կարևոր
3823 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-02 13:20
Քաղաքական

Մեղրին էլ են վերածում դժգույն ու դժբախտ քաղաքի, որ ասեն՝ բան չկա, սարեր են. Գառնիկ Դանիելյան

«Առաջին արձանագրումը, որ պետք է անեմ, հետևյալն է՝ այն միլիոնավոր, միլիարդավոր դրամները, որ ծախսվում են ճանապարհաշինության համար, ամբողջությամբ մսխվում են: Ամեն տարի ճանապարհ նորոգելով ու այսքան գումարներ մեր հարկատուների հաշվին ծախսելով՝ մենք էլի ունեինք ահավոր ճանապարհներ: Խայտառակ վիճակում էին ճանապարհները: Էն, որ գովում են՝ ասֆալտ՝ ասֆալտ գոյություն ունի» ,-«Հայելի» ակումբում նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Իրանից եկող բեռնատարները իրար շալակ են ելել ու խցանումներ էին, այն էլ՝ այս ամռան սեզոնին. «Այն, ինչ տեսանք, շատ ահավոր էր: Ասֆալտով կերակրում են մարդկանց, բայց համ ասֆալտը չկա, համ գումարները չկան: Ամեն տարի մեկ միլիարդ դոլար մեր պարտքն են ավելացնում, իբր ճանապարհներ են կառուցում, բայց այդ ճանապարհներն էլ չկան։ Այդ վարկերի տակ ճռնչալու է հայ մարդը: Սերունդների վրա պարտք թողելով՝ մենք հարստացնում ենք իշխանամերձ շրջանակներին: Իսկ այդ ասֆալտի տենդերները գիտեք ովքեր են շահում, ում բարեկամներն են շահում, այդ անորակ ասֆալտ անողները»:

Անդրադառնալով Մեղրիին, Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պետական հաստատություններն այնտեղ չեն գործում՝ կադաստրը չկա, դատարանը չի գործում, դիահերձարանը չկա, մարդիկ ստիպված են իրենց ընտանիքի անդամներին հուղարկավորելու համար տանել Կապան, դիահերձարանից օգտվել, նորից հետ բերել Մեղրի. «Խայտառակ իրավիճակ է: Նոտարական գրասենյակ չկա: Կենդանիների համար սպանդանոց չկա, որը խոչընդոտում է անասնապահության զարգացմանը: Շատ տխուր պատկեր էր: Այնտեղի գյուղեր տանող ճանապարհները ահավոր վիճակի մեջ էին: Այն, ինչ մենք տեսանք Մեղրիում, սարսափելի մի պատկեր էր: Իշխանությունը տանում է մի քաղաքականություն, որից տպավորություն է, որ Մեղրին մեզ պետք չի․ ուրվական քաղաք: Սա պետական քաղաքականություն է՝ ուղղված ՀՀ հարավային դարպասներին, որը մեր պետականության համար գիտեք ինչ նշանակություն ունի: Մեղրին էլ են վերածում դժգույն ու դժբախտ քաղաքի, որ ասեն՝ բան չկա, սարեր են, դատարան, բան չկա: Վախի մթնոլորտ էին ստեղծել Մեղրիում, մարդկանց ստիպել էին, որ հանկարծ չգնաք, չմասնակցեք հավաքներին, այլապես կենթարկվեք կամ քրեական պատասխանատվության, կամ աշխատանքից կազատվեք: Ծառերի տակ էին կանգնած, հարցնում էինք՝ ինչի չեք գալիս առաջ, ասում էին՝ Նիկոլ Փաշինյանի այցից հետո բազմաթիվ քրեական գործեր կան: Տոտալ բռնաճնշումներ են»:

Դանիելյանը խոսել է ամբողջ այս տարիների ընթացքում Արցախյան գոյամարտի համար Դաշնակցության գործունեության մասին, անբարոյականություն համարել Դաշնակցությանը մեղադրելը՝ Արցախը հանձնելու համար, հարց հնչեցրել՝ ի՞նչ են արել այդ մարդիկ, որ Արցախը չընկնի։ 

Ընդդիմադիր պատգամավորը նաև խոսել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների հանդեպ բռնաճնշումների, ինչպես նաև այս իշխանության արտաքին հովանավորների մասին։ «ՀՀ-ը պառակտելու, մասնատելու համար խելքներն իրենցը չէ։ Հայաստանից ինչքա՞ն կմնա, դա իրենց հետաքրքիր չէ։ 1000, 5000, 7000 քկմ կմնա, Հայաստանն առհասարակ չի լինի, դա իրենց հետաքրիքր չէ։ Իրենց հետաքրքիր են իրենց շահերը։ Ի՞նչի համար են անում։ Անում են մեկ բանի համար՝ իրենց շահերի, որ Հայաստանը դարձնեն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Հայաստանին սարքեն Ուկրաինա, Հայաստանին գործիք սարքեն՝ ԻԻՀ դեմ, ՌԴ-ի դեմ»։ Դանիելյանի խոսքով՝ միջազգային այդ կենտրոնները Հայատանում տեղի ունեցող ապօրինությունները կտեսնեն այն պահից, երբ տեսնեն, որ Փաշինյանն իրենց պահանջերը չի կատարում։

Գառնիկ Դանիելյանը անդրադարձ է կատարել ՀԱԵ դեմ իշխանության շեշտակի դարձած արշավին։

Մանրամասն՝ տեսանյութում