կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-17 18:01
Քաղաքական

Իրենք ուրիշ խնդիր են լուծում. Ա. Վարդանյանը՝ ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին

Իրենք ուրիշ խնդիր են լուծում. Ա. Վարդանյանը՝ ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին

Հերթական անպտուղ հարցով զբաղվելու տրամադրություն չունեմ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես»-ի կողմից դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նախաձեռնությանը, որին Դաշնակցությունը չի միացել:

«Պետք չէ անընդհատ նույն փոցխի վրա ոտքը դնել»,- շեշտեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Հարցին, որ եթե ընդունում եք, որ ընտրախախտումներն ամեն դեպքում եղել են, ինչո՞ւ չեք ուզում աջակցել Սահմանադրական դատարան դիմելու գործընթացին՝ համոզվելու համար, որ դրանք չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ինչո՞վ դիմենք, եթե մեզ որևէ թուղթ չեն տվել, իրենց հետ չենք քննարկել, երեսները չենք տեսել, առաջարկություն չեն արել: Այսինքն՝ իրենք աշխարհի պորտն են, իրենք իրենց տեղում նստած պիտի մնան, մենք էլ գնանք ասենք՝ վայ, բերեք ստորագրենք, հա՞»:

Աղվան Վարդանյանը չժխտեց, որ հանրաքվեի ժամանակ եղել են ընտրախախտումներ, որոշ տեղամասերում եղել են կեղծիքներ, ահազանգեր, միաժամանակ նշեց, որ մի շարք ընտրատեղամասերում օրինականությունը պահել են հանձնաժողովի անդամները:
«Մենք մի բան գիտենք, ընտրական այս համակարգն այնքան արատավոր է, որ հնարավորություն չի տալիս փաստերով, հիմնավորումներով ապացուցել խախտումների ազդեցությունը հանրաքվեի ընտրությունների արդյունքների վրա: Մենք ասում ենք՝ բերեք սա փոխենք, իրենք ասում են՝ ոչ, ամեն անգամ գնանք նույն բանը կրկնենք: Թող գնան կրկնեն»,- նշեց պատգամավորը:

Ճշտող հարցին՝ համոզվա՞ծ եք, որ այդ խախտումները չեն ազդել արդյունքների ելքի վրա, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Փաստ է, որ 800 հազարից ավել «այո» կա, 400 հազար՝ «ոչ»: Իսկ իրենք դիմել են ընդամենը 78 ընտրատեղամասերում վերահաշվարկ անցկացնելու համար: Եթե, ընդհուպ, համարենք, որ ամեն տեղամասում 500 ձայն կեղծվել է ի վնաս «ոչ»-ի, ինչը աբսուրդ է, ապա դա կկազմի 40 հազար ձայն ու եթե դա էլ գումարենք ընդհանուր թվին, պարզ մաթեմատիկական հաշվարկ անենք, կտեսնենք, որ դա չի գերազանցելու 800 հազար «այո»-ն: Բայց հասկացողին մեկ ասես, չհասկացողին՝ հազար ու մեկ: Իրենց էդ պոզայով, իրենց էդ… թող ինչ ուզում են՝ անեն»: 

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ընդդիմությունը ականջալուր չեղավ Դաշնակցությանը: «Ականջ չունեն՝ չեն լսում, իրենք ուրիշ խնդիր են լուծում»,- պատասխանեց նա՝ հրաժարվելով ասել, թե իր կարծիքով ինչ հարց է լուծում ընդդիմությունը ՍԴ դիմելով: «Դա իրենց հարցրեք»,- հավելեց Աղվան Վարդանյանը: