Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր դատարանում հայտարարեց, որ համաձայն է, որպեսզի իր շահերի պաշտպանությունը դատարանում ներկայացնի նաև փաստաբան Արա Ղազարյանը: Նշենք, որ ամբաստանյալը նախորդ դատական նիստին առողջական խնդիրների պաշտճառով չէր ներկայացել:
«Պարո´ն Բարսեղյան, կանգնե´ք, խնդրում եմ»,- ամբաստանյալի կարծիքն իմանալու համար այսպես նրան դիմեց նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը:
Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ միտումնավոր են Բարսեղյանին դատում հենց այն դատարանում, որտեղ նա երկար տարիներ աշխատել է:
Այսօրվա դատական նիստում ամբաստանյալի պաշտպանները միջնորդեցին հետաձգել դատական նիստը և իրենց տրամադրել քրեական գործին կցված և մեղադրանքի հիմքում դրված` էական նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես` արտաքին դիտում, ներքին դիտում, «կաշառքի նմանակում» օպերատիվ միջոցառումների տեսագրության լազերային սկավառակները և այլն: Պաշտպանի խոսքով՝ այդ նյութերը նախաքննության ընթացքում իրենց չեն տրամադրվել: Փաստաբան Արա Ղազարյանը կարծիք հայտնեց, որ բոլոր փաստական տվյալները և նյութերը չտրամադրելը կդիտվի որպես քրեաիրավական խախտում:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ եթե պաշտպանական կողմը ժամանակին չի ծանոթացել քրեական գործի նյութերին, դատաքննության ընթացքում զրկված չէ դրանց ծանոթանալու հնարավորությունից:
Այսպիսով` դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստում, որը կկայանա փետրվարի 7-ին, սահմանված կարգով` նյութերը կտրամադրվեն կողմին:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Էլզա Զաքարյանն էլ մեղադրվում է, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով, կաշառքի միջնորդություն կատարելու մեջ: