Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
- Պարո'ն Բարսեղյան, Ձեր, Կոտայքի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը շարունակ շրջանառվում են, գրեթե ամեն օր նման հրապարակումներ են լինում` «հավաստի տեղեկությունների» հիման վրա: Իրոք, նման բան կա՞:
- Անկեղծ ասած` ես չգիտեմ` իրենց հավաստի տեղեկությունները որտեղից են վերցված: Նման հարց չի քննարկվել: Իմ մասին չխոսեմ, բայց Կոտայքի մարզպետն էլ է շատ լավ աշխատում, Սյունիքի մարզպետն էլ: Մարդուն ազատում են աշխատանքից վատ աշխատելու համար: Եթե մարդիկ լավ են աշխատում, չեմ կարծում, որ կազատեն, թեեւ որոշումը կայացնում է կառավարությունը` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ նման հարց ո'չ կառավարությունում, ո'չ նախագահի աշխատակազմում չի քննարկվել:
- Այդ դեպքում ինչո՞ւ են հենց ձեր` երեքի մասին այդքան շատ գրում` գրեթե ամեն օր:
- Պարապ մարդիկ են, խոսելու բան չունեն: Այդ ամենը լրագրողների հորինածն է:
- Ի դեպ, նեղսրտո՞ւմ եք այդ լուրերից:
- Ես շատ սովորական եմ տանում այդ ամենը, բացարձակապես չեմ անհանգստանում: Կարծում եմ` լավ աշխատող մարդուն թույլ են տալիս, որ շարունակի աշխատել: Ես շատ լավ եմ ճանաչում մեր նախագահին` իր օբյեկտիվ որոշումներ կայացնելու ունակությամբ: Եթե ես վատ աշխատեմ, ինձ ինչո՞ւ պետք է պահեն: Եթե չկարողանամ բնակչությանը ծառայել, ինչո՞ւ ինձ պետք է պահեն:
- Այսինքն` Ձեզ նման վտանգ չի՞ սպառնում:
- Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն էլ է գոհ մեր աշխատանքից: Մենք բավականին լարված աշխատում ենք, առավել եւս այս մայիս-հունիս ամիսներին, երբ եղանակն անբարենպաստ է, կարկտահարության վտանգը` մեծ:
- Ի դեպ, կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ձեր մարզին:
- Մեր հակակարկտային կայաններն ինտենսիվ աշխատել են, 9600-ից ավելի կրակոց է եղել: Արդյունքում` քանակական վնաս չի պատճառվել, պատճառվել է որակական վնաս: Մեր մարզում էական վնասներ է կրել 7 գյուղական համայնք: Այստեղի բերքն առողջ չի լինելու, այսինքն` այն բերքը, որ պետք է 400-500 դրամով վաճառեն, կարող է 100 դրամով վաճառեն: Չի բացառվում, որ չկարողանան էլ վաճառել: Ելակի դաշտերին է մեծ վնաս պատճառվել: Ես եղել եմ այդ բոլոր համայնքներում, քննարկել ենք եւ այսօր արդեն աշխատանքներ ենք կատարում, որպեսզի մթերող կազմակերպությունները կարողանան այդ ոչ լավ որակի բերքն ընդունել: Սա է այսօրվա մեր առաջին խնդիրը` որ գյուղացիներին կարողանանք օգնել:
- Պարո'ն Բարսեղյան, արմավիրցիները պահանջում են սառեցնել գյուղատնտեսական վարկերը, ձեզ մոտ նման պահանջներ կա՞ն:
- Այո: Մեր բնակիչների մի մասը 24 տոկոսով է վարկ վերցրել, որն իմ ուսումնասիրության առարկան է դառնալու: Երեկ ես եղել եմ այդ 7 համայնքներում, խոսել եմ գյուղացիների հետ: Նրանց մի մասը 10 տոկոսով է վարկ վերցրել, բայց մարդիկ էլ կային, որ 24 տոկոսով էին վերցրել:
- Այս օրերին բուռն քննարկվում է նաեւ գազի թանկացման հարցը: Ձեր մարզի բնակիչներն արդեն խնդրով մտահո՞գ են եւ բողոքի ձայն բարձրացրե՞լ են:
- Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ մեր մարզում, բնականաբար, թանկացումները բնակչության կողմից նորմալ չեն ընդունվում: Բայց ես կարծում եմ` երեք ամիս դեռ ժամանակ կա, 30 տոկոսով էլ կառավարությունն է սուբսիդավորելու, դեռ վաղ է այդ մասին խոսել:
- Պարո'ն Բարսեղյան, եթե այդուհանդերձ, պաշտոնանկ լինեք, ի՞նչ եք անելու:
- Հիմա ես շարունակում եմ հանգիստ աշխատել, չեմ անհանգստանում պաշտոնանկությունից: Ես աշխատելու եմ այնքան, որքան ՀՀ նախագահը կգտնի նպատակահարմար: Եթե իմ հետագա պաշտոնավարումը կգտնի ոչ նպատակահարմար, ինձ համար նախագահի ցանկացած որոշում ընդունելի է: Եթե պաշտոնանկ լինեմ, կզբաղվեմ իմ 6 թոռնիկներով, սեփականություն ունենք, դրանով կզբաղվեմ: Այդ ո՞ւմ են աշխատանքից ազատել կամ կենսաթոշակի ուղարկել, որ ողբերգություն է սարքել: Ես 45 տարի է` պետական տարբեր կառույցներում եմ աշխատում, ես չեմ անհանգստացել, որ պաշտոնից ինձ կարող են ազատել: Անհանգստացել եմ, որպեսզի լավ աշխատեմ, որպեսզի մարդկանց վստահությունն արդարացնեմ, որպեսզի ինձ համար, իմ աշխատանքի համար որեւէ բարձրաստիճան ղեկավար անհարմար չզգա: Հիմա էլ այդ եռանդով աշխատում եմ:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը