կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 17:15
Քաղաքական

Առանց մեզ չկա «Ելք» դաշինք. Էդմոն Մարուքյան

Առանց մեզ չկա «Ելք» դաշինք. Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի հերքում, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքար սկսելու հարցով «Ելք» դաշինքում թեժ բանավեճեր են լինում: Սակայն նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե այս հարցի պատճառով դաշինքում կրքերն այնքան են թեժացել, որ նույնիսկ ձեռնամարտի են բռնվել:

«Այո, «Ելք» դաշինքում միշտ էլ թեժ բանավեճեր լինում են` միշտ, տարբեր հարցերով, և վերջում մենք որոշում կայացնում ենք կոնսենսուսով: Հիմա օրակարգային հարցեր կան, և այդ հարցերի վերաբերյալ ունենք քննարկումներ: Երբ որոշում կլինի, կհայտարարենք»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը` «Ելք»-ի անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ կոնսենսուս, այդուհանդերձ, կա, Մարուքյանը պատասխանեց. «Այո, կոնսենսուս կա այն մասին, որի մասին մեր համագումարին էլ ասացի, որ «Ելք» դաշինքի համար Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն անընդունելի է: Սրա մասին շատ ենք խոսել, և այստեղ որևէ տարաձայնություն, կարծիքների տարբերություն չկա»:

«Իսկ ո՞րն է լինելու պայքարի մեթոդը» հարցին Մարուքյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, որոշում կլինի, կտեղեկացնեն: Նա նաև նշեց, որ քննարկման մանրամասները դուրս չի հանի՝ առանց գործընկերների իմացության:

«Բնականաբար, տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, և հիմնական քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց, այսինքն՝ այնպիսի որոշում լինի, որ ճիշտ կլինի: Արդյունքում՝ դաշինքն ավելի կհզորանա»,- ասաց նա:

Մարուքյանը նաև չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ գործուղվում է Ազատության հրապարակ: Նշենք, որ նման հայտարարություն Փաշինյանն արել էր` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով:

Մարուքյանն ընդգծեց, որ Փաշինյանն այդ հարցին պատասխանել է արդեն: Իսկ կոնկրետ ինքն ինչպե՞ս է մեկնաբանում, որ ընտանիքի հետ քննարկել և «գործուղվել է», նա նշեց, որ այդ հարցը չի քննարկվել: «Ի՞նչ է, պետք է քննարկենք ընտանիքում քննարկված հա՞րց, ո՞նց եք կարծում: Մենք քննարկում ենք ծրագիր, ճանապարհային քարտեզ, գործողություններ»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե Էդմոն Մարուքյանը և նրա թիմն ուզում են «Ելք»-ից հեռանալ, Մարուքյանը նշեց. «Խնդրում եմ նման բամբասանքներին չտրվել: «Ելք»-ն ընդհանրապես չեմ պատկերացնում առանց մեզ, և չի էլ կարող լինել «Ելք»՝ առանց մեզ: Նախ` Էդմոն Մարուքյանը «Ելք» դաշինքի առաջին համարն է եղել` դաշինքի երեք վարչությունների կողմից ընտրված, ես եմ գլխավորել դաշինքի ցուցակը, «Լուսավոր Հայաստանը» դաշինքի երեք ուժերից մեկն է, և առանց մեզ չկա «Ելք» դաշինքը»: