Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկու հայտարարություն ունենք, երկուսն էլ ստորագրել են հարգարժան մտավորականներ: Երկու տարբեր հայտարարություններ ունենք, տարբեր, բայց մի նպատակով՝ որ արյուն չլինի: Առաջին հայտարարությունը կոչ է ուղղված Ժիրայր Սեֆիլյանին, որ վերջինս հորդորի իր ընկերներին, որոնք մեր հայրենակիցներն են, որպեսզի դադարեցնեն այս ամենը, որպեսզի մեր հայրենակիցների արյունը չթափվի, երկրորդը կոչ է իշխանություններին, որ ամեն ինչ անեն, որպեսզի կոնֆլիկտը լուծվի բացառապես խաղաղ/անարյուն/ ճանապարհով:
Քննադատվում է միայն առաջին հայտարարությունը, չնայած երկուսն էլ կոչ են անում անարյուն դադարեցնել, բայց դադարեցնել: Ինչո՞ւ: Հասցեների տարբերություն կա՞, չէի ասի: Մոտեցման խնդիր կա. մի մասի կարծիքով այս ամենի պատասխանատուն Սեֆիլյանն ու իր ընկերներն են, բայց այդպես չի կարծում ամբոխը, մեկ այլ մասի կարծիքով՝ իշխանություններն են, եւ այդպես կարծում է ամբոխը: Նրանք, ովքեր գտնում են, որ Սեֆիլյանն ու իր ընկերներն են, քննադատվում են, ամենացածրից՝ ամենաբարձր մակարդակով: Իբր ձեզանից ինչ մտավորական, այ ողորմելիներ, ծախվածներ, իրենք են ասում, նրանց են ասում, նրանց թվում Տիգրան Մանսուրյան կա, Երվանդ Մանարյան կա, Ռուբեն Բաբայան կա, …մարդիկ, որոնց հետ երբ հարցազրույց ես անում, նրանց ասած ցանկացած միտք կարող ես դնել վերնագիր:
Մենք սահման ենք անցել, ավաղ ոչ հայ-ադրբեջանականը՝ առաջ տալով մեր տարածքները, մենք անցել ենք դաստիարակության սահմանը, բարեկրթական որակների սահմանը: Էլ հարգանք չունենք, ոչ թե ուզում ենք, որ խոսեն, այլ ուզում ենք, որ ասեն այն, ինչը մենք ենք ասում, ինչը մեր կարծիքով է ճիշտ, բայց, մարդիկ, այդպես չէ: Այն, ինչը մեր կարծիքով ճիշտն է, դեռ չի նշանակում, որ ճշմարտությունն է: Ճշմարտությունը մեզ կարող է դուր չգալ, հաճախ ճշմարտությունը դուր էլ չի գալիս, ճշմարտությունն այդպիսի առանձնահատկություն ունի՝ դուր չգալու: Դրա համար էլ սուտն ու կեղծիքն այսքան տարածված են: Ճշմարտությունն այս պատմության մեկն է՝ արյուն չպետք է լինի, արյուն ոչ մի պարագայում չպետք է լինի՝ ոչ մի կողմում, ոչ մեկինը: Սա է կարեւորը, իսկ այն, թե ում են դիմում, որպեսզի արյուն չլինի, մոտեցման հարց է, կարծիքների տարբերության հարց է: Երկրորդական հարց է, առաջնային կլիներ, եթե կողմերից մեկը զինված լիներ, երկրորդական է, քանի որ երկու կողմերն էլ զինված են, արանքում էլ՝ անզեն ժողովուրդ, որին կոչ են անում դուրս գալ եւ կանգնել զինված ոստիկանության առջեւ, որ պաշտպանեն իրենց զինված խումբը, որը փակված է ոստիկական գնդում, զինված-փակված է:
Ու հիմա, քանի դեռ շատ չենք խորացել հատած սահմանում, կանգառ է պետք, կանգառը գիտե՞ք որն է, այն, որ Սեֆիլյանին կոչ անող մտավորականին ծախված չեն անվանում, կամ համաձայնում են, կամ ոչ: Ամոթ է, կարդալուց բարձր ասեք այս բառը՝ Ա-Մ-Ո-Թ է: Ամոթ է, որ Ռուբեն Հախվերդյանի խմելու հակումների մասին պամֆլետներ են գրվում՝ ընդ որում այնտեղ կիրառելով ոչ թե խմել, այլ լակել բառը: Հախվերդյանը այդ բառից չի նեղանալու, ինքն էլ հաճախ է օգտագործում, բայց իրեն կարելի է, գիտե՞ք ինչու, որովհետեւ ինքն այդ տեսակն է, առանց այդ տեսակի մենք մի տեսակ պակաս կունենանք, այդ տեսակով՝ մի տեսակ ավելի կլինենք, բազմազան կլինենք, հարուստ կլինենք, Հախվերդյան կունենանք: Նաեւ Հախվերդյան:
Էս երբվանի՞ց մարդիկ իրար սկսեցին այսպես չսիրել, Ֆռունզիկ Մկրտչյանի ասած՝ տո: Նորմալ է, որ իշխանություններին չենք սիրում, նրանց անգամ Ֆրանսիայում չեն սիրում, բայց նորմալ չէ, որ իրար չենք սիրում, սեր չկա: Բա չե՞նք վախենում, ոչ թե նրանից, որ Հախվերդյանը մեր մասին մի նոր երգ կգրի՝ խուժանական բառերով, այլ կործանվելուց, ոչ թե որպես պետություն, այլ որպես ժողովուրդ, ազգ: Չե՞նք հասկանում, որ սիրո դեֆիցիտը դրան է բերելու: Արյունը դրան է բերելու, անկախ նրանից, թե ում արյունն է ավելի շատ թափվել, նրանցը, ովքեր Մանսուրյանի՞ն են ծախված անվանում, թե՞ նրանցը, ովքեր Հախվերդյանին են լակող անվանում:
Հովիկ Աֆյան