կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 17:14
Իրավական

ՄԻԵԴ-ում հաղթած նախկին դատավորը պատրաստ է վերադառնալ նախկին պաշտոնին

ՄԻԵԴ-ում հաղթած նախկին դատավորը պատրաստ է վերադառնալ նախկին պաշտոնին

Հայտնել ենք, որ կառավարության վաղվա նիստի օրակարգում է մի որոշում, ըստ որի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով` 2015 թվականի հոկտեմբերի 20-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացվելու է 4900 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

«Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով գանգատաբերը նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանն է, ով պաշտոնանկությունից ի վեր զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Գործի նյութերի համաձայն՝ Անահիտ Սաղաթելյանը 2004 թվականին ապրիլի 30-ին այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ազատվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից:

Սաղաթելյանի խոսքով՝ իրեն աշխատանքից ազատելու որոշումն անօրինական է եղել. իրեն ազատել են այն ժամանակ, երբ վիրահատվել է: Նա աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի օրինականությունը չի կարողացել վիճարկել ներպետական դատական ատյաններում, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որը վկայակոչելով դատարանները հրաժարվել են վարույթ ընդունել Անահիտ Սաղաթելյանի բողոքը, հետագայում՝ 2006-ին, ճանաչվեց հակասահմանադրական:

Yerkir.am-ի հետ զրույցում Անահիտ Սաղաթելյանը նշեց, որ ժամանակի սղության պատճառով դեռ գործը վերաբացելու դիմում չեն ներկայացրել: Նշենք, որ եթե վարույթը վերաբացվի, և խախտումներն արձանագրվեն, Անահիտ Սաղաթելյանն ինքնաբերաբար պետք է վերականգնվի իր պաշտոնում:

Հարցին` ցանկանո՞ւմ է վերադառնալ նախկին պաշտոնին, Սաղաթելյանը պատասխանեց. «Իհարկե, հանուն արդարության»:

Նշենք, որ ՄԻԵԴ-ը, ճանաչելով Սաղաթելյանի խախտված իրավունքները,   փոխհատուցում է սահմանել 3600 եվրո` ոչ նյութական վնասի, և 1300 եվրո` նյութական վնասի համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված փոխհատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի ապրիլի 20-ն է: