Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւանում ներկայացվել է տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակի կողմից «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» (ՊԱԳՀ) բյուջետային ծրագրերի գնահատման զեկույցի արդյունքները: Լրագրողների հետ զրույցում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Կարինե Հարությունյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց:
Պարզվում է՝ պարարտանյութի գինն արհեստականորեն ուռճացված է. առնվազն 35 տոկոս էժան գնով պարարտանյութը գյուղացիներին հանձնելու հնարավորություն կա: Պարարտանյութը հարևան Վրաստանում 2 անգամ էժան է, իսկ Հայաստանը սիլիտրա տեսակի պարարտանյութը ներմուծում է հենց Վրաստանից: Ըստ Հարությունյանի, գնային իրավիճակը փոխելու հնարավորություններ կան, բայց կառավարությունը դրանից չի օգտվում, քանի որ մատակարար կազմակերպությունը մրցույթի արդյունքում չի ընտրվում, այլ միայն կառավարության որոշմամբ: «Այդ մի կազմակերպության պարարտանյութը ծածկում է ամբողջ շուկան»,- ընդգծեց Հարությունյանը եւ նկատեց, որ ըստ գիտնականների և ոլորտի մասնագետների, պետք է զարկ տալ ներքին արտադրությանը:
Օքսֆամ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն էլ նշեց, որ գյուղատնտեսական ոլորտում բյուջետային ծրագրերի գնահատումը բացահայտել է, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն: Ըստ Հակոբյանի, ցանկալի կլիներ, որ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները (ԳԱՄԿ) առավել կոմպլեքս ծառայություն մատուցեն: «Ըստ կարիքի՝ նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարելու, իսկ ըստ պահանջարկի լինեն վճարովի ծառայություններ: Քանի որ ԳԱՄԿ-երը գնում են ինքնաֆինանսավորման, առավել ևս անհրաժեշտ է, որ այդ ծրագիրն ունենա իր տեսլականը՝ կենտրոնացնել հանրապետական աջակցության կենտրոնում կամ գյուղապետարաններն առանձին ունենա մասնագետներ»,- նշեց Հակոբյանը եւ հավելեց, որ թեեւԳԱՄԿ-երի կողմից խորհրդատվություններ տրվել են, բայց հետաքրքրվողները ընդամենը 20 տոկոս են կազմում:
Խոսելով պարարտանյութի խնդրի մասին, Հակոբյանը եւս շեշտեց տեղականն ունենալու կարեւորությունն ու արդյունավետությունը. եւ որակը կարող է ավելի լավը լինել եւ գինն՝ ավելի էժան: « Մեր մեկ այլ առաջարկություն վերաբերել է գնման գործընթացը ավելի թափանցիկ դարձնելուն, որ բոլորին հնարավորություն տրվի մասնակցել մրցույթին և կատարել գնումները»,- ընդգծեց Հակոբյանը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն էլ թեեւ խոստովանեց, որ թերացումներ ծրագրի մեջ կան, բայցեւ վստահեցրեց, որ կա համապատասխան հանձնարարություն՝ վերանայել ծրագրի շարունակման և սուբսիդավորման մեխանիզմները: Անդրադառնալով մրցակցության բացակայությանը, փոխնախարարը նշեց, որ 2016 թվականի համար հայտարարվել է բաց մրցույթ, ներկայացվել են հայտեր, այդ թվում և մեկ ռուսական կազմակերպության կողմից, որին Մասիս Բեյրությանը պարտվել է 20 ցենտով: 2017թ-ի հետ կապված էլ, ըստ փոխնախարարի, կա հանձնարարություն՝ փորձել գտնել ավելի ճկուն մեխանիզմներ: «Ցանկալի է, որ մենք ունենանք տեղական արտադրության բարձրորակ, ինքնարժեքով մատչելի արտադրանք, որպեսզի մեր գյուղմթերքը լինի իրացվելի, մրցունակ ու ինքնարժեքով ցածր»,-վստահեցրեց Հարությունյանը:
Հարցին, թե ինչու չի օգտագործվում Վանաձոր քիմպրոմի ռեսուրսը, փոխնախարարն ընդգծեց, որ երկու ձեռքով է այդ մտքին կողմ, քանի որ այդ կերպ կլուծվի նաեւ աշխատատեղերի խնդիրներ: Փոխնախարարը սակայն ընդգծեց նաեւ, որ այս խնդրով պետք է դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: