կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 18:08
Քաղաքական

Իմ՝ նորմալ կամ աննորմալ վերաբերվելը ոչ մի բան չի փոխում. Մնացականյանը՝ Նաիրի Սահակյանի առաջադրման մասին

 Իմ՝ նորմալ կամ աննորմալ վերաբերվելը ոչ մի բան չի փոխում. Մնացականյանը՝ Նաիրի Սահակյանի առաջադրման մասին

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզից ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվող թեկնածուներից է նաև Մնացական Մնացականյանը, ով հիմա էլ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է: Yerkir.am-ի հետ զրույցում Մնացականյանն ասաց՝ թեև ինքը ցանկանում է առաջիկա խորհրդարանում լինել, առաջադրել իր թեկնածությունը, բայց իր այդ քայլը կախված է միայն ու միայն կուսակցության որոշումից:

«Դեռ հստակություն չկա, որևէ բան կոնկրետ չէ, չեմ կարող հստակ բան ասել»,- ասաց նա:

Մնացականյանից հետաքրքվեցինք՝ կարծում է` ժողովուրդը պատրա՞ստ է իրենց մարզից առաջադրվող թեկնածուների շարքում տեսնել նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ Նաիրի Սահակյանին, որի անունը մշտապես ասոցացվում է աղմկահարույց դեպքերի հետ:

«Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր թեկնածուին: 7-17 թեկնածու է առաջադրվելու, հիմա թող ժողովուրդը նդրանց միջից ընտրություն կատարի: Կուսակցությունն է որոշում, այնպես որ`  դա մի մասնավոր անձի խնդիր չէ:  Դրան նորմալ վերաբերվեմ, թե` ոչ, դա արդեն կարևոր չէ: Իմ՝ նորմալ կամ աննորմալ վերաբերվելը ոչ մի բան չի փոխում: Իսկ Նաիրի Սահակյանի մասով էլ ասեմ՝ ժողովուրդն ընտրությունների օրը կորոշի` ում պահանջն ունի, ի՞նչ ասեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկություն չունի ժողովրդի շրջանում հարցում կազմակերպել՝ հասկանալու՝ ուզո՞ւմ է տեսնել Նաիրի Սահակյանի թեկնածությունը, թե՞ ոչ:

Նշենք, որ վերոնշյալ ՀՀԿ-ականների ջրերը մի առվով չեն հոսում: Թե ի՞նչ կլինի ընտրությունների ժամանակ, պարզ չէ: