կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-28 16:08
Հասարակություն

Նժդեհի արձանի հեղինակին թույլ չէին տալիս մասնակցել արձանի բացմանը

Այսօր Գարեգին Նժդեհի արձանի բացմանը հաջողվել է ներկա գտնվել միայն պետական կառույցների` այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցներին և նրանց ծանոթ-բարեկամներին: Իսկ հասարակ քաղաքացիները ստիպված են եղել սպասել Վերնիսաժ տոնավաճառի հարևանությամբ` Բուզանդի փողոցում, որտեղից արարողությունը տեսանելի չէր: Անվտանգության աշխատակիցներն արգելապատնեշներից ներս էին թողնում միայն հրավիրատոմս ունեցողներին:

Նրանք սկզբում թույլ չտվեցին անգամ արձանի հեղինակին անցնել արգելապատնեշը, մինչև հավաքված բազմությունը չհամոզեց, որ նա է քանդակագործը և ամոթ է նրան արգելելը: Հավաքված բազմությունը Yerkir.am-ին ի հետ զրույցում դժգոհեց ոչ թե նրանից,  որ իրենց թույլ չեն տվել ներս անցնել արգելապատնեշներից, այլ այն բանի համար, որ իրենց առանձնացրել են պետական կառույցների աշխատակիցներից:

«Սա էլ հո Օպերայում համերգ չէ, որ միայն հրավիրվածները մասնակցեն, այս արձանը ժողովրդի համար է դրված, հիմա ի՞նչ, պաշտոնյաները պետք է բացումը տեսնեն` ծափահարեն, իսկ մենք հեռվում սպասե՞նք, միթե դա արդարացի է, փակում էին, թող բոլորի համար փակեին, նախագահն ու մյուսները մտնեին` բացումն անեին»,- Yerkir.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց Երևանի բնակչուհի Սոֆիա Նազարյանը:

Արձանի բացմանը թույլ չտվեցին մասնակցել նաև Նժդեհի  եղբոր դուստր ներկայացող  76-ամյա  Էմմա Սահակյանին:

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: