կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 12:19
Հասարակություն

ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը առաջարկություններ կներկայացնեն «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մեջ

ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը առաջարկություններ կներկայացնեն «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մեջ

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քվեարկության դրվեց առաջին ընթերցմամբ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին հարցը: Օրենքի նախագիծը ներկայացրել էին ՀՅԴ խմբակցության պատգամավորները և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը:

 

Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցան խմբակցությունները: Այսպես` ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու առաջարկին, որովհետև այն էականորեն բարելավում է գոյություն ունեցող հանրաքվեի ինստիտուտը: Նա նշեց, որ ԲՀԿ-ն ևս կներկայացնի առաջարկություններ, որ հանրաքվեից հետո մասնակիցների ցուցակները հրապարակվեն:

 

«Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը տեղյակ ենք, որ չի ողջունում ցուցակների հրապարակումը, բայց Վենետիկի հանձնաժողովը տեղյակ չէ մեր ընտրական համակարգից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ կրկին նշելով, որ տվյալ առաջարկությունն իրենք կներկայացնեն:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը ներկայացրել է առաջարկություններ, և եթե դրանք տեղ գտնեն օրենքի նախագծում, ապա իրենք կողմ կքվեարկեն, մինչ այդ քվեարկելու են ձեռնպահ:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ կոնկրետ հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու առումով ՀԱԿ-ը նույնպես ներկայացնելու է առաջարկություններ, իսկ այս պահին կքվեարկեն ձեռնպահ:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ երեկ քննարկում է եղել խմբակցությունների հետ, այն անցել է շատ լավ և շատ ակտիվ:

 

«Մենք` որպես օրենքի նախագծի հեղինակներ, պատրաստ ենք քննարկել բոլոր առաջրկությունները: Հաջորդ շաբաթ` երեքաբթի օրը, համատեղ քննարկում կիրականացնենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

1 դեմ, 100 կողմ և 10 ձեռնպահ արդյունքով առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվեց: