կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 19:36
Առանց Կատեգորիա

«Ելքն» ու Զարուհի Փոստանջյանը երևանյան ընտրությունները վերածում են «ռեալիթի շոուի»

«Ելքն» ու Զարուհի Փոստանջյանը երևանյան ընտրությունները վերածում են «ռեալիթի շոուի»

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը դեռ չի սկսել, սակայն հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը՝ «Ելքը» և «Երկիր ծիրանին», գործնականում սկսել են այն վերածել երկու ճակատով պատերազմի: Առաջին ճակատում ընդհանուր թիրախը քաղաքական իշխանությունն է՝ ի դեմս ՀՀԿ-ի: Ընտրություններին հաղթելը թե՛ «Ելքը»,  և թե՛ «Երկիր ծիրանին» ընկալում են որպես իշխանափոխության մարտավարական հանգրվանային հաջողություն: «Երկիր ծիրանիի» հիմնադիր-նախագահ Զարուհի Փոստանջյանն անգամ հայտարարել է, որ իրենք գնում են քաղաքապետարանը գրավելու:

Մինչդեռ կենաց ու մահու ճակատամարտը այս ուժերը տալու են երկրորդ ճակատում... միմյանց դեմ: Դատելով տարբեր խողովակներով միմյանց հղվող ուղերձներից՝  այս երկու ընդդիմադիր ուժերը թույլ չեն տալու ընտրողներին ձանձրանալ՝ նրանց համար սարքելով իսկական ռեալիթի շոու՝ «Միակ ընդդիմադիրի դափնեպսակը» պայմանական անվանումով:

Բանն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը դեռ ընտրարշավը չսկսած փորձում է համոզել, որ միակ ընդդիմադիր ուժն ինքն է: Նախօրեին ասուլիսի ժամանակ այս միտքն արտահայտել է «Ելք»-ի անդամ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե իրենք որպես ընդդիմություն ու իշխանություն, մնացել են դեմ հանդիման և հիմա է պարզ լինելու, թե որքանով է ընտրողը ճիշտ կողմնորոշվելու: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին «Ելքը» գրեթե միայն իր «միակ ընդդիմությունը լինելու» կոնցեպցիայի վրա էլ կառուցել էր քարոզարշավը: Եվ քանի որ ի դեմս Զարուհի Փոստանջյանի՝ դաշինքը նաև այս ընտրություններին մրցակից ունի, անկախ նրա պոտենցիալից, մեծ է հավանականությունը, որ «Ելքը» նաև համայնքային այս ընտրություններին է զարգացնելու այդ կոնցեպցիան:

Սակայն ելնելով Զարուհի Փոստանջյանի ներկայիս ուղերձներից՝ «Ելքի» այդ կոնցեպցիան լինելու է ոչ թե ագրեսիվ հարձակողական, ինչպես նախորդ ընտրություններին ՝ այլ պաշտպանողական: Խնդիրն այն է, որ Զարուհի Փոստանջյանը խորապես համոզված է, որ երկրի միակ իրական ընդդիմության դափնին պատկանում է բացառապես իրեն, և «Ելքը» դեռ պետք է ապացուցի, որ իրավունք ունի հավակնելու ընդդիմադիր ընկալվելուն: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան հարցազրույցում նա այսօր, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին և հատկապես Էդմոն Մարուքյանին, նշել է, թե իսկական ընդդիմադիր գործիչը չէր կարող անցնող պառլամենտում կողմ քվեարկել «ապօրինի» իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին: Ի տարբերություն ելքական պատգամավորների՝ ինքը դա չի արել: Փոստանջյանի համար, փաստորեն, երդվյալ, սկզբունքային ընդդիմություն լինելու պարտադիր պայման է... իշխանության ներկայացրած օրինագծերին դեմ քվեարկելը: Այս տրամաբանությամբ ՀՀԿ-ն էլ թերևս մի քիչ ընդդիմություն է, քանի որ նախորդ խորհրդարանում մեկ-մեկ էլ կողմ է քվեարկել ընդդիմության ու մասնավորապես հենց Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծին:

Երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Փոստանջյանը, նեղսրտելով «Ծիրանին» «Ելքի» հետ համեմատելուց, նշել է, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է ընդհանրապես այդ դաշինքն իրենից ներկայացնում և ի տարբերություն նրա, իրենք նախընտրում են լինել ոչ թե ելք, այլ՝ մուտք: Այս խորիմաստ բառախաղերը ապացուցում են, որ Զարուհի Փոստանջյանը միակ ընդդիմության տիտղոսը պահելու հարցում լինելու է նույնքան հաստատակամ ու սկզբունքային, որքան նախորդ խորհրդարանում «դեմ» կոճակը սեղմելիս: Ընդ որում ոչ մի նշանակություն չունի, որ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետով, եթե ընտրություններին մասնակցում է 3 կամ դրանից քիչ թվով քաղաքական ուժ, ապա չի գործում 6 կամ 8 տոկոսանոց նվազագույն շեմը հաղթահարելու պահանջը: Այսինքն հայտ ներկայացրած երեք ուժերն էլ փաստացի անցնելու են խորհրդարան՝ անկախ հավաքած քվեների քանակից: Դա նշանակություն չի ունենալու, քանի որ որպես ընդդիմություն հանդես եկող այս ուժերի համար ավագանու ընտրությունները ավելի շատ քաղաքական կապիտալի կուտակման, ինքնահաստատման ցատկահարթակ է, այսպես կոչված «ներդրում» ապագայի համար: Նրանց միջև մրցույթը լինելու է այն բանի շուրջ, թե որն ավելի լավ կօգտագործի այդ ցատկահարթակը և կգրավի ընդհանուր էլեկտորատը: Եվ ստացվում է այնպես, որ քանի որ երկուսն էլ ընտրել են միմյանց հաշվին իբրև միակ ընդդիմություն ինքնահաստատվելու տարբերակը, ավագանու այս ընտրությունները կարող են վերածել այդ տիտղոսի համար մղվող «առանց կանոնների մարտի»: Նման հեռանկարից, միակ փրկությունը կլինի այն, որ «Ելքը» չընկնի Փոսստանջյանի լարած թակարդը, տուրք չտա իր նախկին հռետորաբանությանը և կենտրոնանա ծրագրային ընտրարշավի, բանավեճի վրա:

Հակառակ դեպքում քաղաքական իմաստով այս ընտրությունները լինելու են ավելի ապաքաղաքական ու կենցաղային, քան խորհրդարանական ընտրությունները: «Միակ ընդդիմության» շուրջ ոչ թե բանավեճ կարող է լինել, այլ երկու անհաշտ հարևանուհիների՝ ճղճղոցներով ուղեկցվող լեզվակռիվ: Այն, իհարկե, հանրության համար կապահովի նոր տեսարաններ, մի քանի օրով կփոխարինի հնդկական սերիալներին, բայց արդյունքում կարձանագրվի երկու կանխատեսելի արդյունք: Առաջին՝ իշխանությունը հաղթանակ կտանի գործնականում առանց ջանք թափելու, առանց մրցակցության և լուռ մատնացույց անելով ընդդիմության որակը: Երկրորդ՝ ավագանու ընտրություններին մասնակցող այլընտրանքային ուժերը կապացուցեն, որ իրականում  ոչ թե որակյալ ընդդիմություն չկա, այլ ընդդիմություն չկա առհասարակ, կամ ավելի ճիշտ կան ինքնահռչակ ընդդիմություններ, որոնք կռվում են մնացած ինքնահռչակ ընդդիմությունների դեմ:

Թվում էր, թե երևանյան այս ընտրություններին երկու բացարձակապես նոր ընդդիմադիր ուժերի մասնակցությունը փորձ է լցնելու քաղաքական դաշտի այդ հատվածում առաջացած մեծ վակումը: Սակայն նման մակարդակի մրցապայքարի հեռանկարը, կարող է ընդամենը համոզել, որ անգամ նորերից այս առումով հույս ունենալ չի կարելի:

Գևորգ Դարբինյան