կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 14:46
Հասարակություն

Հայ գիտնականների կողմից նոր պարարտանյութի ստեղծման ծրագիրը պատրաստ է կիրարկման

Հայ գիտնականների կողմից նոր պարարտանյութի ստեղծման ծրագիրը պատրաստ է կիրարկման

Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց 2016-ին կոմիտեի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ըստ նրա` տարին ծանրաբեռնված է եղել, անցկացվել են տասնյակ մրցույթներ, միջազգային գիտաժողովներ: Բեղուն  է եղել տարին միջազգային համագործակցության շրջանակներում. անցյալ տարի ստորագրվել է «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը:

«Դա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մենք, փաստորեն, գիտության ոլորտում Եվրոպայի հետ ասոցացված երկիր ենք համարվում և կարող ենք եվրոպական ծրագրերին լիարժեք մասնակցել»,- ասաց Սամվել Հարությունյանը` հավելելով, որ դեռ ծրագիր չունեն, բայց հույս ունի, որ առաջիկայում լավ ծրագրեր կլինեն:

Նա հայտնեց նաև, որ միջազգային համագործակցության ոլորտում ստորագրվել է «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագիր: Հուշագրեր ու համաձայնագրեր են ստորագրվել նաև ՀՀ ԿԳ նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև, ՀՀ ԿԳն և Գիտության, տեխնիկայի ոլորտում ՓՄՁ զարգացման աջակցման հիմնադրամի միջև:

Միջազգային նշանակության միջոցառումներ են իրականացվել` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում, Արևելյան գործընկերության գիտության նախարարների ոչ պաշտոնական երկխոսությունը, Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի եզրակացությունների վերաբերյալ գիտաժողովը:

Սամվել Հարությունյանի խոսքով` հատկացված բյուջեի զգալի մասը ծախսվում է հիմնարար գիտություններին վերաբերող հետազոտությունների վրա, ինչն էլ ապահովում է հաջողություններ կիրառական ոլորտի զարգացման համար: Կիրառական ոլորտն էլ, իր հերթին, պետք է գումար աշխատի և ուղղի հիմնարար գիտությունների զարգացմանը:

Հարցին, թե ո՞ր ծրագրերն է համարում հաջողված, որո՞նք կարող են կիրառվել տնտեսության մեջ, Սամվել Հարությունյանը պատասխանեց, որ կարող է առանձնացնել այն ծրագիրը, որը միտված էր ՓՄՁ զարգացմանը, այն Ռուսաստանում հայտնի է որպես Բորտնիկի ֆոնդ: Անցյալ տարի գիտության պետական կոմիտեն Բորտնիկի հետ ստորագրել է համաձայնագիր, ֆինանսավորվել են 6 ծրագրեր: Ծրագրի արդյունքը նոր ձեռնարկությունների ստեղծումն է կա'մ Ռուսաստանում, կա'մ Հայաստանում:

Ըստ նրա` Հայաստանը գումարներ է շահել նաև «Հորիզոն 2020»-ից` մոտ 3 միլիոն եվրոյի չափով: Հաջողված ծրագրերից Հարությունյանը մատնանշեց մոլեկուլյար դեղաբանության ոլորտին, լազերային ոլորտին ու գյուղատնտեսությանը վերաբերող ծրագրերը: Մասնավորապես` գյուղատնտեսության մեջ հաջողված է ոչ սպիտակուցային ամինաթթուների հիման վրա պարարտանյութերի ստեղծման ծրագիրը, որն այսօր պատրաստ է կիրառման: «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է այդ ծրագիրը: Նա խոստացել է ապահովել դրա կիրառությունը գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Ըստ նրա` ֆինանսավորվել է մեկ ֆիլմի նկարահանում: Այն համշենահայության մասին է: Հեղինակը պետհամալսարանի աշխատակցուհի է: Ֆիլմը Կանադայում մրցանակ է ստացել: