաստանում կա առնվազն 7 տոկոսանոց հանրույթ, որը պատրաստ է ԼՂ հարցում, հանուն չերաշխավորված խաղաղության, շատ ավելի լուրջ զիջումների գնալ: Սա նաև թույլ է տալու հաշվարկել, թե «խաղաղության» քարոզչությունը, հատկապես` հիմնված պատերազմով վախեցնելու տրամաբանության վրա, որքանո՞վ է ազդում հանրային տրամադրությունների ու վարքագծի վրա, որքանո՞վ է դառնում ընկալելի, և ինչպե՞ս կարելի է այդ ուղեգիծը զարգացնել: Այսինքն` ստեղծել բազա, որի վրա կարելի է ԼՂ հիմնահարցի հետ կապված ներքին և արտաքին քաղաքականություն կառուցել կամ վերակառուցել:

Գևորգ Դարբինյան