կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 13:39
Հասարակություն

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մարշալ Բաբաջանյանի արձանի բացմանը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մարշալ Բաբաջանյանի արձանի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը. տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից: Այն բացվել է մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի նահանգի հրամանատար գեներալ-մայոր Լի Տաֆֆանելլին և օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, երևանաբնակ չարդախլեցիներ (խաչիսարցիներ), «Գարդման» հայրենակցական միության անդամներ, այլ հյուրեր:

ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր զորավարի հիշատակին:

Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ՀՀ նախագահին հանձնել են խորհրդանշական նվեր` մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից: