կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-20 15:08
Քաղաքական

Անսպասելի կամ զարմանալի չէ. Ռուստամյանը` վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հավանական առաջադրման մասին

Անսպասելի կամ զարմանալի չէ. Ռուստամյանը` վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հավանական առաջադրման մասին

Մեզ համար անսպասելի կամ զարմանալի չէ, որ այդպիսի առաջադրում կարող է լինել, թեև պաշտոնապես դեռ չկա. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որում նա չէր բացառել, որ կառաջադրվի ՀՀ վարչապետի պաշտոնում:

«Սա մեզ համար բացարձակապես անսպասելի չէ: Եթե այսպիսի ընթացք էլ լինի, դրա իրավունքը վերապահված է ՀՀԿ-ին, մենք հարգանքով կվերաբերվենք նրանց առաջարկին»,- հայտարարեց նա:

Ռուստամյանը նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն ի սկզբանե հայտնել է տեսակետ, որը մինչ հիմա էլ չի փոխվել: «Մենք չենք բացառել, որ Սերժ Սարգսյանը կառաջադրվի այդ պաշտոնում: Մենք սահմանադրական փոփոխություններն էլ, ի տարբերություն շատերի, դրանով չենք պայմանավորել: Մենք մեր «այո»-ն ասել ենք` անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանը հետագայում կդառնա՞ վարչապետ, թե՞ չի դառնա, որովհետև խորին համոզում ունենք, որ այդ իրավիճակն արդեն փոխված է, և նույն Սերժ Սարգսյանն իր լիազորությունները կորցրել է` որպես նախագահ, այսինքն` երկիրն այլևս չունի միանձնյա ղեկավարի վիճակ»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Հարցին` հանրապետականներն ասում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ՀՅԴ-ում է՞լ են այդ կարծիքին, նա պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ չկան, և ՀՅԴ-ն այդ տեսակետից հարցին չի մոտենում: «Որ Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ. տասը տարի եղել է երկրի ղեկավար, ամենակարևոր հարցերի մեջ առաջնային դիրքերում է եղել, սա ինքնին շատ մեծ փորձառություն է ենթադրում: Ես շատ դրական եմ համարում այն, որ Սերժ Սարգսյանն իր թիվ մեկ գործը համարում է փորձը նոր սերունդներին փոխանցելը: Դա իսկապես անհրաժեշտություն է, եթե որևէ մեկին թվում է, թե  ինչ-որ նոր մեկը կգա այդ պաշտոնում, անկախ նրա ունեցած գիտելիքներից ու ունակություններից, և լուրջ խնդիրների առջև չի կանգնի, չարաչար սխալվում է, փորձը շատ մեծ նշանակություն ունի այս պրոցեսների մեջ»,- ընդգծեց դաշնակցականը:

Ռուստամյանը նշեց նաեւ, որ փոփոխություններն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող տեղի ունենալ: «Չնայած սա մեր պահանջն է եղել և մոտեցումը, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էր, եթե Սերժ Սարգսյանը չհամաձայներ, փոփոխություններ տեղի չէին ունենա, մանավանդ, հաշվի առնելով այն միանձնյա ղեկավարման համակարգը, որ Հայաստանում գոյություն ուներ: Մենք այդքանն արդեն համարում ենք բավարար, որ հարգենք թե' նրա անձը, թե' նրա` կայացվող որոշումը»,- շեշտեց նա:

Հարցին` Սերժ Սարգսյանի` երկրի ղեկավարի պաշտոնում մնալը համահո՞ւնչ է Դաշնակցության նախընտրական կարգախոսին` «Նոր սկիզբ, արդար Հայաստան», այսպիսի՞ արդար Հայաստան էր ուզում ՀՅԴ-ն, Ռուստամյանը պատասխանեց, որ դեռ արդարություն չի հաստատվել, բայց արդարություն հաստատելու սկիզբը դրված է, և դրանում իրենք համոզված են:

«Այն ժամանակ էլ քննարկվում էին տարբեր տեսակետներ` ընդհուպ մինչև` Սերժ Սարգսյանը կմնա կուսակցության ղեկավարը, և քիչ էր մնում` նրա զրկեին քաղաքացիությունից: Այդ ծայրահեղությունները մեզ համար անընդունելի են եղել ի սկզբանե, սկիզբը դրվել է նրանով, որ արմատական փոփոխություններ են ընթացքի մեջ դրված, ամեն ինչ պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով, դրանով էլ հիմք է դրվել նոր ժողովրդական մեխանիզմների ամրագրման»,- ասաց նա և շեշտեց, որ իրենց հույսը ոչ թե անձինք են կամ անձանց փոփոխությունը, այլ համակարգի փոփոխությունն է:

Ռուստամյանը նշեց, որ երկիրը «ծռվեց» այն ժամանակ, երբ 1991 թվականին Գերագույն խորհուրդը փոխարինվեց նախագահական համակարգով: «Եթե ուզում եք իմանալ, հենց այդտեղից էլ ծռվեց երկիրը: Փոփոխությունների և պատճառահետևանքային կապի մասին պետք է ճիշտ դատել, որպեսզի կարողանանք լուծումները ճիշտ գտնել: Դրա համար էլ մենք ասում ենք` շտկվել է երկրի ընթացքն այս փոփոխություններով, և բացարձակապես կարևոր չէ, թե նախորդ նախագահներից ով որտեղ կգտնվի, այդ ամենն անձով բացարձակ պայմանավորված չէ: Մեզ համար կարևորն այն է, որ սկիզբ է դրվել երկիրն այս վիճակից հանելու գործընթացին, և սա, իսկապես, բերելու է ճիշտ արդյունքների, դրական լուծումների»,- եզրափակեց նա: