Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016-ի մայիսին Ավանի Բաբաջանյան փողոցի հարակից շրջանում տեղադրվեց Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Քանդակագործը Համլետ Մատինյանն է, ճարտարապետը` Միքայել Միսակյանը: Արձանի տեսքը շատերին դուր չեկավ, և քննադատությունների պակաս չզգացվեց:
Yerkir.am-ը զրուցեց Համլետ Մատինյանի հետ` պարզելու, թե, ըստ նրա, ի՞նչն էր պատճառը, որ արձանն այդքան մեծ քննադատության արժանացավ, լա՞վը չէր, թե՞ նոր էր ու անսովոր: Քանդակագործն անկեղծորեն պատասխանեց, որ շատ չի հետաքրքրվել հետագայում հնչած կարծիքներով, քանի որ ինտերնետից չի օգտվում: «Համեստ լինելով ասեմ` երևի այդքան էլ լավը չէր, բայց ես իմ ուժերի չափով արել եմ»,- ասաց նա:
Մատինյանի կարծիքով` մի միտում կա` այն, ինչ սովետական է, անցյալից է և, շատերի կարծիքով, վատն է: «Այդքան ցեխ շպրտել պետք չէ: Բացի այդ` Բաբաջանյանի անձը շատ քննարկվեց, թե հունգարացիներին է կոտորել, չգիտեմ` ինչեր է արել, բայց ես հիմա էլ եմ ընդունում Բաբաջանյանին, հպարտանում եմ նրանով: Վերջին հաշվով` այդ մարդկանց նայելով էլ են, չէ՞, հերոսանում: Նա ի ծնե հերոս է, լավ զինվորական, մեղավո՞ր է, որ այդ ժամանակներում է ծնվել: Սովետական միությունն այդ ժամանակ ընդհանուր հայրենիք է կոչվել, և դրա թևի տակ էլ ծվարած ապրել ենք, այդ մարդն էլ գնացել է` իր հայրենիքը պաշտպանելու: Բացի այդ` հաշվի չեն առնում, որ եթե ռուսը մարշալ է դառնում, ուրեմն հայը պետք է դրանից կրկնակի բարձր լինի, որ մարշալ դառնա, քանի որ ազգային սեկտորը կապ ունի»,- ասաց նա:
Քանդակագործը նշեց, թե ինքն էսքիզներն անելիս «շատ զիլ» բան էր պատկերացնում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով չի լինում այն, ինչ կուզեիր: Հիմա, ըստ Մատինյանի, քաղաքում արձան դնելու տեղ էլ չի մնացել` իրար վրա շենքեր են լցրել:
Հարցին, թե, իր կարծիքով, արձանը կմտնի՞ մեր պատմության մեջ, պատասխանեց, որ չի կարող ասել: «Արձան է, էլի, մեկի դուրը կգա, մյուսին` չէ, հետո կսովորեն: Իմ բակում Լենինի մի արձան կա` մարմարից, սովետի ժամանակ եմ քանդակել: Տարիներ առաջ հանել-գցել էին, ես էլ բերեցի ինձ մոտ, այսինքն` ոչ ոք չի կարող ասել` երբ կհանվի այս կամ այն քանդակը, ժամանակը ցույց կտա: Արձան է, էլի, ոչ մեկին չի խանգարում»,- ասաց նա:
Իսկ թե ո՞ւմ արձանը կուզեր տեսնել Երևանում, Մատինյանը միանգամից մի քանի անուն է նշեց` Մուրադ Սեբաստացի, Հրանտ Մաթևոսյան, Հովհաննես Օձնեցի: «Մեր ժամանակակիցներից շատերի արձանն էլ կուզեի տեսնել, օրինակ` Տիգրան Մանսուրյանինը, բայց նա, գիտեմ, չի ուզենա, որ իր արձանը տեղադրվի իր կենդանության օրոք, համեստ մարդ է»,- ասաց քանդակագործը: