|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն ունի սեփական օրակարգն ու շարժվում է դրան համահունչ. Ազգային ժողովում ճեպազրույցների ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` հավելելով, որ, որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, իրենք հարակից օրակարգերի կարիք չեն զգում: ԲՀԿ-ականների այս պատասխանը բխում էր լրագրողներից մեկի այն հարցից, թե պատրաստվո՞ւմ են, արդյոք, միանալ օրերս ձևավորված Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքին:
«Որևէ այլ օրակարգ, ալյանսի միանալու հարց այս պահին մեր խմբակցությունում ու կուսակցությունում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների ալյանսին, ապա դա բացառապես նրանց գործունեության դաշտն է: Կրկնում եմ` մենք ունենք մեր օրակարգը, շարժվում ենք այդ օրակարգով, ու այդ օրակարգում այդ ալյանսին միանալու հարց դեռևս չկա»,- ասաց Տոնոյանը:
«Այսինքն` բացառո՞ւմ եք այդ ալյանսի հետ համագործակցությունը»,- հարց ուղղեց լրագրողներից մեկը:
Տոնոյանն այսպես արձագանքեց. «Սկզբունքային է ինձ համար` երբեք կանխատեսումներով չեմ զբաղվում, բայց այս պահին, կրկնում եմ, մեր օրակարգում նման հարց չկա»:
Իսկ ԱԺ փոխոխսնակ Վահե Էնֆիաջյանը հավելեց, որ դաշինքը նախաձեռնող խմբի ներկայացուցիչները կարող են ներկայացնել, թե ինչ միտում ունեն: