կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 10:40
Քաղաքական

Մենք չենք քննարկել որևէ փաստաթուղթ կամ որևէ բան, որն արտահայտված չէ փաստաթղթի մեջ. Մնացականյանը՝ Մոսկվայում «Լավրովի պլանը» քննարկելու մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Առաջին լրատվականի» տված հարցազրույցում անդրադարձել է Լավրովի նախաձեռնությամբ կայացած ՀՀ-ի և Ադրբեջանի նախարարների մոսկովյան վերջին հանդիպման նպատակներին և «Լավրովյան պլան» ասվածին: 

«Հիմքը եղել է՝ լրացնել մանրամասներով այն, ինչի շուրջ համաձայնվել են մեր ղեկավարները՝ մեր Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի նախագահը: Եվ արդյունքն արտահայտված է հենց հայտարարության մեջ»,- ասել է Մնացականյանը:

Դիտարկմանը՝ հայտարարության մեջ չի երևում, որ դուք քննարկել եք նաև 2016 թվականի «Լավրովյան պլանը», այսպես ասած՝ ԱԳ նախարարն արձագանքել է՝ չի՞ երևում, իսկ ինչո՞ւ պետք է երևար:

Հակադարձմանը՝  դե դա հետո գաղտնազերծվեց, եթե կարելի է այդ բառն օգտագործել, Մնացականյանը պատասխանել է. «Դա չգաղտնազերծվեց, դա մեկնաբանություն էր: Մենք կարողացել ենք բանակցել և գալ համատեղ հայտարարության։ Եվ երբ մենք եկել ենք համատեղ հայտարարության, ես չեմ տեսել անհրաժեշտություն՝ քննարկելու կամ լրացուցիչ մեկնաբանելու, որովհետև այդ հայտարարության մեջ արտահայտված է այն, ինչ որ մենք քննարկել ենք։ Մենք չենք քննարկել որևէ փաստաթուղթ կամ որևէ բան, որն արտահայտված չէ փաստաթղթի մեջ։ Մենք քննարկել ենք սկզբունքներն ու մոտեցումները։ Ես ուզում եմ շատ կոռեկտ լինել, թե ինչու էր պետք այդ լրացուցիչ մեկնաբանությունը իմ գործընկերոջ կողմից, ես կնախընտրեմ կռոեկտ լինել և չընկնել լրացուցիչ մեկնաբանությունների մեջ, որովհետև շատ էական է ինձ համար նաև պահպանել այն միջավայրը, որի մեջ մենք միասին աշխատում ենք»:

ՀՀ արտաքին գործերի նախարարը վստահեցրել է՝ որևէ փաստաթուղթ մենք չենք քննարկել, որևէ փաստաթուղթ մենք այսօր չենք բանակցում:

«Այսպես կասեմ, որ չարժեր։ Անիմաստ էր, որովհետև, կրկնեմ, մենք ունենք մեր սկզբունքներն ու մոտեցումները, որոնք մենք քննարկել ենք։ Որևէ փաստաթուղթ մենք չենք քննարկել, որևէ փաստաթուղթ մենք այսօր չենք բանակցում, այսօր մենք այդ փուլում չենք: Եվ կարծում եմ, որ բավարար թափանցիկ ենք մենք, համենայն դեպս՝ Հայաստանը, և շատ հստակ ենք այդ ամենի մեջ. վարչապետը առավել ևս շատ ընդարձակ է խոսում մոտեցումների և սկզբունքների մասին։ Ամեն անգամ Հայաստանի մասին խոսելն և ընդարձակելը նույնպես մանդատի իրականացում է․ ինչպես ենք մենք մոտենում, ինչպես ենք մենք հավատարիմ այդ մանդատին և ինչպես ենք կարող արդյունավետ աշխատել, շարժվել առաջ՝ մեր մանդատի շրջանակներում։ Այդ առումով է, որ ես ուղղակի կհրաժարվեմ որևէ այլ կերպ մեկնաբանել։ Գիտեք, շատ հրապուրիչ կլինի ընդարձակվելը և ավելին ասելը, որոնք անդրադառնում են իմ մյուս կողմի գործընկերոջ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածին»,-ընդգծել է նա: